Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը այս տարվա տնտեսական աճը համարում է հնարավոր, բայց ոչ շատ հավանական։ «Հետքը» նրա հետ զրուցել է տնտեսության ներկա միտումների, ներդրումների, գնաճի և այլ հարցերի շուրջ։
Մեկ օր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի փետրվարի ցուցանիշները, ըստ որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3%-ով։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հիմք ընդունելով այս ցուցանիշը, պնդում է, որ տնտեսությունը վերականգնվում է։ Դուք այդպիսի միտումներ տեսնու՞մ եք։
Պատկերը կախված է ձեր դիտանկյունից։ Եթե համեմատենք այդ ցուցանիշը հունվարի 8․2% անկման հետ, ապա կարելի է դրական դինամիկա տեսնել։ Եթե համեմատենք պարզապես 0 թվի հետ, ապա դեռևս դրական դինամիկա չկա։
Եթե նայենք ճյուղային կառուցվածքին, ապա բոլոր ճյուղերի բացասական խորապատկերի վրա, չնչին 1.1% աճ ունի միայն շինարարությունը, որի աճը փետրվարին էական զարգացումների մասին չի կարող վկայել։ Եթե նայենք տարեկան հեռանկարի տեսակետից, ևս չեմ կարծում, որ թունելի վերջում արեգակի կուրացնող լույսն է՝ ավելի շուտ մառախուղում թույլ առկայծող լույսեր են։ Այս պահին կուտակային 6․7% անկում ունենք։ Կարծում եմ՝ անկում կունենանք նաև մարտին, և միայն անցած տարվա ապրիլի կարանտինի հետևանքով արձանագրված նվազման ֆոնի վրա կարող ենք ունենալ դրական դինամիկա։ Դե ֆակտո, շուրջ 6%-ի կուտակային նվազում կունենանք 1-ին եռամսյակում։ Դա նշանակում է, որ տարվա կտրվածքով աճ ունենալու համար մնացած բոլոր եռամսյակներում պետք է ունենաք ավելի քան 2-2․5% աճ, որը 2020 թվականից նվազող պահանջարկի պայմաններում (շարունակվող անորոշությունների և դրանց սպասումներից բխող) շատ հավանական չեմ համարում, թեև տեսական հնարավորություններ, իհարկե կան։
Ի՞նչ պայմաններում կարող է վերականգնվել Հայաստանի տնտեսությունը։ Հայաստանում օտարերկրյա և տեղական ներդրումներ կարե՞լի է սպասել այս տարի։
Ներդրումներ միշտ պետք է սպասել, հատկապես տեղական։ Սակայն ո՞ր ոլորտներում, ի՞նչ չափի և ո՞ր (ներքին կամ արտաքին) շուկայի սպասարկման համար՝ այլ խնդիր է։ Որոշ ներդրումներ միշտ կլինեն, որովհետև նախկինում սկսված ծրագրեր կան, որոնք ավելի դժվար և ծախսատար է կանգնեցնելը, քան շարունակելը։ Որոշ ներդրումներ անհրաժեշտ են նվազող պահանջարկի պարագայում տնտեսվարողների մրցունակությունը պահպանելու համար։ Ամեն դեպքում, ցերեկով ճրագը ձեռքին պետք է փնտրել բոլոր այդ (հիմնականում տեղական) ներդրողներին և արագ որոշումներ ընդունել՝ հողահատկացման, հանրային ծառայությունների թույլտվությունների, սարքավորումների մաքսային ձևակերպումների աջակցության և այլնի համար։
Տնտեսության վերականգնումն ավելի բարդ խնդիր է, եթե նկատի ունենանք Հայաստանի տնտեսական տարածքը սպասարկող ենթակառուցվածքների ընդգրկման համալիր վերականգնումը։ Անվտանգային և քաղաքական անորոշություններով պայմանավորված՝ այս առումով ես խաղի կանոնները կամ անգամ տեմպը փոխող ներդրումներ այս տարի չեմ ակնկալում։ Եթե խոսքը գնում է տնտեսական անկումից դուրս գալուն և թեև ցածր, բայց դրական աճ գրանցելուն, ապա մեկ տարին տրամաբանական ժամկետ է։ Եթե 2019թ․ մակարդակին հասնելն է, ապա երևի թե շուրջ երեք տարի է անհրաժեշտ։
Հայաստանին այս պահին տնտեսության զարգացման ի՞նչ ծրագիր է պետք, ո՞ր ուղղությունների վրա է պետք կենտրոնանալ։ Ըստ Ձեզ՝ Կառավարությունն այսօր ճի՞շտ ճանապարհով է գնում։
Կարծում եմ, որ տնտեսության զարգացման առաջնահերթությունն այս պահին հնարավորինս լայնատարած պատվաստումն է։ Ցավոք, ո՛չ վարչական, ո՛չ դրան նախապատրաստող հրապարակային քարոզարշավի տեսակետից այս պահին առաջանցիկ քայլեր չեմ տեսնում։
Անցած տարվանից ունենք պահանջարկի անկում, որ արագ չի վերականգնվի, այդ իսկ պատճառով տնտեսության խոշորագույն՝ սպասարկման ոլորտը (հատկապես դրա փոքր և միջին հատվածը) արագ չի վերականգնվի։ Ամենամեծ օգնությունն այստեղ պատվաստումներն են։ Այս պահին աշխարհի ռեկորդակիր Իսրայելի շուրջ 9 միլիոն բնակիչների 60%-ը պատվաստվել է՝ մահերի քանակությունը կրճատելով 99%-ով։ Անգամ այս պարագայում, 2021թ․ այնտեղ դեռևս միայն տնտեսական կայունացում կա, և ոչ թե՝ աճ։
Ավելի երկարատև կտրվածքով՝ տեսնում եմ կապիտալ ծախսերի ավելացման անհրաժեշտություն՝ ընթացիկ ծախսերի հաշվին։ Սակայն սա խիստ դժվար քաղաքական քայլ է, և անկախ նրա ճիշտ լինել-չլինելուց, երբևէ ընտրության գնացող Կառավարությունը նման քայլ չի անի։ Հուսով եմ, որ հետընտրական կառավարությունը կարող է նման դժվար որոշում ընդունել։
Գնաճը Հայաստանում նոր թափ է հավաքում։ Հատկապես սննդամթերքի գների բարձրացումը բնակչության գրպանին ուղիղ հարված է, քանի որ սնունդը սպառողական զամբյուղում մեծ տեղ ունի։ Վերջին տվյալներով՝ այս տարվա փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 5.3%: Սա այն պարագայում, երբ մարդկանց եկամուտները չեն ավելանում։ Ի՞նչ պետք է անեն Կառավարությունն ու ԿԲ-ն այս գնաճը զսպելու համար։ Սա համարվու՞մ է գնաճի վտանգավոր ցուցանիշ։
Գնաճի ընդհանրական մակարդակը, որը մեծ հաշվով պայմանավորված է տնտեսական իրավիճակով, փոխարժեքով, վճարային հաշվեկշռով և այլն, գտնվում է թույլատրելի տիրույթում՝ 4%-ից 1․5 % շեղման միջանցքում։ ԿԲ կանխատեսումներով՝ մեկ տարվա հեռանկարում այն կրկին այդ տիրույթում կլինի։ Առանձին ապրանքների՝ հատկապես սննդամթերքի երկնիշ գնաճն, իհարկե ավելի լուրջ է։ Այս գնաճը հիմնականում գալիս է արտաքին շուկաներից, և դրամավարկային գործիքներով այդ աճը կարճ ժամկետում հարթել հնարավոր չէ։ Կարևորն այստեղ սպասումների խարսխումն է։ Արտաքին առաջարկի շոկի պայմաններում հիմնական գործիքները Կենտրոնական բանկի հաղորդակցումն է և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից գնաճային սպասումներով պայմանավորված հնարավոր չարաշահումների փորձերին արագ արձագանք տալը։ Եթե տնտեսվարողները հավատան, որ այս երկու կառույցներն անպայման արձագանքելու են (ԿԲ-ն՝ գնաճի ընդհանուր մակարդակի բարձրացման մակարդակին և փոխարժեքի կտրուկ տատանումներին, իսկ ՏՄՊՊՀ-ն՝ առանձին ապրանքային շուկաներում հավելադիր գնագոյացմանը), ապա գնաճային սպասումներն արդյունավետորեն կխարսխվեն։ Նման պարագայում նաև սպառողները ապրանքների ավելցուկային պաշարներ չեն կուտակի։
Այս տարվա հունիսին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Սա ի՞նչ հնարավոր ազդեցություն կունենա տնտեսության վրա։
Այստեղ կանխատեսումներ կարող եմ անել միայն ընդհանուր դատողությունների մակարդակում։ Լավագույն դեպքում ընտրությունները կբերեն անորոշությունների նվազման, որը ապագա ներդրումների համար կարող է լուրջ գործոն հանդիսանալ։ Վատագույն դեպքում, դա կբերի անորոշությունների ավելացման և մոտակա տարիներին անհրաժեշտ որոշումների կայացման շարունակական հետաձգման։
Մինչ ընտրությունների կայացումը հիմնականում կլինեն խոստումներ տարբեր ոլորտների աշխատավարձերի և թոշակների բարձրացման վերաբերյալ, որոնք էապես կդժվարացնեն հետընտրական առողջ հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը։ Իսկ ընտրությունների կազմակերպման և քարոզարշավի վրա կատարվելիք ծախսերը չեմ կարծում, որ տնտեսության աշխուժացման վրա կունենան էական ազդեցություն։
Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am: