Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի նկատմամբ աճել է 19.3 տոկոսով, ընդ որում` արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին՝ կազմելով 43 մլն 653.1 հազար դոլար: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Հայաստանից 2021-ի հունվարին կատարվել է 156 մլն 607.2 հազար դոլարի արտահանում՝ նախորդ տարվա 176 մլն 623.6 հազար դոլարի համեմատ: Այսպիսով տարվա առաջին ամսին արտահանումը նվազել է 11.3 տոկոսով:
Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2021-ի հունվարին կազմել է 44 մլն 794.0 հազար դոլար: ԵԱՏՄ երկրներից արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին՝ 43 մլն 653.1 հազար դոլար, ինչը 2020-ի հունվարի նկատմամբ ավելի է 20.3 տոկոսով: Հունվարին Բելառուս արտահանման ծավալը, սակայն, նվազել է 27.4 տոկոսով, դեպի Ղազախստան արտահանումն աճել է 24.8 տոկոսով:
Հունվարին դեպի Ուկրաինա արտահանման ծավալը նվազել է էականորեն՝ 68.7 տոկոսով՝ կազմելով 458.2 հազար դոլար: Թեև Ուզբեսկտան կատարած արտահանման ծավալը փոքր է՝ 55.3 հազար դոլար, սակայն այն 14.6 անգամ ավելի շատ է, քան 2020-ի հունվարին արտահանվածը:
Դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 36 տոկոսով՝ կազմելով 27 մլն 773.5 հազար դոլար: Սակայն ԵՄ որոշ երկրներ Հայաստանից արտահանումը հունվարին աճել է զգալիորեն: Օրինակ, Ֆրանսիա արտահանման ծավալը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ աճել է 69.7 տոկոսով՝ կազմելով 562.4 հազար դոլար, Գերմանիա՝ 18.7 տոկոսով՝ կազմելով 5 մլն 331.3 հազար դոլար: 2021-ի հունվարին Հայաստանից Իտալիա կատարվել է 2 մլն 283.9 հազար դոլարի արտահանում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 10.7 տոկոսով: Դեպի Չինաստան արտահանումն աճել է 2.6 անգամ:
Զգալիորեն նվազել է արտահանումը դեպի Ճապոնիա՝ 97.7 տոկոսով, Շվեյցարիա՝ 51.1 տոկոսով, հարևան Իրան՝ 36.3 տոկոսով՝ կազմելով 3 մլն 434.9 հազար դոլար, Վրաստան՝ 13 տոկոսով՝ կազմելով 2 մլն 748.6 հազար դոլար:
2021-ի հունվարին Հայաստանից արտահանման ծավալում ամենամեծ մասնաբաժինն ունի հանքահումքային արտադրանքը՝ 60 մլն 899.2 հազար դոլար, այնուհետև պատրաստի սննդի արտադրանքը՝ 31 մլն 113.5 հազար դոլար, հետո՝ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը՝ 19 մլն 861.8 հազար դոլար:
2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ էականորեն՝ 3 անգամ աճել է կոշկեղենի, գլխարկների, հովանոցների արտահանումը՝ կազմելով 144.5 հազար դոլար: 92.6 տոկոսով աճել է փայտի և փայտյա իրերի արտահանումը, 86.3 տոկոսով աճել է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումը՝ կազմելով 2 մլն 491.9 հազար դոլար:
Նյութի սկզբնաղբյուրը` «Արմենպրես»: