The Heritage Foundation-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում (2021 Index of Economic Freedom) Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Հայաստանի տնտեսական ազատության գնահատականը կազմում է 71,9 միավոր, ինչը մեր երկրի տնտեսությունը 178 երկրների շարքում դարձնում է 32-րդ ամենաազատ տնտեսությունը։ 2020թ․ գնահատականի համեմատ Հայաստանի ընդհանուր միավորն աճել է 1,3 կետով, հիմնականում հարկաբյուջետային վիճակի բարելավման հետևանքով։ Եվրոպական տարածաշրջանի 45 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 18-րդ տեղը և ընդհանուր միավորը բարձր է տարածաշրջանի և աշխարհի միջին ցուցանիշներից:
Տնտեսական ազատության 2020 թվականի համաթվով Հայաստանը զգալի բարելավել էր իր դիրքերը, որի հետևանքով «չափավոր ազատ» տնտեսություն ունեցող երկրից դասվել էր «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կազմում Հայաստանն առաջատար է տնտեսական ազատությամբ։ «Հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին Հայաստանից բացի դասվել է միայն Ղազախստանը՝ 71,1 ընդհանուր միավորով զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը։ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն էականորեն զիջում են իրենց տնտեսական ազատության ցուցանիշներով՝ դասվելով «չափավոր ազատ» երկրների շարքին․ Ղրղզստանը զբաղեցրել է 78-րդ տեղը, իսկ Ռուսաստանն ու Բելառուսը՝ համապատասխանաբար 92-րդ և 95-րդ տեղերը։
Հարևան երկրներից Հայաստանը զիջում է միայն Վրաստանին։ Տնտեսական ազատությամբ այն բավական լավ դիրքում է գտնվում՝ 77,2 միավորով զբաղեցնելով 12-րդ տեղը։ Իրանը շարունակում է դասվել «ճնշված» տնտեսական ազատություն ունեցող երկրների շարքին։
Տնտեսական ազատության 2021թ․ համաթիվն ըստ երկրների
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում տնտեսական ազատությունն արդեն երկար տարիներ տատանվում է «չափավոր ազատ» և «հիմնականում ազատ» դասակարգումների միջև։ Տնտեսական ազատության ավելի բարձր մակարդակ ավելի լավ ինստիտուցիոնալացնելու համար կառավարությունը պետք է իր ուշադրությունը սևեռի դատական համակարգի արդյունավետության և կառավարության ազնվության բարձրացման վրա։ Օրենքի գերակայության ամրապնդումը նույնպես դրական ազդեցություն կունենա ներդրումների ազատության վրա։
Ի՞նչ է տնտեսական ազատության համաթիվը
Տնտեսական ազատության համաթիվն իրենից ներկայացնում է ընտրված պարամետրերի հիման վրա հաշվարկված ամբողջական ցուցանիշ։ Ինդեքսում գնահատվում են տնտեսական ազատության 12 ասպեկտներ, որոնք խմբավորվում են 4 խոշոր կատեգորիաներում․
- Օրենքի գերակայություն (սեփականության իրավունք, դատական արդյունավետություն, կառավարության ազնվություն)
- Կառավարության չափ (հարկային բեռ, պետական ծախսեր, հարկաբյուջետային վիճակ)
- Կարգավորման արդյունավետություն (բիզնես ազատություն, աշխատանքի ազատություն, դրամավարկային ազատություն)
- Շուկայի բացություն (առևտրային ազատություն, ներդրումային ազատություն, ֆինանսական ազատություն)։
The Heritage Foundation-ի 2021 թվականի Տնտեսական ազատության համաթվով համաշխարհային տնտեսական ազատությունը երկրորդ տարին անընդմեջ մնում է ռեկորդային 61.6 միավորով բարձր մակարդակում՝ չնայած համաշխարհային համավարակի անորոշությանը։ Սինգապուրը մնացել է առաջին տեղում՝ որպես աշխարհի ամենաազատ տնտեսություն, մինչդեռ ԱՄՆ-ն արձանագրել է իր վատագույն արդյունքը և վարկանիշը համաթվի հաշվարկման ամբողջ ընթացքում, ինչն անվերահսկելի ծախսերի և ամերիկացիների կողմից օրենքի գերակայության նկատմամբ վստահության կորստի արդյունք է:
Համաթիվը ցույց է տալիս, որ համաշխարհային տնտեսությունն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ «չափավոր ազատ», սակայն նախազգուշացնում է, որ համավարակի երկարատև ազդեցությամբ պայմանավորված՝ համաշխարհային տնտեսության ընդհանուր հեռանկարները մնում են մարտահրավերներով լի, հատկապես զարգացող շատ երկրներում:
Համաթվի հաշվարկման պատասխանատուները նշում են, որ քաղաքականության որոշ միջոցառումներ, որոնք ձեռնարկվել կամ պլանավորվել են ամբողջ աշխարհում կառավարությունների կողմից ի պատասխան առողջապահական համաշխարհային ճգնաժամի, վտանգում են տնտեսական ազատությունը և, հետևաբար, երկարաժամկետ տնտեսական աճն ու բարգավաճումը: Իսկ տնտեսական վերականգնման համար տնտեսական ազատությունը չպետք է սահմանափակվի կառավարության ընդլայնված արտակարգ լիազորություններով։