Արտարժույթի ո՞ր փոխարժեքները պետք է օգտագործել տարբեր արժույթներ ունեցող երկրների հարստությունը կամ եկամուտները համեմատելիս: Թեև արտարժույթի ընթացիկ փոխարժեքները կարող են անկայուն լինել, բայց գնողունակության համարժեքության (Purchasing Power Parity) փոխարժեքներն էլ կարող են լիովին ապակողմնորոշել:
Ինչպես պատկերված է Աղյուսակ 1-ում, գնողունակության համարժեքության փոխարժեքները զարգացող շուկաներում մշտապես թերարժևորված են, միջինը՝ 100%-ից ավելի: Երբ որևէ բան տասնամյակներ ի վեր «թերարժևորված» է, ակնհայտ եզրակացությունն այն է, որ գնահատման մոդելը սխալ է:
Աղյուսակ 1. Ընթացիկ և գնողունակության համարժեքության փոխարժեքների միջև տարբերությունը զարգացող երկրներում
Աղբյուր՝ IMF
Ինչպես պատկերված է Աղյուսակ 2-ում, զարգացած երկրների դեպքում գնողունակության համարժեքության փոխարժեքները մոտ են փաստացի փոխարժեքներին: Որքան էլ տարօրինակ է, գնողունակության համարժեքության ցուցանիշը հազվադեպ է կիրառվում զարգացած տնտեսությունների դեպքում: Հիմնականում իրական փոխարժեքները կիրառվում են զարգացած երկրների, իսկ գնողունակության համարժեքության ցուցանիշը՝ զարգացող տնտեսությունների դեպքում:
Աղյուսակ 2. Ընթացիկ և գնողունակության համարժեքության փոխարժեքների միջև տարբերությունը զարգացած երկրներում
Աղբյուր՝ IMF
Այն փաստը, որ գրեթե բոլոր զարգացող երկրների արժույթները մշտապես թերարժևորված են, և խոսքը զգալի ծավալի մասին է, առնվազն տեսական մակարդակում պետք է նշանակի, որ զարգացող տնտեսություններն ունեն սրընթաց գնաճի մակարդակ: Ինչպես պատկերված է Գծապատկեր 1-ում, գնաճը շարունակաբար նվազել է գրեթե բոլոր զարգացող տնտեսություններում՝ չնայած «թերարժևորված» փոխարժեքներին:
Գծապատկեր 1. ՍԳԻ գնաճ
Աղբյուր՝ World Bank
Եզրակացություն
Ուստի, զարգացող տնտեսությունների պարագայում գնողունակության համարժեքության ցուցանիշի հետ առնչվելիս պետք է զգուշություն ցուցաբերել: Դրանք հաճախ չեն արտացոլում իրականությունն ու օգտագործվում են նրանց կողմից, ովքեր փորձում են արհեստականորեն արժեզրկել այս կամ այն զարգացող տնտեսության արժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ: Պետք չէ բարդացնել, օգտագործեք իրական փոխարժեքները:
Դավիթ Թավադյան
Նյութի սկզբնաղբյուրը` futures-studio.org։