Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանի ապահովագրական ընկերությունների հավաքագրած ապահովագրավճարները կրճատվել են 9.3%-ով, իսկ փոխհատուցումները՝ 6.8%-ով։
2020 թվականին Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերությունները հաճախորդներից հավաքագրել են ընդհանուր առմամբ` 44.7 մլրդ դրամի ապահովագրավճարներ։ Նույն տարում հաճախորդներին հատուցել են 23.3 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի տրամադրած տվյալները, որոնք ստացվում են ապահովագրական ընկերությունների ֆինանսական հաշվետվություններից։
2019 թվականի համեմատ ապահովագրական ընկերություններն ապահովագրավճարների գծով գրանցել են 4.6 մլրդ դրամի կամ 9.3%-ի անկում։ Իսկ հատուցումները կրճատվել են 1.7 մլրդ դրամով կամ 6.8%-ով։ Ապահովագրական շուկայի այս բացասական միտումները պայմանավորված են 2020 թվականին Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում գրանցված անկումներով, տարվա առաջին կիսամյակում գրանցված տնտեսական մի շարք գործունեությունների սահմանափակումներով։
ԱՊՊԱ համակարգի ներդրումից ի վեր (2010 թվականից) Հայաստանի ապահովագրական շուկայում գերիշխում է ապահովագրության այդ դասը։ Մասնավորապես, 2020 թվականին ԱՊՊԱ-ին է բաժին ընկել ապահովագրավճարների գրեթե կեսը՝ 47%-ը և հատուցումների 58%-ը։ 2019 թվականի համեմատ ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարները կրճատվել են 12.8%-ով, իսկ հատուցումները՝ 8.8%-ով։ Այս անկումը բացատրվում է նաև 2019 թվականին Հայաստան մեքենաների ներմուծման բումից հետո 2020-ին ներմուծման ծավալների շեշտակի նվազմամբ։ Համեմատության համար նշենք, որ ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ եթե 2019 թվականին Հայաստան է ներմուծվել 208.5 հազար հատ մարդատար ավտոմեքենա, ապա 2020 թվականին՝ ընդամենը 14 հազար հատ։
Մի շարք ներմուծողներ հասցրել են վաճառել մեքենաները, այդ թվում՝ օտարերկրացիների, ինչի արդյունքում նվազել է նաև Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակը (այդ մասին հոդվածի երկրորդ հատվածում)։
Ապահովագրական շուկայի մյուս` համեմատաբար խոշոր դասն առողջության ապահովագրությունն է: Վիճակագրության մեջ այն ներկայացվում է որպես անձնական ապահովագրություն։
Կարող էր թվալ, որ նախորդ տարի համավարակի պայմաններում ավելացել են առողջության ապահովագրության ծավալները, սակայն վիճակագրությունն այլ բան է փաստում։ Առողջության ապահովագրության գծով ապահովագրավճարները կրճատվել են 1.5%-ով, հատուցումները՝ 10%-ով։ Սա կարող է վկայել այն մասին, որ թեև համավարակը ստիպել է մարդկանց ավելի շատ օգտվել առողջապահական ծառայություններից, սակայն դրա հետ մեկտեղ մի շարք քաղաքացիներ հետաձգել են պլանավորված այցելությունները, օրինակ՝ ոչ հրատապ վիրահատությունները, հետազոտությունները և այլն։ Այսինքն՝ մի կողմից կորոնավիրուսի հետ կապված ծառայությունների պահանջարկն աճել է, մյուս կողմից՝ վիրուսի հետ առնչություն չունեցող ծառայությունների պահանջարկը նվազել է։
Ապահովագրական շուկայի մյուս տեսանելի դասերից է գույքի ապահովագրումը, որի ծավալները սակայն զգալի զիջում են ինչպես ԱՊՊԱ-ին, այնպես էլ՝ առողջապահության ապահովագրությանը։ Այլ խոսքով՝ Հայաստանի ապահովագրական շուկայում այսօր համեմատաբար զարգացած է ավտոմեքենաների ապահովագրությունը և առողջության։ Մնացած դասերի գծով պահանջարկը բավականին թույլ է։
Ներքևի ինֆոգրաֆիկայում 2019-2020 թվականներին ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարների ու տրված փոխհատուցումների ծավալներն են։ Առանձնացրել ենք երեք հիմնական խոշոր դասերը։
Ի դեպ, ինչպես վկայում են ապահովագրական ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, 2020 թվականին հատուցումների ծավալով առաջին եռյակում են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն է (7.7 մլրդ դրամ), «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն (4.5 մլրդ դրամ) և «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն (3.7 մլրդ դրամ):
10 տարեկան ԱՊՊԱ-ն
Ինչպես տեսանք, ԱՊՊԱ-ն շարունակում է մնալ ապահովագրական շուկայի ամենապահանջված դասը։ 10 տարիների ընթացքում այս համակարգը Հայաստանում աստիճանաբար զարգացել է, պարզեցվել, ներդրվել է պայմանագրերի առցանց կնքման համակարգը։ Պարտադիր բաղադրիչի պահանջով մեծացել է ապահովագրվող մեքենաների քանակը։
2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանում գործող ԱՊՊԱ պայմանագիր ունի 527 716 ավտոմեքենա։ Ինչպես ցույց են տալիս Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները, մեկ տարվա ընթացքում (2019-ի դեկտեմբերի վերջի համեմատ) ապահովագրված ավտոմեքենաների քանակը կրճատվել է 74 741-ով կամ 12.4%-ով։
Ըստ ապահովագրվող մեքենաների քանակի՝ ԱՊՊԱ ոլորտում ամենամեծ մասնաբաժինն ունի «Ռոսգոսստրախ-Արմենիան»։ 2020 թվականի վերջի դրությամբ 527 716 ԱՊՊԱ պայմանագրերի մոտ 33%-ը կնքվել են «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ում։ Հաջորդում են «Նաիրի ինշուրանսը»՝ 21%-ով մասնաբաժնով և «Ինգո Արմենիան»՝ մոտ 15%-ով:
2019-ի տարեվերջի համեմատ ԱՊՊԱ համակարգում «Ինգո Արմենիան» որոշակիորեն զիջել է իր դիրքերը, ինչպես նաև՝ «Ռեսոն» և «Սիլ ինշուրանսը»։ Փոխարենը մեծացել են «Ռոսգոսստրախ-Արմենիայի», «Նաիրի ինշուրանսի» և «Արմենիա ինշուրանսի» տեսակարար կշիռները։
Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից 5-ը հայտնվել է Հանրապետության 2020 թվականի խոշոր հարկատուների ցանկում` միասին վճարելով մոտ 2 մլրդ դրամի հարկեր:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ շուկայի խոշորագույն հարկատուն «Ռոսգոսստրախ-Արմենիան» է 683 մլն դրամի վճարած հարկերով։ Հաջորդում են «Ինգո Արմենիան» (587 մլն դրամ) և «Նաիրի Ինշուրանսը» (370 մլն դրամ):
Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am: