Պահուստները համալրվել են հունվարի վերջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարով։
Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2021 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 3 մլրդ 184.5 մլն դոլար։ Հունվարի վերջի համեմատ այն աճել է 784 մլն դոլարով կամ մոտ 33%-ով։
ԿԲ-ի հրապարակած միջազգային պահուստների վիճակագրությունը սկսվում է 2003 թվականից։ Այդ թվականից ի վեր պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2021 թվականի փետրվարին։ Սակայն, այստեղ ոչ մի արտառոց երևույթ չկա։ Պարզապես պահուստները համալրվել են հունվարին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարով։
Հայաստանը 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարի 26-ին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Ավելի պարզ ասած՝ արտաքին աշխարհից 750 մլն դոլարի նոր պետական պարտք է ներգրավել, որը «տեղ է գտել» միջազգային պահուստներում։
Կենտրոնական բանկից ի պատասխան մեր հարցմանը ևս հաստատեցին, որ Հայաստանի միջազգային պահուստների՝ 2021 թվականի հունվարի վերջի համեմատ աճը հիմնականում պայմանավորված է Կառավարության կողմից եվրապարտատոմսերի թողարկմամբ։
Առհասարակ, միջազգային պահուստների վերաբերյալ մեկ ամսվա կտրվածքով վերլուծությունները ցույց չեն տալիս իրական պատկերը։ Դրանք կարող են համալրվել կամ նվազել, երբ երկիրը արտարժույթի կարիք է ունենում, հարկավոր է լինում լրացնել բյուջեի դեֆիցիտը և այլն։ Ինչպես այս տարվա փետրվարի օրինակն է՝ եվրապարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված գումարի շնորհիվ պահուստները կտրուկ աճել են, սակայն ընդամենը մեկ ամիս անց այդ գումարը կարող է նվազել։
2020 թվականի վերջին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 614 մլն դոլար՝ 2019 թվականի վերջի համեմատ նվազելով մոտ 236 մլն դոլարով կամ 8.3%-ով։
2020 թվականի ընթացքում պահուստների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայիսին։ Իսկ նվազագույն մակարդակը՝ նոյեմբեր ամսին։
Հիշեցնենք, որ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։
Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ 2021 թվականի փետրվարի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 723 մլն դոլար՝ հունվարի վերջի համեմատ աճելով 698 մլն դոլարով կամ 8.7%-ով։
Մասնավորապես, արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 802 մլն դոլար՝ ավելանալով 734 մլն դոլարով կամ 12.1%-ով։
Իսկ ներքին պարտքը կազմել է 1 մլրդ 921 մլն դոլար՝ նվազելով 35 մլն դոլարով կամ 1.8%-ով: Ինչպես ավելի վաղ գրել ենք, 2020 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 647 մլն դոլարով կամ 8.8%-ով:
Նյութի սկզբնաղբյուրը՝ hetq.am։