Դանիան հրաշալի վայր է ապրելու համար, քանի որ այստեղ բնակվում է աշխարհի ամենաքաղաքակիրթ ու ազատական հասարակություններից մեկը: Ազատությունը դրսևորվում է ոչ միայն տնտեսական հարաբերություններում, այլ նաև կրթական համակարգում` դպրոցներին շնորհելով լայն ինքնավարություն, իսկ աշակերտներին` անկաշկանդ ու ստեղծագործական միջավայրում սովորելու հնարավորություն: Առհասարակ, կրթական համակարգում իր մոտեցումներով ու մեթոդներով Դանիան հարում է հյուսիսի մյուս պետություններին, օրինակ` Ֆինլանդիային ու Էստոնիային:
Շնորհիվ դանիական կրթության սկզբունքների ու մեթոդների` դպրոցն ավարտում են բարոյահոգեբանորեն ու հուզականորեն հասուն ու ստեղծագործող անհատներ: Այնտեղ դասարանի կենտրոնում սովորողն է, ոչ թե ուսուցիչը, ում պետք է պարզապես լսել ու «անգիր անել»: Իսկ ուսուցիչը կարծես սովորողներից մեկը լինի, շատ հաճախ նրան դիմում են անունով: Սովորելու հիմքում ոչ թե հիշողությունն է, ինչպես, օրինակ, չինական, թայվանական կամ մյուս արևելյան դպրոցներում, այլ խնդիրների լուծումը: Աշակերտից ակնկալվում է ոչ թե ինչ-որ բան իմանալ, այլ ինչ-որ բան անել կարողանալ` մի փոփոխություն, որը նշմարվում է նաև մեր կրթական համակարգում՝ շնորհիվ վերջերս մշակված հանրակրթական չափորոշիչների:
Ազատության գոյության պայմաններում երեխայի անհատական զարգացումը դանիական դպրոցի միակ նպատակը չէ: Դանիացի երեխաները նաև շատ համագործակցող են, քանի որ թիմի, համայնքի, միմյանց մասին հոգ տանելու ու օգնելու գաղափարները դանիական կրթության արժեքային հիմքն են: Այնտեղ կարծում են, որ թիմի մասին մտածելը անձնական երջանկություն ու հաճույք է պատճառում մարդուն, քանի որ «հրաշալի է գիտակցել, որ դու, սեփական աճին զուգահեռ, բարձրացրել ես նաև այլոց»:
Դանիան շարունակաբար բարելավում է կրթության որակը: Կրթության ոլորտին են բաժին ընկնում պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 14%-ը, ինչը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 7%-ը: Դանիան ունի հարուստ կրթական պատմություն, սակայն չի բավարարվում իր ժառանգածով. կրթական նորարարություններն ու փորձարարական կրթությունը անբաժան են դանիական դպրոցներից:
Գծ. 1. Դանիայի կրթական համակարգը
Կրթական գործընթացը Դանիայում սկսում է վաղ մանկությունից: Վաղ մանկության ու խնամքի հաստատությունները մանկամսուրներն են, որտեղ հաճախում են 9 ամսականից մինչև 2 տարեկան երեխաները: Ընդգրկվածության աստիճանը շատ բարձր է` գրեթե 98%: Կրթության հետ երեխաների առաջին ծանոթությունը ոչ թե ակադեմիական, այլ սոցիալական հմտությունների ձեռքբերումն է: Սովորում են խաղալ, զարգացնել թիմային հմտությունները, օգնել ու հոգ տանել միմյանց մասին: Իսկ նախադպրոցական կրթությունն իրականացվում է մանկապարտեզներում 3-6 տարեկան երեխաների համար: Այնտեղ երեխաները ծանոթանում են նաև տառերին ու թվերին:
Տարրական և միջին դպրոց
Դանիայում 6 երեխայից 5-ը հաճախում է հանրային դպրոց, որը կոչվում է «folkeskole», թարգմանաբար՝ ժողովրդական դպրոց: Յուրաքանչյուր դասարանում աշակերտների միջին թիվը 20 է, այն չի կարող գերազանցել 28-ը: Երեխաները դասի են շաբաթական 30-35 դասաժամ: Կարող է լինել երկուշաբթիից հինգշաբթի ժամը 7:45-14:00 կամ երկուշաբթիից ուրբաթ՝ 7:45-12:45:
Դանիական ժողովրդական դպրոցը («folkeskole») ներառում է նախադպրոցական կրթության վերջին մի տարին, տարրական (1-6-րդ դասարաններ) և միջին (7-9/10-րդ դասարաններ) դպրոցները: Ժողովրդական դպրոցը շատ երկար պատմություն ունի: Այն ստեղծվել է 1814 թվականին և եղել է յոթամյա: Մինչև 21-րդ դարը հինգ անգամ բարեփոխվել է: Այժմ այն ավելի հաճախակի է բարեփոխվում, վերջին բարեփոխումները տեղի են ունեցել 2014 թվականին:
Ժողովրդական դպրոցում ուսումնասիրում են հումանիտար, բնագիտամաթեմատիկական, գործնական կամ ստեղծագործական հետևյալ առարկաները.
Հումանիտար առարկաներ՝
-
-
-
- Դանիերեն,
- Անգլերեն,
- Քրիստոնեագիտություն,
- Պատմություն,
- Հասարակագիտություն:
-
-
Բնագիտամաթեմատիկական առարկաներ՝
-
-
-
- Մաթեմատիկա,
- Բնագիտություն / տեխնոլոգիա,
- Աշխարհագրություն,
- Կենսաբանություն,
- Ֆիզիկա / քիմիա:
-
-
Գործնական / ստեղծագործական առարկաներ.
-
-
-
- Ֆիզկուլտուրա,
- Երաժշտություն,
- Կերպարվեստ,
- Դիզայն, փայտագործություն կամ մետաղագործություն, տնային տնտեսագիտություն:
-
-
Բացի հիմնական առարկաներից կան նաև որոշակի պարտադիր թեմաներ՝ ինտեգրված այլ առարկաների ուսումնական ծրագրերում: Այդպիսիք են ճանապարհային անվտանգությունը, առողջության, սեռական և ընտանիքի կրթությունը, մասնագիտական կողմնորոշումը և այլն:
Գնահատումը
Դանիական դպրոցում յուրաքանչյուր սովորող ունի իր «Սովորողի ծրագիրը», որը գրավոր տեղեկատվություն է պարունակում աշակերտի` բոլոր առարկաներից ունեցած գնահատականների, ինչպես նաև այդ արդյունքների հիման վրա գործողությունների ծրագրի մասին: Այդպիսի թերթիկներ կազմվում են ամեն տարի, եթե ոչ տարվա մեջ մի քանի անգամ: Իսկ գնահատումը կատարվում է 7-միավորանոց սանդղակով, որը մշակվել է 2007 թվականին` զուգահեռաբար համապատասխանեցվելով «Միավորների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի» (ECTS) սանդղակին։
Գծ. 2. Կրթության գնահատման համակարգը Դանիայում
Դրական գնահատականները անցողիկ են, մնացածի դեպքում աշակերտը պետք է վերահանձնի քննությունը կամ վատագույն դեպքում՝ կրկնի ուսումնական տարին: Սակայն դանիական դպրոցներում քննությունը ձախողելը հազվադեպ երևույթ է, քանի որ նախ քննությունները քիչ են, իսկ հետո սովորական ստանդարտացված թեստային քննություններ չեն. դանիական թեստերն անհատական մոտեցում են դրսևորում սովորողի նկատմամբ, չնայած որ համակարգչային են: Դրանք հարմարվողական (ադապտիվ) թեստեր են, ինչը նշանակում է, որ երբ երեխան սխալ է պատասխանում որևէ հարցի, համակարգը հաջորդիվ նրան առաջարկում է ավելի հեշտ հարց, և ընդհակառակը` եթե ճիշտ է պատասխանում, ավելի բարդ հարց է տալիս: Այսպես հնարավորություն է ստեղծվում երեխային գնահատել ըստ իր անհատական հնարավորությունների:
Դանիական ազգային քննություններն անցկացվում են ոչ միայն ժողովրդական դպրոցն ավարտելիս, այլև ուսումնառության ընթացքում.
- Դանիերեն. 2-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ դասարաններում,
- Անգլերեն. 7-րդ դասարանում,
- Մաթեմատիկա. 3-րդ և 6-րդ դասարաններում,
- Աշխարհագրություն. 8-րդ դասարանում,
- Կենսաբանություն. 8-րդ դասարանում,
- Ֆիզիկա / քիմիա. 8-րդ դասարանում:
Ավարտական քննությունները պարտադիր են, եթե աշակերտը հրաժարվում է 10-րդ կամավոր դասարանից ու ավարտում է 9-րդ դասարանում: Այս դեպքում աշակերտը պետք է հանձնի հինգ պարտադիր քննություն՝ դանիերեն գրավոր և բանավոր, գրավոր մաթեմատիկա, բանավոր անգլերեն, բանավոր ֆիզիկա կամ քիմիա: Ապա պետք է հանձնի ևս երկու առարկա, մեկը՝ հումանիտար գիտություններից պատահականորեն ընտրված, մյուսը` բնագիտական առարկաների խմբից: 10-րդ դասարանը ավարտելու դեպքում նա կարող է չհանձնել քննությունները կամ հանձնել նվազագույնը մի քննություն:
Հիմնական դպրոցի ավարտական վկայականը թույլ է տալիս ընդունվել ավագ դպրոց, որտեղ կան 4 ծրագրեր կամ հոսքեր՝ «stx», «hhx», «htx» և «hf»: Առաջին 3-ը եռամյա են, նախատեսված են 9-րդ դասարանն ավարտողների համար և ապահովում են մուտք դեպի համալսարաններ: Իսկ «hf»-ը երկամյա է, նախատեսված է 10-ամյա դպրոցն ավարտողների համար, ապահովում է մուտք դեպի ակադեմիաների ու համալսարանական քոլեջների բարձրագույն կրթական ծրագրեր, բայց ոչ համալսարան: Ավագ դպրոցն ընտրում է հիմնական դպրոցն ավարտողների 60%-ից ավելին:
Ավագ դպրոցի «stx» ծրագիրը
Սա ընդհանուր ավագ դպրոց է, որը Դանիայում հիմնականում անվանում են գիմնազիա: Ուսումնառության առաջին երեք ամիսներին աշակերտները ուսումնասիրում են դանիերեն, անգլերեն, մաթեմատիկա, հասարակագիտություն, լեզուներ և բնագիտություն: Մնացած տարիներին աշակերտը պետք է ընտրի մասնագիտացում առաջարկվող 18 տարբերակներից, որոնք բնական, հումանիտար կամ սոցիալական գիտությունների ոլորտներից են:
Բացի քննություններից սովորողը պետք է ներկայացնի նաև անհատական աշխատանք, որն ուղղված է որոշակի ոլորտային խնդրի լուծմանը: Անհատական աշխատանքը աշակերտները գրում են ուսումնառության գրեթե ողջ ընթացքում՝ կիրառելով որևէ երկու առարկաների մեթոդներ:
Ավագ դպրոցի «htx» ծրագիրը
Այս ծրագիրն ուսումնասիրում են տեխնիկական քոլեջում: Այն կենտրոնանում է տեխնիկական, բնական գիտությունների և ինֆորմատիկայի վրա: Իհարկե ուսումնական ծրագրում կան նաև օտար լեզուներ ու ընդհանուր առարկաներ:
Ինչպես ընդհանուր ավագ դպրոցում, այստեղ ևս առաջին երեք ամիսներին դրվում է ընդհանուր հիմքը: Աշակերտներն ուսումնասիրում են դանիերեն, անգլերեն, մաթեմատիկա, հասարակագիտություն, բնագիտություն, ապրանքի մշակմանը վերաբերող և այլ առարկաներ: Մնացած ժամանակահատվածում սովորողը նախ ընտրում է մասնագիտացում էլի 18 տարբերակներից (կիրառական բնական գիտությունների, տեխնոլոգիայի, հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում), ապա խորությամբ ուսումնասիրում տեխնիկական գիտությունները, տեխնոլոգիան, տեղեկատվական տեխնոլոգիաները, գաղափարների պատմություն կոչվող առարկան և այլն:
Այստեղ ևս ավարտական քննությունների հետ միասին կա անհատական աշխատանք: Այն պետք է իրականացվի երկու առարկաների շրջանակներում՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ հումանիտար, սոցիալական և տեխնիկական գիտություններին վերաբերող 6-7 հետազոտական ոլորտներ:
Ավագ դպրոցի «hhx» ծրագիրը
Սա եռամյա առևտրային ուղղվածությամբ ծրագիր է, որն իրականացվում է, այսպես կոչված, բիզնես քոլեջներում: Կենտրոնանում է բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի և միջազգային տնտեսագիտության վրա, որոնք զուգորդվում են օտար լեզուների և այլ ընդհանուր առարկաների ուսումնասիրմամբ:
Առաջին երեք ամիսներին ուսումնասիրում են ընդհանուր առարկաներ ու տնտեսագիտության հիմունքներ առարկան: Ապա սովորողը ընտրում է իր մասնագիտացումը 13 տարբերակներից, օրինակ՝ տնտեսագիտությունը և մարքեթինգը, տնտեսագիտությունն ու լեզուն, լեզուներ և այլն: Այս փուլում, մասնագիտացումից անկախ, հիմնական առարկաներից են բիզնեսի տնտեսագիտությունը, մարքեթինգը, միջազգային տնտեսագիտությունը, ժամանակակից պատմությունը, առևտրային իրավունքը և այլն: Այստեղ նույնպես կան և՛ քննություններ, և՛ անհատական աշխատանք:
Ավագ դպրոցի «hf» ծրագիրը
Այս ծրագիրը երկամյա է ի տարբերություն մյուս երեքի: Այն ապահովում է սովորողի մասնագիտական առաջխաղացումն ու հետագա ճանապարհը ակադեմիական կրթության ուղիով: «hf» կրթական ծրագիրը հիմնականում առաջարկվում է ընդհանուր ավագ դպրոցների՝ գիմնազիաների կողմից: Այս ծրագրի սովորողներն ուսումնասիրում են և՛ բնական, և՛ հումանիտար, և՛ սոցիալական գիտությունները: Բոլոր կիսամյակների ընթացքում կատարում են նաև գործնական աշխատանքներ:
Ուսուցիչը Դանիայում
Դանիական հասարակության մեջ ուսուցչի նկատմամբ չկա խիստ տարբերակված վերաբերմունք, ի տարբերություն, օրինակ, Կորեայի, որտեղ ուսուցիչը Աստծուն հավասար մեծություն է: Դանիայում ուսուցչի աշխատանքը հարգում են այնքան, որքան մյուսներինը: Սակայն սա չի նշանակում, թե ուսուցչի դերը պետության կողմից թերագնահատված է:
Ուսուցչի գնահատվածության մասին են վկայում շատ բարձր աշխատավարձերը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 2019 թվականի տվյալներով Դանիայում ուսուցչի աշխատավարձը միջինում 5000 ԱՄՆ դոլար է: Եթե ուսուցիչներին բաժանենք ըստ քվարտիլային խմբերի (այսինքն՝ բաժանենք 25%-անոց խմբերի), ապա նրանց 25%-ը վաստակում է ամսական 23 400 դանիական կրոնից (3600 ԱՄՆ դոլար) ցածր, իսկ 75%-ը՝ դրանից բարձր աշխատավարձ:
Գծ. 3. Դանիայում ուսուցչի աշխատավարձի աճը աշխատանքային փորձի տևողությունից կախված
Աշխատավարձերի միջև տարբերությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 6000 ԱՄՆ դոլարի: Տարբերությունները պայմանավորված են ոչ միայն կրթությամբ ու հմտություններով, այլ նաև աշխատանքային փորձով (գծ. 3). էմպիրիկ քանակական տվյալները ցույց են տալիս, որ միջին վիճակագրական ուսուցչի մեկնարկային աշխատավարձը 10 տարիների ընթացքում կրկնապատկվում է: