2021թ-ի մարտի 5-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց 75-ով կրճատել այն երկրների ցանկը, որոնք օգտվում են ԵԱՏՄ միասնական սակագնային արտոնությունների համակարգից։ Այսինքն այս երկրները որոշակի ապրանքներ ԵԱՏՄ արտահանելիս այլևս չեն կարող օգտվել ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի 25%-ի չափով իջեցումից, ինչը ստեղծում է և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ հայաստանյան ձեռնարկությունների համար։ Մենք ընտրել ենք երկու ապրանքախումբ այդ մարտահրավերները և հնարավորությունները ներկայացնելու համար։
Մարտահրավեր՝ ծխախոտի հումքի ներմուծման մաքսային սակագինը բարձրանալու է։
2020թ․-ին ծխախոտային արտադրանքի մասնաբաժինը Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում եղել է ավելի քան 10% ($255 մլն)՝ զիջելով միայն հանքահումքային արտադրանքին և թանկարժեք, կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին և դրանցից պատրաստված իրերին։
Հայաստանի ծխախոտագործական ընկերությունները հումքը (թութունի և դրա փոխարինիչների) հիմնականում ներմուծում են` 2019թ-ին $98.4 մլն, 2020թ-ին՝ $73.9 մլն, ընդ որում՝ ճնշող մեծամասնությունը այն 75 երկրներից, որոնք զրկվելու են սակագնային արտոնություններից։
ԵԱՏՄ միասնական մաքսային սակագինը HS 2401 ապրանքային դիրքի ապրանքների համար սահմանված է 5% (առանձին դեպքերում 4%)։ Հաշվի առնելով ներմուծման աշխարհագրությունը և ապրանքային կառուցվածքը՝ կարող ենք ասել, որ Հայաստան ծխախոտի հումք ներմուծողների համար 2020թ-ին միջին կշռված մաքսային դրույքաչափը եղել է մոտ 2.7%, իսկ եթե ներմուծման կառուցվածքը պահպանվի նույն ձև միջին կշռված մաքսային դրույքաչափը կհասնի շուրջ 3.6%-ի, ինչը թերևս մեծ բեռ չի ներմուծողների համար, սակայն միևնույն է ցանկալի չէր։
Հնարավորություն՝ երրորդ երկրներից ԵԱՏՄ ներմուծմող այլ պահածոյացված բանջարեղենի (HS 2005 99) մոտ 30%-ի համար մաքսային սակագինը բարձրանալու է։
2019թ-ին երրորդ երկրներից ԵԱՏՄ ներմուծվել է $22.2 մլն-ին համարժեք այլ պահածոյացված բանջարեղեն (HS 2005 99), որի մոտ 28%-ը այն երկրներից, որոնք զրկվելու են սակագնային արտոնություններից:
ԵԱՏՄ միասնական մաքսային սակագինը այլ պահածոյացված բանջարեղենի համար սահմանված է 10% (առանձին դեպքերում 11% և 12%)։ Սա նշանակում է, որ արտոնություններից զրկված երկրներից ներմուծողների համար մաքսային դրույքաչափը 7.5%-ից կհասնի 10%-ի՝ առաջացնելով գնաճի ռիսկ, ինչը կարող է Հայաստանից արտահանողների համար հնարավորություն լինել ԵԱՏՄ միասնական շուկայում թանկացած ապրանքներին այլընտրանք ներկայացնելու համար:
Հայաստանից այլ բանջարեղենային պահածոների արտահանումը 2020թ-ին նախորդ տարվա նկատմամբ աճել էր շուրջ 30%-ով՝ $8.2 մլն-ից հասնելով $10.7 մլն-ի, ինչը խոսում է Հայաստանում այս ապրանքների արտադրության և արտահանման աճի պոտենցիալի մասին:
Նյութի սկզբնաղբյուրը՝ Modex: