Ամերիկացի գիտնական Ֆրենկ Խոդորովին բնութագրել են որպես մեկի, ով «պետությունը դիտում էր որպես ամենամեծ սպառնալիքը անհատական ազատության և մարդկային երջանկության համար»: Լյուդվիգ ֆոն Միզեսի ինստիտուտը Ֆրենկ Խոդորովին անվանեց «ազատ շուկայի, ինդիվիդուալիզմի և խաղաղության փաստաբան»: Ազնիվ մտածողի մեծագույն հույսը երիտասարդներն էին` «ապագայի քաղաքականություն մշակողները»: Նա կարծում էր, որ հենց երիտասարդների մտքում պետք է դնել ազատության և անհատականության պաշտպանության գաղափարները` հանուն ինդիվիդուալիզմի ու ազատականության վերակենդանացման:
Պետության ու նրա դերի մասին Խոդորովի պատկերացումներն արտահայտված են նրա բազմաթիվ գործերում, սակայն հատկանշական է հատկապես «Հասարակության վերելքն ու անկումը» գիրքը: Ներկայացնում ենք հատվածներ գրքի առաջին՝ «Տնտեսագիտությունն ընդդեմ քաղաքականության» գլխից։
Կարող է պատահել, որ անտառի զգուշավոր գազանները որսորդի թակարդը ընդունեն որպես անհրաժեշտություն սնունդ հայթայթելու համար: Բանական մարդկային արարածը այնքան նեղություն է կրել քաղաքական միջամտություններից, որ նա չի կարող մտածել առանց դրանց ապրուստ վաստակելու մասին. իր բոլոր տնտեսական հաշվարկներում նրա առաջին դիտարկումն այն հարցն է, թե ինչ է ասում օրենքը, կամ ավելի հաճախ, «ինչպե՞ս կարող եմ օգտագործել օրենքը կյանքում իմ վիճակը բարելավելու համար»: Սա կարելի է համարել պայմանական ռեֆլեքս: Դժվար թե մեր մտքով անցնի, որ մենք ավելի լավ կարող ենք ապրել, եթե գործենք սեփական եռանդով, բնության կողմից դրված սահմաններում և առանց քաղաքական սահմանափակումների, վերահսկողության ու սուբվենցիաների: Մեր մտքով չի անցնում, որ միջամտության այդ միջոցները մեր ճանապարհին դրված են ինչպես թակարդ, ընդ որում` այնպիսի նպատակներով, որոնք տրամագծորեն հակառակ են ավելի լավ ապրելուն ուղղված մեր որոնումներին: Մենք մեխանիկորեն դրանք ընդունում ենք որպես անհրաժեշտություն մեր նպատակներին հասնելու համար:
Տնտեսագիտությունը քաղաքականություն չէ: Առաջինը (տնտեսագիտությունը) գիտություն է, որը վերաբերում է բնության անփոփոխ և կայուն օրենքներին, որոնք որոշում են արտադրությունն ու հարստության բաշխումը: Իսկ մյուսը (քաղաքականությունը) իշխելու արվեստ է: Մեկը բարոյական է, մյուսն` անբարո: Տնտեսական օրենքները գործում են ինքնուրույն և ունեն իրենց սեփական պատժամիջոցները, ինչպես բոլոր բնական օրենքները, մինչդեռ քաղաքականությունը գործում է մարդածին և մարդու կողմից մանիպուլյացված օրենքներով: Որպես գիտություն՝ տնտեսագիտությունը ձգտում է հասկանալ անփոփոխ սկզբունքները, մինչդեռ քաղաքականությունը ժամանակավոր է, դրա թեման կախված է որոշակի մարդկանց առօրյա փոխհարաբերություններից: Տնտեսագիտությունը, ինչպես քիմիան, կապ չունի քաղաքականության հետ:
Քաղաքականության ներխուժումը տնտեսագիտության ոլորտ պարզապես մարդկային տգիտության կամ ամբարտավանության ապացույց է և նույնքան անմիտ է, որքան մակընթացությունների աճն ու անկումը վերահսկելու փորձը: Քաղաքական ինստիտուտների ստեղծումից ի վեր փորձեր են արվել աշխատավարձերը ֆիքսելու, գները վերահսկելու և կապիտալ ստեղծելու, բայց բոլոր փորձերն էլ ձախողվել են: Նման նախաձեռնությունները պետք է ձախողվեն, քանի որ քաղաքականության միակ իրավունակությունը մարդկանց համոզելն է անել այն, ինչ նրանք չեն ցանկանում անել կամ հետ պահել այնպիսի բաներ անելուց, ինչը նրանք հակված են անել. տնտեսագիտության օրենքները չեն մտնում այս շրջանակներում: Դրանք չեն ենթարկվում հարկադրանքին: Աշխատավարձերը, գները և կապիտալի կուտակումներն ունեն իրենց սեփական օրենքները, օրենքներ, որոնք ոստիկանի լիազորություններից դուրս են:
Ապացուցված է, որ ավելի շուտ տնտեսագիտությունն է ազդում քաղաքականության վրա, քան հակառակը: Կոմունիստական պետությունը (որը արհամարհում է տնտեսագիտության օրենքները, կարծես դրանք գոյություն չունեն) բնութագրվում է ուժի գործադրման մեծ ծավալով. դա վախի պետություն է: Արիստոկրատական հունական քաղաք-պետությունն իր ձևը վերցրեց ստրկության ինստիտուտից: Տասնիններորդ դարում, երբ պետությունն իր նպատակների համար, գործընկերության մեջ մտավ աճող արդյունաբերական դասի հետ, մենք ունեցանք մերկանտիլիստական կամ վաճառական պետություն: «Սոցիալական պետությունը» փաստորեն բյուրոկրատների օլիգարխիան է, ովքեր լիազորված են առգրավել ու վերաբաշխել արտադրությունը ըստ իրենց պատկերացրած բանաձևերի` իսպառ արհամարհելով այն սկզբունքը, որ արտադրությունը նվազելու է բռնագանձման չափով: Հետաքրքիր է նկատել, որ սոցիալական պետության այս գաղափարը սկսվում է բաշխման ծրագրով, որով փորձ է արվում ինչ-որ գնային տեխնիկայով վերահսկել շուկայի գները, և ավարտվում է արտադրությունը կառավարելու փորձերով: Սակայն, հակառակ իրենց սպասումներին, տնտեսագիտության օրենքները չեն կասեցվում քաղաքական միջամտություններով, գները չեն արձագանքում նրանց թելադրանքին, արտադրությունը վերահսկելու փորձերում նույնպես ձախողվում են:
Տնտեսական օրենքների անթափանցելիությունը քաղաքական օրենքների առաջ երևում է այս պատմական փաստից. երկարաժամկետում յուրաքանչյուր պետություն փլուզվում է, հաճախ ընդհանրապես անհետանում և դառնում հնագիտության ուսումնասիրության առարկա: Յուրաքանչյուր փլուզմանը, որի համար բավարար ապացույցներ ունենք, նախորդել է իրադարձությունների նույն ընթացքը: Պետությունը իշխանության իր անհագ ցանկությամբ ավելի ու ավելի ընդլայնեց իր ոտնձգությունները ազգային տնտեսության մեջ` հանգեցնելով արտադրության նկատմամբ հետաքրքրության անկման, ի վերջո հասավ այն մակարդակին, որ այլևս չկարողացավ արտադրել այնքան, որ սովորաբար անհրաժեշտ էր պետությունը պահելու համար: Տնտեսապես նա ի վիճակի չէր դիմակայել այնպիսի հանգամանքների առաջացրած լարմանը, ինչպիսին է պատերազմը, և այլևս չկարողացավ դիմակայել: Նախքան այդ իրադարձությունը, տնտեսությունը, որի վրա հիմնված էր պետական իշխանությունը, վատթարացել էր, և այդ վատթարացման հետ եկավ բարոյական և մշակութային արժեքների անկում. մարդիկ «թքած ունեին»: Այսինքն՝ հասարակությունը փլուզվեց և դրանով տապալեց պետությունը: Պետությունը ոչ մի կերպ չի կարող խուսափել այդ հետևանքից, բացի, իհարկե, եթե որոշի հրաժարվել տնտեսական կյանքում իր միջամտություններից` սանձելով իշխանությանը բնորոշ ագահությունը: Քաղաքականության համար չկա այլ եղանակ ինքն իրեն քաղաքականությունից պաշտպանելու համար:
Քաղաքագիտությանը հայտնի բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկվել են, որպեսզի նոր ամերիկյան պետությունը ձեռք չբերի պետության պատմությանը հայտնի ինքնաոչնչացման սովորությունը, որն է՝ մարդու երջանկության որոնումներին խառնվելը: Մարդիկ պետք է մենակ մնան՝ մշակելու իրենց անհատական ճակատագրերը այն կարողություններով, որոնցով նրանց օժտել է բնությունը:
Երբ Հռոմի վեհությունն իր բարձրագույնին էր, պետության հիմնական զբաղմունքը իր քաղաքացիների ստեղծած հարստության բռնագրավումն էր: Այդ բռնագրավումը օրինական ձևակերպվեց, ինչպես այսօր է, չնայած այն չէր «շաքարապատվում» բարոյականությամբ կամ չէր հիմնավորվում գաղափարապես, սակայն ժամանակակից սոցիալական պետության որոշ բնութագրիչներ գործնականում կիրառվում էին: Հռոմն ուներ իր աշխատանքային ծրագրերը, գործատուներին հատկացվող անհատույց վարձատրությունները և արդյունաբերությանը տրամադրվող սուբսիդիաները: Այս բաներն անհրաժեշտ են բռնագրավումը դուրեկան և հնարավոր դարձնելու համար:
Ժամանակի հռոմեացիների համար իրերի այս դասավորությունը, հավանաբար, նույնքան նորմալ ու պատշաճ էր թվում, որքան այսօր: Հռոմեացիները դժվար թե իմանային կամ հետաքրքրվեին այն «նվազումների» մասին, որում նրանք ապրում էին և, իհարկե, չէին էլ անհանգստանա այն «անկման» համար, որի ճանապարհով գնում էր աշխարհը: Սա պատմության միայն հնարավորինս դրական տեսանկյունն է, երբ հնարավոր է վերլուծել ապացույցները և գտնել պատճառահետևանքային կապը, որը ի հայտ է գալիս տեղի ունեցողի իմաստալից գնահատման արդյունքում: Մենք գիտենք, որ, չնայած պետության ամբարտավանությանը, տնտեսական ուժերը, որոնք ազդում են սոցիալական միտումների վրա, միևնույն է, շարունակում են գործողության մեջ մնալ: Հարստության արտադրությունը, այն բաները, որով մարդիկ ապրում են, նվազեցին պետության հարստահարմանն ու միջամտություններին զուգահեռ: Ընդհանուր մտահոգությունը սոսկական գոյության հետ ընկղմում էր մշակութային և բարոյական արժեքների նկատմամբ թաքնված հետաքրքրությունը, և հասարակության բնույթը հետզհետե վերածվում էր նախիրի: «Աստվածների ջրաղացները դանդաղ են աղում», բայց հաստատ աղում են. մի քանի դարերի ընթացքում Հռոմեական հասարակության վատթարացմանը հաջորդեց պետության քայքայումը, այնպես որ այլևս ոչ միջոց կար և ոչ էլ կամք դիմակայելու պատմական քամիներին: