1990-ական թվականներին Շվեդիայում ստեղծվեց դպրոցների ֆինանսավորման վաուչերային համակարգ, որի արդյունքում մասնավոր ու պետական դպրոցները սկսեցին ֆինանսավորվել հավասար պայմաններով. պետության կողմից մի աշակերտին բաժին ընկնող վաուչերի արժեքը նույնն էր թե՛ մասնավոր, թե՛ պետական դպրոցներում: Այս փոփոխության հիմքում, իհարկե, Միլթոն Ֆրիդմանի գաղափարն էր, որը նա սկսել էր շրջանառել դեռևս 1950-ական թվականներից: Նյու Յորք Թայմսում տպագրված «Դպրոցը վաճառել այնպես, ինչպես մթերային խանութները» հոդվածով Ֆրիդմանը ուրվագծում էր մի ապագա, որտեղ ավանդական հանրային դպրոցներին փոխարինելու էին գալիս «բարձր կապիտալացված շղթայով», «սուպերմարկետների նման» աշխատող շահույթ հետապնդող կազմակերպությունները՝ ապահովելով ազատ շուկայական մրցակցություն կրթական ոլորտում: Շվեդիան Չիլիից հետո առաջին երկիրն էր, որը փորձեց ազգային մասշտաբով կյանքի կոչել Ֆրիդմանի գաղափարը:
Շվեդիայում վաուչերային համակարգի լավագույն ձեռքբերումը Kunskapsskolan («Քունսքապսքոլան», շվեդերենից թարգմ.՝ «գիտելիքի դպրոց») դպրոցն է, որը ստեղծվեց 90-ականների վերջին ձեռնարկատեր Փեյե Էմիլսոնի կողմից: Նրա նպատակը այնպիսի դպրոց ստեղծելն էր, ինչպիսին ինքը չէր ունեցել, երբ երեխա էր: Նա ուզում էր իր և բոլոր երեխաների համար ստեղծել մի դպրոց, որի հիմքում այն գաղափարն է, որ մարդիկ տարբեր են:
Դպրոցի համահիմնադիրները Ֆրիդրիխ Հայեկի ու Միլթոն Ֆրիդմանի ազատական գաղափարների հավատարիմ հետևորդներ էին: Էմիլսոնը շվեդական դպրոցների մասնավորեցումն ու առևտրայնացումը նկարագրում է որպես «ազատության պայթյուն»: Այն հարված է «մոնոլիտ պետական համակարգին, որը սակավ ընտրություն է ապահովում»: Վաուչերը հեղափոխություն է կրթության ոլորտում, իսկ դրա համար մարդիկ նախ պետք է գիտակցեն, որ «շահույթը» կեղտոտ բառ չէ. Kunskapsskolan-ի ղեկավարությունը, առանց ընդդիմադիրների մեղադրանքներից վախենալու, հայտարարում էր, որ «իրենք դեմ չեն համեմատվել McDonald’s-ի հետ»:
2000 թվականին բացվեցին Kunskapsskolan-ի առաջին միջնակարգ դպրոցները Շվեդիայում, հետագայում բացվեցին նաև տարրական դպրոցներ: Այդ տարիներին շվեդ մանկավարժներ Բիրգիտա Էրիքսոնը և Թորբյորն Բինդեկրանսը սկսեցին պայքարել այն ավանդական մոտեցման դեմ, որով կրթությունը կարծես «կարվում» էր այնպես, որ հարմար լինի բոլորին: Մինչդեռ կյանքը ցույց էր տալիս, որ այն, ինչ նախատեսված է բոլորի համար, իրականում հարմար է քչերին: Կրթության դեպքում այդ քչերը միջին առաջադիմությամբ երեխաներն էին, ովքեր, ըստ օրինաչափության, կազմում էին դասարանի 1/3-ը: Արդյունքում՝ մի 1/3-ը ընդհանրապես չէր կարողանում հասնել այս մակարդակին, իսկ մյուս՝ «ամենակարող» 1/3-ը ծայրաստիճան ձանձրանում էր:
Այս խնդրով մտահոգված Բիրգիտան ու Թորբյորնը մշակեցին այնպիսի մեթոդներ, որոնք սովորողին դնում են ուսումնական գործընթացի կենտրոնում: Սա, այսպես կոչված, աշակերտակենտրոն ուսուցումն է, որը հաճախ ուղղակի «պատճենվում» է տարբեր կրթական համակարգերի կողմից, սակայն ոչ այնքան լավ ու ոչ այնքան բովանդակային իմաստով: Բիրգիտայի ու Թորբյորնի մոտեցման հիմքում անհատական աշխատանքն էր յուրաքանչյուր աշակերտի ուղղությամբ. անհատական նպատակներ, անհատական մարզում և սովորելու անհատական ռազմավարություն: Այս ուսուցիչների մոտեցումը մեծ արձագանք գտավ ամբողջ Շվեդիայում: Kunskapsskolan-ի ղեկավարությունը որոշեց համագործակցել ու միասին մշակել 21-րդ դարի կրթության հայեցակարգը, որի հիմքում դրվեցին հետևյալ չորս սկզբունքները.
- Մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ տարբեր են,
- Մենք ունենք շատ մեծ ակնկալիքներ,
- Մենք կրթում ենք կյանքի համար,
- Մենք հավատում ենք, որ կյանքն այն է, ինչը դու ես ստեղծում:
Kunskapsskolan-ի մոդելում ուսուցումը կազմակերպվում է KED (Kunskapsskolan EDucation) ծրագրով: Ծրագրի էությունը վեբ կայքում ստեղծված առցանց ուսուցման հարթակի ու դպրոցում կազմակերպվող դասերի միջոցով երեխայի անհատական զարգացումը պլանավորելն ու իրականացնելն է: KED ծրագրի հիմնական տարրերն են մարզումը, նպատակներն ու ռազմավարությունը, որոնք հստակեցվում ու մշակվում են ծրագրային ապահովման միջոցով:
Ուսուցման համար կա երկու հիմնական մեթոդ՝ քայլերով ու թեմաներով: Օրինակ՝ լեզուներն ու մաթեմատիկան երեխաները սովորում են քայլերով. Ամեն նոր քայլ ավելի դժվար է, քան նախորդը ու աշակերտը քիչ-քիչ զարգացնում է իր իմացությունը տվյալ առարկայից: Իսկ թեմաներով ուսուցման դեպքում երեխան կարողանում է տեսնել միջառարկայական կապերը, ավելի համապարփակ գաղափար կազմել տարբեր երևույթների մասին՝ դրանք ուսումնասիրելով միմյանց հետ հարաբերություններում: Օրինակ՝ «Աստղ» կոչվող թեման իր մեջ ներառում է պատմություն, կրոն, սննդի տեխնոլոգիա, աշխարհագրություն, արվեստ, դրամա, երաժշտություն, պար և այլն: Պատմության շրջանակներում աշակերտները ուսումնասիրում են այն մարդկանց որակները, ովքեր «աստղային» կարգավիճակ են ստացել պատմական տարբեր ժամանակներում: Կրոնում նրանք սովորում են աստղերի և խորհրդանշանների մասին պատկերացումները հավատացյալների շրջանում: Սննդի տեխնոլոգիայում ուսանողները ծանոթանում են «աստղային» խոհարարներին և այլն: Այսպես դպրոցում առարկաները սովորում են այնպես, ինչպես որ դրանք կապված են իրական կյանքում:
Ուսուցիչը դպրոցում ոչ թե «դաս է տալիս», որը երեխան պետք է սովորի, այլ ուղղակի հնարավորինս շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ: «Դաս տալու» խնդիրը պատվիրակված է տեղեկատվական տեխնոլոգիաներին, այսինքն՝ KED ծրագրի առցանց ուսուցման հարթակին: Ուսուցիչները ազատված են պլանավորման ու դասավանդման հիմնական աշխատանքներից. իրենց միակ խնդիրը երեխաներին աջակցելն է:
Առցանց հարթակի միջոցով երեխան կարող է ինքն իր առաջ նպատակներ դնել, օրինակ՝ «A» գնահատական ստանալ անգլերենից: Այդ նպատակին հասնելու համար համակարգը սահմանում է առաջադրանքը, որը անհրաժեշտ է նպատակին հասնելու համար, այնուհետև այն բաժանում է կառավարվող ու գնահատելի մասերի ու դրանք ուղարկում սովորողին՝ նրա «կրթական պատմությունը» ու անհատականությունը «հիշելով»: Ընթացքը վերահսկվում է ուսուցչի հետ ամենշաբաթյա 15-րոպեանոց անհատական հանդիպումների միջոցով: Ահա թե ինչու Kunskapsskolan-ում ուսուցչին անվանում են անհատական մարզիչ, ով երեխային աջակցում է կոնկրետ նպատակների հասնելու ճանապարհին: Իհարկե, ուսուցիչների հետ շփման այլ ձևեր էլ կան՝ դասախոսություններ, սեմինարներ և այլն, քանի որ բացի անհատական մարզչից կան նաև առարկայի ուսուցիչներ, ընդհանուր ուսուցիչներ և թիմի անդամ ուսուցիչներ:
