Համաշխարհային բանկի՝ Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների գարնանային զեկույցում կանխատեսվում է, որ Հայաստանում աճը 2021 թվականին կհասնի 3,4%-ի` նախորդ տարվա 7,6% գնահատված անկումից հետո: Սակայն աճի այս միտումը փոխկապակցված է երկրում COVID-19-ի հետագա մեղմացման և հետպատերազմյան իրողությունների հանգուցալուծման հետ:
Զեկույցում նշվում է, որ վերականգնումը դանդաղ կլինի. մինչև 2023 թվականը տնտեսությունը դժվար թե վերադառնա արտադրության նախաքովիդյան մակարդակին: Հիմնական սցենարը ենթադրում է, որ իշխանությունները լրացուցիչ արգելափակումներ և սահմանափակումներ չեն մտցնի 2021թ․ ընթացքում: Թեև պատվաստումների տեմպերը աստիճանաբար կաճեն, իշխանությունները չեն դիտարկում պատվաստել բնակչության զգալի մասին մինչև 2022 թվականը: Հիմնական սցենարը նաև ենթադրում է քաղաքական կայունության բարելավում։
Ակնկալվում է, որ մասնավոր սպառումը և ծառայությունների ոլորտը աստիճանաբար կվերականգնվեն: Մասնավոր ներդրումները, ամենայն հավանականությամբ, կմնան զսպված, որն արտացոլում է ներդրողների թույլ վստահությունը։ Հետպատերազմյան ժամանակաշրջանի բարձր ծախսերը և պետական ներդրումների հավակնոտ ծրագրերը կպահպանեն բարձր բյուջետային դեֆիցիտը և կհանգեցնեն նրան, որ պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ միջնաժամկետ հեռանկարում կգերազանցի 70 տոկոսը։
Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ միջին գնաճը, 2021 թվականին կլինի Կենտրոնական բանկի 4-տոկոսանոց նպատակային ցուցանիշին մոտ, սակայն կարող է կտրուկ աճել, եթե պարենի և վառելիքի համաշխարհային գները շարունակեն անսպասելիորեն աճել:
Ընթացիկ հաշվի դեֆիցիտը, ըստ կանխատեսումների, 2021-23 թվականներին կլինի ՀՆԱ-ի մոտ 5-6 տոկոսի սահմանններում, քանի որ պահանջարկի վերականգնումը կխթանի ներմուծման աճը, իսկ համաշխարհային տնտեսության վերականգնումը կխթանի արտահանումն ու դրամական փոխանցումները: Ակնկալվում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը քիչ կլինի, սակայն պետական փոխառությունները միջնաժամկետ հեռանկարում պահուստները կպահպանեն անհրաժեշտ մակարդակի վրա:
Ըստ գնահատականների՝ COVID-19-ի բռնկումը կործանարար ազդեցություն է ունեցել խոցելի տնային տնտեսությունների համար։ Կանխատեսումները ենթադրում են, որ 2021 թվականին բնակչության 48 տոկոսը ցածր կմնա աղքատության գծից (5,5 դոլար` հաշվարկված 2011թ․ գնողունակության համարժեքությամբ), ինչը պայմանավորված է եկամուտների կորստով:
Հեռանկարին առնչվող ռիսկերը գնահատված են նվազման ուղղությամբ։ Դրանք ներառում են համաճարակի զսպման գործում առաջընթացի և պատվաստումների տեմպերի անորոշությունը, հիմնական առևտրային գործընկերների, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, թույլ տնտեսական վերականգնումը, աշխարհաքաղաքական փխրունությունը և բարձր քաղաքական անորոշությունը: