Կլաստերը (անգլ. cluster – կուտակում, փունջ) մի քանի միասեռ տարրերի միավորում է, որը կարելի է դիտարկել որպես որոշակի հատկություններով ինքնուրույն միավոր։ Տնտեսագիտությունից բացի այն կիրառվում է մի շարք բնական գիտություններում։ Առաջին անգամ «կլաստեր» եզրույթը օգտագործվել է մաթեմատիկայում, երբ 1930-ական թվականներին ձևավորվեց բազմակողմանի տվյալների կլաստերային վերլուծության ապարատը։
Տնտեսագիտության մեջ այդ եզրույթը ներմուծվեց Մ. Փորթերի կողմից, և նրա տեսության համաձայն՝ կլաստերը աշխարհագրորեն հարևան փոխկապակցված ընկերությունների (մատակարարներ, արտադրողներ և այլն) և դրանց հետ կապված կազմակերպությունների (կրթական հաստատություններ, պետական կառավարման մարմիններ, ենթակառուցվածքային ընկերություններ և այլն) խումբ է, որոնք գործում են որոշակի ոլորտում և փոխլրացնում են միմյանց։
Նորարարության կլաստերները (COI) գլոբալ տնտեսական «թեժ կետերն» են, որտեղ նոր տեխնոլոգիաներն աճում են զարմանալի տեմպերով և կապիտալի, փորձի ու տաղանդի ամբողջությունը խթանում է նոր ճյուղերի և բիզնեսի նոր ձևերի զարգացումը: Դրանք կենսունակ, «փրփրուն» էկոհամակարգեր են, որոնք բաղկացած են ստարտափերից, դրանց աջակցող բիզնեսներից և կայացած, հասուն ձեռնարկություններից:
Նորարարության վրա հիմնված բիզնես կլաստերին սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել 1990-ականներին, մասնավորապես՝ պրոֆեսոր ԱննաԼի Սաքսենիանի աշխատանքի միջոցով, ով նկարագրեց նորարարական կլաստերի երկու հաջող մոդելների՝ Բոստոնի և Սիլիկոնային հովտի տարբերությունները, և ով կանխատեսեց Սիլիկոնային հովտի վերջնական գերակայությունը:
Սիլիկոնային հովիտը թռչնի թռիչքի բարձրությունից
«Նորարարության կլաստեր» տերմինը սկսեց ավելի շատ տարածվել, բայց այնուամենայնիվ չուներ սահմանում։
2009թ.-ին հետազոտողներ Էնգելը և դել-Պալասիոն ընդլայնեցին Փորթերի սահմանումը՝ ուրվագծելու համար նորարարության կլաստերի գլոբալ կառուցվածքը, որը բիզնես-կլաստերները նկարագրում է հիմնականում ոչ թե ճյուղային մասնագիտացմամբ, այլ կլաստերի բաղադրիչների զարգացման և նորարարության փուլով: Չնայած նորարարական կլաստերում գոյություն ունեն ճյուղային կոնցենտրացիաներ, սակայն դրանք չեն հիմնական որոշիչը, այլ ավելի շատ բաղադրիչների բնույթն ու «վարքն» են. նոր ընկերությունների արագ առաջացում, նոր տեխնոլոգիաների առևտրայնացում, նոր շուկաների ստեղծում և համաշխարհային շուկաների հասցեագրում:
Կենտրոնանալով Սիլիկոնային հովտի վրա՝ որպես կլաստերի հնատիպի, Էնգելը և դել-Պալասիոն սկսեցին խորությամբ ուսումնասիրել, թե ինչպես է առաջացել Սիլիկոնային հովիտը, ինչ ինստիտուտներ են նպաստել դրա զարգացմանը և ինչպես է այն գործում այսօր:
Երեք հիմնական բաղադրիչներ՝ համալսարանները, կառավարությունը և ձեռնարկատերերը, կարևոր պատմական դեր խաղացին այս փոքրիկ գյուղատնտեսական հովիտը գյուտի և բիզնեսի կենտրոնի վերափոխելու գործում, որն այժմ գտնվում է Սան Ֆրանցիսկոյի հյուսիսում և Իսթ Բեյի միջանցքում:
Համալսարաններ
19-րդ դարի վերջին Բերկլիում հիմնադրված Կալիֆոռնիայի համալսարանը (իր դուստր համալսարանի՝ UC San Francisco-ի հետ միասին) և Պալո Ալտոյի Սթենֆորդի համալսարանը սկզբնապես հիմնված էին գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և մեխանիկայի վրա: Այնուամենայնիվ, 1900-ականների սկզբին այս համալսարաններն ընդլայնվեցին՝ ինտեգրելով բիզնեսն ու կրթությունը, իսկ Սթենֆորդը դարձավ հեռախոսի, էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնոլոգիաների առևտրայնացման առաջատարը։ Մասնավոր հատվածի հետ համալսարանների բաց համագործակցությունը օգնեց վաղ հիմնված բարձր տեխնոլոգիական ընկերությունների ծաղկմանը և շարունակում է տանել այդ դերը մինչ այսօր։ 1951թ.-ին պրոֆեսոր Ֆրեդ Թերմանը գլխավորեց Սթենֆորդի արդյունաբերական պարկի (այժմ՝ Սթենֆորդի հետազոտական պարկ) ստեղծումը՝ համագործակցելով խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են General Electric-ը, IBM-ը, Eastman Kodak-ը, Lockheed-ը, Varian-ը և Hewlett-Packard-ը: Այսօր Պարկում գործում են 150-ից ավել ընկերություններ, ավելի քան 23,000 աշխատակիցներով` էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման, բիոտեխնոլոգիայի և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում:
Սթենֆորդի արդյունաբերական, այժմ՝ հետազոտական պարկի մի հատվածը
Կառավարություն
Սիլիկոնային հովտի վաղ զարգացման երկրորդ հիմնական դերակատարը Միացյալ Նահանգների կառավարությունն էր: Սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից և շարունակելով Սառը պատերազմով՝ ռազմական հետազոտություններ կատարելու նպատակով պետությունը ֆինանսավորեց համալսարանների (էլեկտրոնիկա Սթենֆորդում և բարձր էներգիայի ֆիզիկա Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում), ազգային լաբորատորիաների (Լոուրենս Բերկլի և Լոուրենս Լիվերմոր ազգային լաբորատորիաներ, Սթենֆորդի գծային աքսելերատոր) և Սիլիկոնային հովտի մասնավոր ընկերությունների ինժեներական ջանքերը:
Ռազմական պայմանագրերը օգնեցին ստեղծել նոր կորպորացիաներ, որոնք պետք է դառնային Սիլիկոնային հովտի հիմնասյուները, այդ թվում` Hewlett-Packard-ը և Varian-ը: Սառը պատերազմի և ԽՍՀՄ-ի հետ տիեզերական մրցավազքի ժամանակ (մասնավորապես, 1957թ․ ԽՍՀՄ-ի կողմից Սպուտնիկ 1 հրթիռի գործարկումից հետո) Lockheed Missiles and Space-ը դարձավ հովտում ամենամեծ գործատուն: Հովտում մարտական զենքի և ավիատիեզերական հետազոտությունների համար պետական երկարաժամկետ ծախսերը կարող են համարվել որպես այս տեխնոկենտրոն նորարարական կլաստերի առաջացման կարևոր խթանիչ գործոն:
1980 թվականին կառավարության քաղաքականության մեջ փոփոխություն կատարելը (Bayh-Dole Act կամ Արտոնագրերի և ապրանքային նշանների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենք) համալսարաններին թույլ տվեց ստանալ հեղինակային և սեփականության իրավունք իրենց գյուտերի նկատմամբ։
Առևտրայնացման իրավունքի այս փոխանցումը ձեռներեցների և ներդրողների համար բացեց լայն հնարավորություններ ու պետական հետազոտությունների առևտրայնացման նոր ալիք բարձրացրեց, որով հետազոտությունն ուղղակիորեն չէր ֆինանսավորվում միայն պետության կողմից, այլ նաև մասնավոր ներդրողների կողմից:
Ձեռներեցներ
Աշխատուժը ոչ միայն բարձրագույն կրթություն ունի և տեխնիկապես հմուտ է, այլև չափազանց նորարարական և ձեռնարկատիրական է: 2010թ.-ին Սիլիկոնային հովտի սրտում գտնվող 95054 ZIP կոդն ապահովեց ԱՄՆ-ում բոլոր փոստային կոդերի ամենաշատ արդյունաբերական արտոնագրերը: Ավելի քան 20,000 արտոնագրերով այն զբաղեցնում էր 17-րդ տեղը աշխարհի բոլոր երկրների համեմատ: Ստարտափերը և դրանց առաջնորդող ձեռնարկատերերը՝ Apple-ը (Ջոբս և Վոզնյակ), Google-ը (Փեյջ և Բրին) և Facebook-ը (Ցուկերբերգ) դարձել են ձեռներեցության խորհրդանիշ: Այս ձեռնարկատիրական ոգին զարգացավ Կալիֆոռնիայի տենդի (California Gold Rush) օրերից, երբ արկածախնդիր մարդիկ իրենց ուշադրությունը սևեռեցին Բեյի տարածքում գտնվող այլ ձեռնարկությունների վրա:
Այս ձեռնարկատերերի տարբերակիչ գիծը մեծ օգուտների դիմաց մեծ ռիսկի դիմելու պատրաստակամությունն էր: Այս ոգին այսօր էլ շարունակում է մնալ: Սիլիկոնային հովտի ձեռնարկատերերը հնարավոր մեծ դրամական միջոցների ներհոսքի հնարավորություններ են փնտրում և պատրաստ են մեծ շահույթներ ստանալու համար օգտագործել կապիտալի արտաքին ֆինանսավորումը: Այս արտաքին կապիտալը բարձր գին ունի և կարող է թուլացնել ձեռներեցների սեփականության իրավունքն ու վերահսկողությունը, բայց կարող է տալ լայն հնարավորություններ: Իրենց ձեռնարկատիրության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու փոխարեն Սիլիկոնյան հովտի ձեռներեցները հաճախ «վերարտադրում» են իրենց (և՛ իրենց հարստությունը և իրենց հարաբերությունները) հետագա ստարտափերի մեջ:
Նման «պրոֆեսիոնալ ձեռներեցները» հիմնական դերակատարներն են, որոնք ապահովում են Սիլիկոնային հովտի անընդհատ ինքնավերականգնումը (self-reinvention) նոր ճյուղերի և տեխնոլոգիաների միջոցով: