Եթե դուք չեք գնում լաբորատորիա, ապա լաբորատորիան է գալիս ձեզ մոտ։ Երեւանի պետական բժշկական համալսարանի գիտնականները ներգրավված են SCAUT նախագծում, որը լաբորատոր ախտորոշման համար շիճուկների անհատականացված եւ ավտոմատացված նմուշման նորարարական տեխնոլոգիան (Ser-Col) կբերի առողջապահական ոլորտ։
SCAUT-ը Հորիզոն 2020-ի «Արագ առաջընթաց դեպի նորարարություն» մրցույթի հաղթող դրամաշնորհներից, որի համակարգողը Նիդեռլանդների Լաբոնովում կենսատեխնոլոգիական ընկերությունն է։ Նախագծի գործընկեր հաստատություններն են Մոնպելիեի համալսարանը, Blok System Supply B.V. ընկերությունը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը։
Ser-Col-ը շիճուկի անջատման նոր սարքավորում է, որը հեշտացնում եւ համատեղում է ինչպես արյան նմուշառումը, այնպես էլ շիճուկի տարանջատումը: Մատից վերցված մի քանի կաթիլ արյունից կարող է հավաքվել մի քանի ամսվա կայունություն ունեցող շիճուկ, նախքան դրա կլինիկորեն նշանակալի բնութագրիչների անալիզի իրականացումը, ինչի արդյունքում 50%-ով կկրճատվի կենսավտանգավոր թափոնների արտադրությունը: Թիմի գիտնականները նշել են, որ Ser-Col-ը պարզեցնում է շիճուկի նմուշառումը եւ իջեցնում դրա գինը։
Կոնստանտին Ենկոյանը՝ թիմի անդամների հետ
«SCAUT նախագիծը գիտություն-արդյունաբերություն կապի վառ օրինակներից է: Սարքավորման շնորհիվ մարդը կարող է տանը մատից արյուն վերցնել, փոստով ուղարկել լաբորատորիա, որտեղ կորոշեն տարբեր ինֆեկցիաներ: Մի խոսքով՝ լաբորատորիան «գալիս է տուն»: Դա թույլ կտա տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ բոլոր նրանց, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարող այցելել լաբորատորիա, նմուշառումը կազմակերպել տանը: Եթե արդյունքները լինեն գոհացնող, ապա սարքավորումը լուրջ հեղաշրջում կարող է լինել արյան նմուշառման ոլորտում: Այս ամենն ավելի արդիական է դառնում կորոնավիրուսային համավարակի օրերին, երբ սահմանափակված է մարդկանց տեղաշարժը: Մյուս կողմից՝ ժամանակակից գերզբաղված մարդը հնարավորություն կունենա խնայել լաբորատորիա այցելելու ժամանակը»,- Մեդիամաքսին ասել է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ով համակարգում է նախագծի աշխատանքները։
Կոնստանտին Ենկոյանը
Հետազոտության գիտական նպատակն է որոշել վիրուսների դերը որոշ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների եւ նյարդային համակարգի զարգացման պաթոգենեզում: Թիրախ խումբը տարբեր նյարդաբանական խանգարումներ ունեցող պացիենտներն են, մասնավորապես՝ Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությամբ, ցրված սկլերոզով, միասթենիայով, տառապող, իշեմիկ կաթված տարած անձինք, ինչպես նաեւ աուտիզմ ունեցող երեխաները:
SCAUT-ի կոնսորցիումը ընդլայնելու է արտադրությունը, որպեսզի շուկային հասցնի Ser-Col-ի պատրաստի տարբերակը եւ վավերացնի(վալիդացնի) դրա կլինիկական բնութագրի համապատասխանությունը գործող չափորոշիչներին: Շուկայում ներգրավվածություն ապահովելու նպատակով կոնսորցիումը կձեւավորի շիճուկի ավտոմատ վերամշակման հարթակ, որը կունենա օպտիմալ համատեղելիություն այս լաբորատոր ախտորոշիչ սարքավորման հետ եւ դյուրին կդարձնի Ser-Col-ի ընդունումը առողջապահական մասնագետների շրջանում:
«Սա կարագացնի առեւտրայնացումը, կգրավի ներդրողներին եւ կհաստատի տեխնոլոգիայի ամբողջական ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ արդյունաբերական գործընկերային հարաբերություններ»,- նշել է նախագծի վրա աշխատող թիմը։
Նյութի սկզբնաղբյուրը` Մեդիամաքս: