ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի հունվար-փետրվարին 2020 թվականի հունվար-փետրվարի նկատմամբ կազմել է -6․7 տոկոս: 2020թ․ փետրվարի նկատմամբ այս տարվա փետրվարին ՏԱՑ-ը նվազել է 5,3%-ով։
ՏԱՑ-ի նվազմանը (2021 թվականի հունվար-փետրվարին) նպաստել են արդյունաբերությունը՝ -7,9 տոկոս, ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ -12,5 տոկոս անկումներով։ Առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում կրճատվել է 11,3 տոկոսով։
2021 թվականի հունվար-փետրվարին շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,0 տոկոսով։ Գյուղատնտեսության վերաբերյալ ցուցանիշները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2021թ․ հունվար-փետրվարին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12,2 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 5,5, իսկ ներմուծումը՝ 15,8 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը կազմել է 0,8 տոկոս, պետական հատվածում՝ 2,2 տոկոս, ոչ պետական հատվածում՝ 0,4 տոկոս։