Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստին գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի հիմնական նպատակը ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովումն է և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործումը։
Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար նախատեսվում է կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար): Առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի ամսական 40 մլն դրամ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին՝ անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրության) միասնական հաշվին մուտքագրված լինելու դեպքում, հարկ վճարողը չի կարող տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ, սա լավ հնարավորություն է տնտեսվարողների համար՝ ավելի արագ տնօրինել շրջանառվող միջոցները և ներարկել դեպի տնտեսություն։ Նա նշել է, որ մինչև եռամսյակին անցնելը տնտեսավարողներին ԱԱՀ-ի գծով պարտավորությունը շատ ավելին է եղել՝ 2018 թվականի դրությամբ մոտ 260 միլիարդի սահմաններում: «Ընդհանուր 2019թ. ընթացքում վերադարձված գումարների չափը կազմել է 175 միլիարդ, իսկ 2020թ. ընթացքում՝ 139 միլիարդ դրամ: Համեմատության համար կցանկանայի նաև նշել, որ 2020 թվականի առաջին երկու ամիսներին՝ հունվար-փետրվար, միայն ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները կազմել են 18 միլիարդ 518 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին 21.7 միլիարդ դրամ», -ասել է ՊԵԿ նախագահը:
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ այս գործընթացը հիմնականում վերաբերում է արտահանողներին և այդ առումով լրացուցիչ դրամական միջոցների հետվերադարձը խթանում է նաև արտահանման աճին:
Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ ՊԵԿ-ում քննարկվում է նաև սահմանին վճարվող ավելացված արժեքի հարկի վերացման առաջարկները։ «Դա ավելի լավ և խթանիչ պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար։ Այսինքն՝ ապրանքների մաքսազերծման գծով ԱԱՀ հարկ սահմանին չեն վճարի։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս վարչարարական ռիսկերը և այն հնարավոր առաջացող խնդիրները, որոնց զսպման ուղղությամբ պետք է վարչարարությունը կատարելագործել, այս փուլում դեռևս նպատակահարմարություն չենք գտնում։ Դա մի փոքր ավելի ուշ կլինի, երբ կհասնենք հարկային կարգապահության համապատասխան մակարդակի»,- ասել է ՊԵԿ նախագահը։