KED ծրագիրը, որը տեղադրված է առցանց ուսուցման հարթակում, պաշտպանված է հեղինակային իրավունքով: Այն հնարավոր է գնել, խմբագրել ու հարմարեցնել ցանկացած երկրի ազգային պահանջներին: Սրանով պայմանավորված մարդիկ KED ծրագիրը համեմատում են IKEA-ի հետ, որտեղ առկա է կահույքի ինքնահավաքման հնարավորություն:
Ավանդական դպրոցը, որը 19-րդ դարի գյուտ է, աշակերտներին զանգվածային կրթություն է տալիս: Այժմ շատ դպրոցներում դասասենյակները գրեթե նույնն են, ինչ վիկտորիանական դարաշրջանում. մի ուսուցիչ, ով կանգնած է երեխաների դիմաց մի դասագրքով, գրատախտակով ու կավիճով: Տեխնոլոգիական ու սոցիալական փոփոխությունները ակնհայտ են դարձրել, որ այսօրվա դպրոցը երեխաներին պետք է պատրաստի լրիվ այլ աշխարհի համար:
Ժամանակակից առևտրայնացված դպրոցները, որոնք գտնվում են ամենատարբեր տեխնոլոգիական հսկաների ուշադրության կենտրոնում (օրինակ՝ Facebook-ի), իրենց տեսլականով ուղղված են դեպի ապագան: Օրինակ` Kunskapsskolan-ը ավելի շատ նման է ժամանակակից, ստեղծագործական գիտելիքի արդյունաբերման վայրի, քան ավանդական դպրոցի՝ մեծ, բաց տարածություններ, շատ ապակի ու լույս: Չնայած այս ամենին՝ Kunskapsskolan-ի հատուկ ճարտարապետության շնորհիվ տնտեսվում է տարածքը. եթե Շվեդիայի ավանդական դպրոցում մի սովորողին բաժին է ընկնում 12 քառակուսի մետր տարածք, ապա Kunskapsskolan-ի դպրոցներում՝ 7 քառակուսի մետր: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Kunskapsskolan-ի նման դպրոցների աշակերտները գերազանցում են պետական դպրոցների աշակերտներին իրենց առաջադիմությամբ ու ակադեմիական նվաճումներով:
Շվեդիայի տարածքում գործող Kunskapsskolan դպրոցները ֆինանսավորվում են վաուչերների միջոցով: Ի շնորհիվ մոդելի հաջողության ու գրաված ուշադրության՝ այժմ KED ծրագիրը կիրառվում է աշխարհի 3 մայրցամաքների 6 երկրներում։ Ընդհանուր առմամբ աշխարհում կա մոտ 80 Kunskapsskolan դպրոց, որից 36-ն է գտնվում Շվեդիայում: Բացի Kunskapskolan-ի դպրոցներից, կան նաև, այսպես կոչված, KED դպրոցներ, որոնք պարզապես գնել են KED ծրագիրը ու ներդրել իրենց դպրոցում: Մերձավոր Արևելքի տարածքում գնալով տարածվում է նույն թիմի կողմից ստեղծված KEDTech ընկերությունը, որը զբաղվում է զարգացող տնտեսություններում կրթական տեխնոլոգիաների ու ծառայությունների մշակմամբ: