Գնաճի արագացման պայմաններում ներդրողներին առաջարկվում է գնել իրական ակտիվներ (հումք, գյուղատնտեսական ապրանքներ, արդյունաբերական և թանկարժեք մետաղներ) և նվազեցնել ֆինանսական ակտիվների (բաժնետոմսեր, պարտատոմսեր) մասնաբաժինը:
Իսկ ավանդաբար լավագույն հակագնաճային ակտիվ է համարվում ոսկին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Technology of the Future միջազգային ներդրումային հիմնադրամի ներդրումների դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Աչկասովը:
Գնաճի ավելացման ժամանակ, ներդրողներին իմաստ ունի ավելացնել իրենց պորտֆելներում իրական ակտիվների մասնաբաժինը: «Դրանց մեջ ներդրումները հնարավոր են ֆյուչերսների կամ բորսայական ֆոնդերի (ETF) գնման տեսքով, որոնք ներդրում են բորսայական ապրանքների կամ ֆյուչերսների մեջ: Հետաքրքիր են նաև ներդրումները անշարժ գույքի մեջ»,- հավելել է փորձագետը:
Ոսկին ավանդաբար համարվում է լավագույն իրական ակտիվը, որը պաշտպանում է գնաճային ռիսկերից, ասում է Աչկասովը: «Ոսկու գնի և գնաճի տեմպի միջև ուղղակի կապ կա. դրանց միջեւ համահարաբերակցությունը պատմականորեն գերազանցել է 90%-ը: Զարգացած երկրներում փողերի անվերահսկելի տպագրությունը և դոլարի թուլացման երկարաժամկետ միտման շարունակությունը կաջակցեն ոսկու գների աճին երկարատեւ հեռանկարում»,- կարծում է նա:
Այնուամենայնիվ, եթե պորտֆելում անհրաժեշտ է պահել ֆինանսական գործիքները, ապա արժե կրճատել պարտատոմսերի մասնաբաժինը հօգուտ բաժնետոմսերի, խորհուրդ է տալիս Աչկասովը:
«Աճող գնաճի պայմաններում պարտատոմսերը սովորաբար էժանանում են։ Գնաճի չափավոր աճը դրական է բաժնետոմսերի շուկաների համար. ընկերությունները բարձրացնում են վաճառքի գները, և իրենց շահույթներն աճում են: Բաժնետոմսերի շուկայում ամենաշահավետ ռազմավարությունը կայուն շահաբաժիններ վճարող ընկերություններում ներդրումներ կատարելն է: Այս իմաստով առավել գրավիչ ոլորտներն են հումքայինը, մետալուրգիականը, բանկայինը և ոսկու արդյունահանումը»,- ամփոփել է փորձագետը:
Նյութի սկզբնաղբյուրը` banks.am: