Շվեյցարիան, որպես դաշնային պետություն, չունի կրթական միասնական համակարգ ու քաղաքականություն, քանի որ յուրաքանչյուր կանտոն (Շվեյցարիան ունի 26 վարչատարածքային միավոր, որոնք կոչվում են կանտոններ) ունի իր սահմանադրությունը, խորհրդարանը և կառավարությունը: Դաշնային սահմանադրությունը ամրագրում է միայն մի քանի հիմնարար սկզբունքեր, որոնցից են իննամյա հիմնական կրթության պարտադիր լինելը, կրթության անվճար լինելը հանրային դպրոցներում և այլն:
Հիմնական (տարրական) կրթության մշակումը յուրաքանչյուր կանտոնի ներքին խնդիրն ու գործառույթն է, սակայն միջին դպրոցից սկսած` կրթության մշակման պատասխանատվությունը կիսվում է կանտոնի և դաշնային կենտրոնական կառավարության միջև: Շվեյցարիայում կրթությունը վերահսկող դաշնային մարմինը Կրթության, հետազոտության և նորարարության պետական քարտուղարությունն է: Կրթության համակարգման համար կարևոր դերակատարում ունի նաև կառավարության Տնտեսական հարցերի, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտը:
Շվեյցարիան այնքան էլ բարձր դիրքեր չունի «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) ստուգատեսների արդյունքներում. վերջին տվյալներով այն 11-րդ տեղում էր մաթեմատիկայից, 24-րդ տեղում` գիտությունից և 29-րդ տեղում՝ ընթերցանությունից: Սակայն շվեյցարական կրթության որակի մասին լավագույն վկայությունը գիտության ոլորտում շվեյցարացի գիտնականների ներդրումն է: Շվեյցարիան ժամանակակից գիտելիքահեն տնտեսություններից մեկն է, որն ըստ Եվրոպական արտոնագրային գրասենյակի (EPO) 2019 թվականի տվյալների՝ 1մլն բնակչի հաշվով արտոնագրային (պատենտ) հայտերի թվով առաջին տեղում է:
Շվեյցարական կրթությունը բազմալեզու է, քանի որ կան և’ գերմանախոս, և՛ ֆրանսախոս, և՛ իտալախոս, և’ ռոմանշախոս կանտոններ: Յուրաքանչյուր կանտոն ունի իր կրթության բաժինը, դպրոցական օրացույցը, կրթության կառուցվածքը, ուսուցման մեթոդներն ու ուսումնական ծրագրերը:
Կանտոնների մեծ մասում նախատեսված է 1-2 տարի նախադպրոցական պարտադիր կրթություն մանկապարտեզներում: Որոշ գերմանախոս կանտոններում մանկապարտեզի և տարրական դպրոցի առաջին 1-2 տարին միավորված են մի դասարանում (4-8 տարեկան երեխաները միասին են), որը կոչվում է Grundstufe («գրունդշթուֆե» – հիմնական մակարդակ)։ Այդպիսիք են Բեռնի, Լյուցեռնի, Գլարուսի և Թուրգաուի կանտոնները: Ֆրանսախոս կանտոններում մանկապարտեզի 2 տարիները ընդգրկված են դպրոցի քառամյա փուլի մեջ, որը կոչվում է «առաջին ցիկլ»: Իսկ իտալախոս Տիչինո կանտոնում երեք տարեկանից մանկապարտեզ գնալը պարտադիր չէ, իսկ հետո պարտադիր է չորս տարեկանից 2 տարի տևողությամբ: Ընդհանուր առմամբ՝ նախադպրոցական կրթության նպատակը երեխայի անհատական ու սոցիալական զարգացումն է: Շվեյցարական մանկապարտեզներում հիմնական առարկաներից են երաժշտությունը, արհեստներն ու խաղերը, վերջին մեկ տարվա ընթացքում ուսումնասիրում են նաև ընթերցանության, գրելու և մաթեմատիկայի տարրեր:
Հիմնական (տարրական) դպրոցի տևողությունը կախված է կանտոնի կրթական համակարգից (5, 6 կամ 8 տարի): Շվեյցարիայի բոլոր կանտոններում երեխաները դպրոց են հաճախում 6 տարեկանից, իսկ Օբվալդենում՝ 5 տարեկան 3 ամսականից: Շվեյցարիայում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի կամ սեպտեմբերի կեսին: Այն ունի երկու կիսամյակ և տարեկան 12 շաբաթ արձակուրդ: Ճշգրիտ ամսաթվերը սահմանվում են կանտոնի կողմից: Դպրոցական օրը սովորաբար սկսվում է 8:30-11:30, ավարտվում՝ 13:30-16:00 ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, այսինքն` տարեկան 2 անգամ աշակերտները ստանում են գնահատվող հաշվետվություն իրենց կատարողականի մասին: Գնահատականները մեկից վեցն են: Մեկը համարվում է անբավարար գնահատական, որի դեպքում հաշվետվությունը անվավեր է ճանաչվում: Դպրոցը լրացուցիչ կրթական աջակցություն է տրամադրում երեխային, որը դարձյալ չարդարացնելու դեպքում՝ աշակերտը ստիպված է լինում կրկնել տարին: Սակայն դա շվեյցարական դպրոցներում որպես «խարան» չի ընկալվում:
Հիմնական դպրոցում ուսումնասիրվող առարկաներն են կանտոնի պաշտոնական լեզուն, երկրորդ ազգային լեզուն, անգլերենը, մաթեմատիկան, բնական գիտությունները, սոցիալական գիտությունները, հումանիտար գիտությունները (աշխարհագրություն, պատմություն, էթիկա, կրոն և այլն), երաժշտությունը, արվեստը, ֆիզկուլտուրան, առողջության կրթությունը և այլ առարկաներ՝ ըստ կանտոնի ուսումնական ծրագրի:
Միջնակարգ կրթությունը սկսվում է միջին դպրոցի ընդունելությամբ, որը կազմակերպվում է ըստ A, B և C ցուցանիշների: Այստեղ A ցուցանիշը ուսուցչի ընդհանուր գնահատականն է, B ցուցանիշը վերջին տարվա թեստի արդյունքներն են, իսկ C-ն՝ ծնողի առաջարկությունը երեխայի ինքնագնահատման հիման վրա: Ըստ այդ երեք բաղադրիչների որոշվում է, թե աշակերտը որ միջին դպրոց կարող է ընդունվել:
Միջին դպրոցը կոչվում է նաև գիմնազիա: Այն ունի 2-3 տարի տևողություն, բացառություն է իտալախոս Տիչինոն, որտեղ գիմնազիան քառամյա է: Ուսումնասիրվող առարկաներից են կանտոնի լեզուն և երկրորդ ազգային լեզուն (ևս մի ընտրովի օտար լեզու), անգլերենը, մաթեմատիկան, կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան, աշխարհագրությունը, պատմությունը, քաղաքացիական կրթությունը, երաժշտությունը, արվեստն ու դիզայնը, ֆիզկուլտուրան ու առողջության կրթությունը, տնային տնտեսագիտությունը, կարիերայի ուղղորդումը, մասնագիտատեխնիկական նախապատրաստումը և այլ առարկաներ` կանտոնի ծրագրից կախված:
Կանտոնների մի մասում միջին դպրոցի ավարտին աշակերտները պետք է ավարտական քննություններ հանձնեն, իսկ մյուս մասում առանց ավարտական քննությունների ուղղակի հանձնվում են ավարտական վկայականները, որոնք ուղեգիր են դեպի ավագ դպրոց:
Ավագ դպրոցը Շվեյցարիայում պարտադիր չէ: Չնայած դրան՝ շվեյցարացի աշակերտների ավելի քան 90%-ը շարունակում է ուսումը ավագ դպրոցում: Այստեղ ավելի մեծ է հետաքրքրությունը մասնագիտատեխնիկական ու արհեստագործական ծրագրերի նկատմամբ, որոնք ընտրում է աշակերտների 65%-ը, ի տարբերություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների միջին ցուցանիշի, որը փոքր է 45%-ից: Առհասարակ երիտասարդ բնակչության շրջանում տեխնիկական, պրակտիկ կրթության (B տեսակի ծրագիրը ըստ Կրթության միջազգային ստանդարտների դասակարգման (ISCED)) նկատմամբ հետաքրքրությունը էականորեն ավելի մեծ է ՏՀԶԿ երկրների միջինից, իսկ տեսության վրա հիմնված ակադեմիական կրթության նկատմամբ հետաքրքրությունը ավելի փոքր է:
Գծ. 1. Երիտասարդների նախընտրությունները ISCED-ի ձևակերպած А և B տեսակի ծրագրերի նկատմամբ
Մասամբ այս միտումով է պայմանավորված, որ Շվեյցարիան աչքի է ընկնում գործազրկության շատ ցածր մակարդակով (գծ. 2): Կրթությունը կողմնորոշված է դեպի տնտեսությունը, որի պահանջների բավարարման համար ավելի շատ հենց գործնական ու տեխնիկական հմտություններ են անհրաժեշտ: Գործազրկության ցածր մակարդակը պայմանավորված է նաև մասնագիտատեխնիկական, արհեստագործական կրթության իրապես բարձր որակով և դպրոցականների համար աշկերտության մեծ հնարավորություններով:
Գծ. 2. Գործազրկության մակարդակը ըստ կրթական աստիճանի Շվեյցարիայում, Հայաստանում և ՏՀԶԿ անդամ երկրներում (միջին)
Գծապատկերից կարելի է նաև գաղափար կազմել Շվեյցարիայի բուհական կրթության բարձր որակի մասին, որի շնորհիվ բարձրագույն կրթություն ստացածների մեջ գործազուրկ է ընդամենը 3%-ը, մինչդեռ Հայաստանում՝ 26%-ը:
Շվեյցարիայում կա ավագ դպրոցի 3 տեսակ.
- Մասնագիտատեխնիկական կրթության և ուսուցման դպրոց,
- Բակալավրիական դպրոց,
- Մասնագիտացված դպրոց:
Մասնագիտատեխնիկական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) դպրոց
Այս ծրագրի տևողությունը 3-4 տարի է, այն ապահովում է գործնական և տեխնիկական ուսուցում: Կրթությունը տեղի է ունենում արհեստագործական դպրոցներում և աշկերտության հնարավորություն ընձեռող ընկերություններում: ՄԿՈւ դպրոցներում կան շուրջ 230 ծրագրեր տարբեր մասնագիտությունների համար: Ավարտելով ՄԿՈւ ավագ դպրոցը՝ աշակերտը կարող է ստանալ ՄԿՈւ դաշնային վկայական, ՄԿՈւ դիպլոմ կամ դաշնային մասնագիտական բակալավրի վկայական, որը թույլ է տալիս ընդունվել կիրառական գիտությունների համալսարաններ:
Բակալավրիական դպրոց
Շվեյցարիայի ուսանողների մոտ 30%-ը ընդունվում է բակալավրիական դպրոց, որն ապահովում է ընդհանուր կրթություն համալսարան ընդունվելու համար: Բակալավրիական ծրագրերը սովորաբար տևում են 4 տարի, որոշ կանտոններում՝ 3 կամ 6 տարի:
Բակալավրիական դպրոցում սովորելիս աշակերտները ընտրում են հիմնական մասնագիտություն և երկրորդական մասնագիտություն: Ուսումնասիրվող հիմնական առարկաներից են առաջին ազգային լեզուն, երկրորդ ազգային լեզուն և երրորդ լեզուն (ազգային լեզու, անգլերեն, լատիներեն կամ հունարեն), մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, պատմություն, աշխարհագրություն, կերպարվեստ կամ երաժշտություն: Բոլոր ուսանողները անցնում են տնտեսագիտության և իրավունքի ներածական դասընթացներ, մինչդեռ փիլիսոփայությունը պարտադիր չէ:
Դպրոցն ավարտելու համար աշակերտները հանձնում են քննություններ նվազագույնը 5 առարկայից. առաջին և երկրորդ ազգային լեզուներ, մաթեմատիկա, հիմնական մասնագիտական առարկա և մի այլ առարկա: Ավարտելու համար պետք է ներկայացնել նաև էսսե: Ավարտողները կարող են ընդունվել կանտոնական համալսարաններ, տեխնոլոգիայի ինստիտուտներ և մանկավարժական համալսարաններ:
Մասնագիտացված դպրոց
Դպրոցի այս տեսակը ընտրում են սովորողների միայն 5%-ը: Այն ապահովում է դպրոցական ընդհանուր կրթություն և նախապատրաստում մասնագիտական կրթության և ուսուցման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, սոցիալական աշխատանքը և կրթությունը: Ընդունելության չափանիշները տարբեր են, կարող է կազմակերպվել քննություն կամ հարցազրույց:
Այս ծրագրում ուսումնասիրում են հիմնական առարկաներ և մասնագիտական առարկաներ: Ավարտական քննությունը ներառում է նվազագույնը 6 առարկա, որոնցից առնվազն 1-ը պետք է կապված լինի մասնագիտության հետ: Ավարտական վկայականով աշակերտները կարող են իրենց կրթությունը շարունակել մասնագիտական կրթության և ուսուցման քոլեջներում:
Շվեյցարիան աչքի է ընկնում կրթության ոլորտում կատարվող մեծ ծախսերով, որոնք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 15-16%-ը (ՀՆԱ-ի մոտ 5.13%-ը): Շվեյցարիան հանդիսանում է նաև մեկ սովորողի հաշվով կատարած ծախսերի առաջամարտիկը. համեմատության համար նշենք, որ 2017 թվականի տվյալներով մեկ սովորողին բաժին հասնող տարեկան ծախսերը կազմել են մոտ 16 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշը գրեթե 2 անգամ քիչ է (9 հազար ԱՄՆ դոլար): Գրեթե կրկնակի բարձր են նաև ուսուցիչների աշխատավարձերը (5000-6500), ի համեմատություն ՏՀԶԿ միջին ցուցանիշի:
Գծ. 3. Ուսուցչի աշխատավարձը Շվեյցարիայում և ՏՀԶԿ երկրներում
Հետաքրքիր է, որ Շվեյցարիայում կրթական համակարգի զարգացումը միայն պետության ուսերին չէ դրված: Դրա զարգացման համար հավասարապես պատասխանատու են նաև ձեռնարկությունները, նախաձեռնող խմբերն ու լայն հասարակությունը: Տնտեսական հարցերի, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտի կայքում հայտարարված է. «Կրթական լավ մակարդակի հասնելը միայն պետության խնդիրը չէ. ամեն ոք պետք է պատասխանատվություն ստանձնի և զարգացնի կրթական համակարգը»: