Ինչպես էր Հայեկը փորձում հեռու պահել «ստրկության ճանապարհով» շարժվելուց
Տնտեսական ճգնաժամերի ժամանակ ծագող խնդիրների դեմ պայքարում միշտ առաջ է գալիս պետության ունեցած դերակատարության և ընդհանրապես, տնտեսությանը նրա միջամտության աստիճանի մասին հարցը։ Այս բանավեճում պետական ակտիվ քաղաքականության կողմնակիցներն ու հակառակորդները մեծապես ապավինում են XX դարի երկու մեծագույն տնտեսագետների՝ Ջոն Մեյնարդ Քեյնսի և Ֆրիդրիխ ֆոն Հայեկի գաղափարներին: Քեյնսը ցույց տվեց, որ տնտեսության մեջ պետության ակտիվ միջամտությունը կարող է դրական դեր խաղալ ամենից առաջ ճգնաժամերի պահերին, իսկ Հայեկը, ընդհակառակը, մատնանշեց նման քաղաքականության վտանգները: Հենց վերջինիս կարելի է համարել տնտեսական ազատականության (լիբերալիզմի) գլխավոր դասական։
Հայեկը ուշադրություն է դարձրել հիմնականում ճգնաժամերի դեմ պայքարի երկարաժամկետ հետևանքներին։ Ինչպես հիվանդության սուր փուլի ժամանակ նշանակվող դեղամիջոցները կարող են ունենալ խիստ բացասական կողմնակի ազդեցություն ապագայում, այնպես էլ տնտեսական միջոցառումները, որոնք թույլ են տալիս պայքարել ճգնաժամի դեմ, կարող են վնասակար լինել, եթե դառնում են երկարաժամկետ։ Որպես օրինակ կարող է լինել դրամավարկային քաղաքականության թուլացումը և տոկոսադրույքների նվազումը։ Այդ միջոցառումները կարող են շատ արդյունավետ լինել ճգնաժամի պահին, սակայն վտանգավոր է դրանց միջոցով փորձել մեծացնել երկարաժամկետ աճի տեմպերը։ Հայեկը նշել է, որ ճգնաժամի ավարտից հետո նման քաղաքականությունը հանգեցնում է գնաճի արագացման, և որ արհեստականորեն նվազեցված տոկոսադրույքներն առաջացնում են աղավաղումներ կապիտալի շուկայում և փուչիկներ՝ ակտիվների շուկայում:
Իր «Կապիտալի զուտ տեսություն» գրքում Հայեկը պնդում էր, որ տնտեսական ճգնաժամերը հիմնականում հետևանք են արհեստական տնտեսական վերելքների, որոնք առաջացել են չափազանց էժան փողի առատության հետևանքով: Հայեկի այս եզրակացության մասին շատ օգտակար կլինի, որ հիշեն բոլոր նրանք, ովքեր խորհուրդ են տալիս օգտագործել դրամավարկային քաղաքականությունը Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերն արագացնելու համար: Տոկոսադրույքներով մանիպուլյացիան, անշուշտ, հակաճգնաժամային ծրագրի կարևոր տարր է, բայց երկարաժամկետ աճի տեսանկյունից այն արդյունավետ գործիք չէ, իսկ առանցքային դեր խաղում է առաջին հերթին կայուն գնաճը:
Հայեկի մոտեցման կարևոր տարբերությունը նաև այն էր, որ նա մատնանշում էր տնտեսության վերլուծության վտանգը բացառապես ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի տեսանկյունից։ Տնտեսությունը կազմված է ոչ թե միանման «ներկայացուցչական գործակալներից», այլ տարբեր նախասիրություններով ու հնարավորություններով մարդկանց հսկայական քանակից։ Այս բազմազանության անտեսումը լի է ծայրահեղ տհաճ հետևանքներով, քանի որ կարող է հանգեցնել նրան, որ պետական օգնությունը կհայտնվի ոչ այն մարդկանց և ձեռնարկությունների ձեռքում, որոնք դրա կարիքն ավելի շատ ունեն, իսկ պետական ծրագրերը խեղաթյուրում են շուկայի առանձին մասնակիցների խթանները: Արդյունքում, դեղամիջոցը կարող է հիվանդությունից ավելի վատը լինել, և պետության միջամտությունը կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ բերել տնտեսությանը:
Հայեկն առաջիններից էր, որ մատնանշեց տեղեկատվության կարևորությունը և տնտեսական զարգացման մեջ դրա դերը: Իր «Գիտելիքների օգտագործումը հասարակության մեջ» գրքում նա գրել է, որ այն տեղեկատվությունը, թե ինչ ապրանքներ և ծառայություններ են անհրաժեշտ բնակչությանը, չի կարող հավաքվել կենտրոնացված կարգով, և դա տնտեսության կառավարման պլանային համակարգի դեմ հիմնական փաստարկներից մեկն է: Այդպիսի տեղեկատվությունը բաշխված է տնտեսության մեջ ներգրավված բոլոր գործակալների շրջանում, և միայն ազատ շուկան է այն ինստիտուտը, որը թույլ է տալիս լիարժեք կերպով համախմբել այդ տեղեկատվությունը բոլոր մասնակիցների ազատ փոխազդեցության շնորհիվ:
Պետության ցանկացած փորձ կենտրոնացված ձևով որոշելու, թե հատկապես որ ոլորտները պետք է զարգանան, ինչ ապրանքներ պետք է արտադրվեն և ինչ ծառայություններ մատուցվեն բնակչությանը, դատապարտված է ձախողման, քանի որ պաշտոնյաները բավականաչափ լավ չեն հասկանում, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ մարդկանց։ Հայեկի այս նախազգուշացումը պետք է հիշեն բոլոր նրանք, ովքեր պայքարում են տնտեսության կառավարմանն ակտիվ միջամտելու համար, որի դեպքում պետությունը սահմանում է ազգային «չեմպիոններին» և այն ոլորտները, որոնք պետք է դառնան աճի շարժիչ ուժը: Իրականում ո՛չ պաշտոնյաները, ո՛չ տնտեսագետները չգիտեն, թե կոնկրետ որ ոլորտները ու որ ընկերություններն են ապագայում աճելու բոլորից արագ, և որ ոլորտների ու ընկերությունների ծառայություններն ու ապրանքները պահանջարկ կունենան բնակչության շրջանում: Տեխնոլոգիաները և մարդկանց նախապատվությունները շատ արագ են փոխվում, որպեսզի դրանց կարողանա հետևել ցանկացած պետական կարգավորող։ Ի վերջո, միայն ազատ շուկաներն են թույլ տալիս խմբավորել ամբողջ տեղեկատվությունը ինչպես արտադրողներից, այնպես էլ սպառողներից և ազդանշաններ են տալիս, թե որ ապրանքներն ու ծառայություններն են առավել մեծ պահանջարկ վայելում և որոնք պետք է արտադրվեն:
Հայեկի ամենաազդեցիկ աշխատությունը թերևս նրա «Ճանապարհ դեպի ստրկություն» գիրքն է, որը մատնանշում է պետության դերի չափազանց մեծացման վտանգները։ Մեծ ճգնաժամի (1929-33թթ․) և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում և Եվրոպայում նման քաղաքականությամբ (ինչի համար պայքարում էր, մասնավորապես, Քեյնսը) տարվելը Հայեկը համարում էր, որ այն շատ մեծ սպառնալիք էր ներկայացնում ինչպես տնտեսության արդյունավետ գործունեության, այնպես էլ մարդու հիմնարար ազատությունների համար: Հայեկը միանգամայն ճիշտ է նշել, որ պետության կողմից տնտեսական ոլորտի նկատմամբ վերահսկողությունն ավելին է, քան մարդկային կյանքի բնագավառներից մեկի նկատմամբ վերահսկողությունը։ Դա, ըստ էության, համապարփակ վերահսկողություն է մարդու կյանքի նկատմամբ, քանի որ ժամանակակից հասարակության մեջ հենց տնտեսական անկախությունն է բոլոր մնացյալ նպատակներին հասնելու միջոցը։ Հենց այդ պատճառով Հայեկը նման վերահսկողության մեջ տեսել է տոտալիտարիզմի մարմնավորումը։
Հայեկն էական ներդրում է ունեցել նաև քաղաքագիտության զարգացման գործում։ Հիմնականում նրա «Ազատության Սահմանադրություն» աշխատության շնորհիվ օրինականության քննարկման ժամանակ օգտագործվել է «օրենքի գերակայություն» (rule of law) տերմինը։ Այս հասկացությունն ընդգծում է այն փաստը, որ պետության կողմից ընդունվող ոչ բոլոր օրենքները կարելի է օրինական (լեգիտիմ) համարել։ Գոյություն ունի արդարության մասին հիմնական հասկացություն, որին պետք է բավարարեն երկրում ընդունվող բոլոր օրենքները, որպեսզի գոյություն ունեցող քաղաքական և օրենսդրական համակարգը հնարավոր լինի համարել օրենքի գերակայության չափանիշներին բավարարող։ Ցավոք, այդ սահմանափակման մասին մեր խորհրդարանականները երբեմն մոռանում են, ովքեր կարծում են, որ իրենց կողմից ռեկորդային ժամկետում ընդունվող ցանկացած օրենք անմիջապես դառնում է օրինական սահմանափակում, որը կպահպանվի հասարակության կողմից։
Հայեկի գաղափարներից շատերը չափազանց արմատական էին և ոչ մի իրական կիրառություն չգտան: Օրինակ, փողի թողարկման պետական մենաշնորհից հրաժարվելու գաղափարն այդպես էլ մնացել է հիպոթետիկ կառուցվածք, որին չեն աջակցել ո՛չ մյուս տնտեսագետները, ո՛չ էլ, առավել ևս, կառավարությունները։ Բայց պատմության մեջ Հայեկը կմնա XX դարի մեծագույն մտածողներից և ազատականության ամենապայծառ կողմնակիցներից մեկը։ Քեյնսի հետ նրա բանավեճը մնում է արդիական նաև մեր օրերում։ Առավել ևս, որ, ինչպես սովորաբար տեղի է ունենում երկու մեծ մտածողների միջև բանավեճի դեպքում, երկուսն էլ ճիշտ էին՝ մատնանշելով տնտեսության մեջ պետության միջամտության հնարավոր դրական և բացասական կողմերը: Միայն և՛ Քեյնսի, և՛ Հայեկի դատողությունները հաշվի առնելով կարելի է գտնել ճիշտ հավասարակշռություն, որը ճգնաժամի ժամանակ պետությանը թույլ կտա փրկող բժշկի դեր կատարել, ընդ որում՝ առանց վտանգելու երկարաժամկետ տնտեսական աճը:
Ռուբեն Ենիկոլոպով
Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր