Շվեդիան, ինչպես և Ֆինլանդիան ու Դանիան, լյութերականություն դավանող երկիր է: 16-րդ դարում լյութերական բարենորոգումները հավասարությունը, կրթությունն ու լուսավորությունը դրեցին շվեդական հասարակության արժեհամակարգի հիմքում: Այժմ Շվեդիան աշխարհի ամենասոցիալական պետություններից մեկն է, իսկ լավ կրթական համակարգը լավ հասարակության պատճառն ու հետևանքն է միաժամանակ:
Վերջին տասնամյակում փորձագետները շվեդական կրթության բարձր որակի մասին կարծիքը սկսել են կասկածի տակ առնել: Պատճառը կրթության ոլորտի միջազգային մրցություններում, ինչպես օրինակ՝ «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) ստուգատեսներին ու «Մաթեմատիկայի և գիտության միջազգային ուսումնասիրության միտումներում» (TIMSS), շվեդ աշակերտների դրսևորած ցածր կատարողականն է: Մասնագետների մի խումբ սա իրապես համարում է վատ կրթության ցուցիչ, իսկ մեկ այլ խումբ կարծում է, որ, օրինակ, PISA-ում անտեսված են անձնային աճը, ստեղծագործականությունը և այլ տարրեր, որոնք պակաս կարևոր չեն, քան մաթեմատիկան ու գիտությունը, որոնց վրա կենտրոնացած է PISA-ն: Այս վեճերին զուգահեռ Շվեդիան անխոնջ աշխատանքով զարգացնում, բարելավում է իր կրթական համակարգը՝ սովորելով Ֆինլանդիայից, Կորեայից (որտեղ ուսուցիչների աշխատավարձերն ավելի բարձր են) և Նիդեռլանդներից (որտեղ դասարաններում աշակերտների թիվը ավելի փոքր է):
Շվեդ երեխաների համար կրթությունը սկսվում է 1 տարեկանից, երբ նրանք հաճախում են նախադպրոցական հաստատություններ: Նախադպրոցական տարիքի երեխաների շուրջ 83%-ը հաճախում է մանկապարտեզ, մեծ մասը՝ 1 տարեկանից: Մանկապարտեզները անվճար են անվճարունակ ընտանիքների համար, իսկ վճարունակներից համայնքային բյուջե է գանձվում ոչ մեծ գումար: Մանկապարտեզներում երեխաների հիմնական զբաղմունքը խաղալն է, մաթեմատիկա ու լեզուներ սովորելիս ևս երեխաները խաղում են:
Գծ. 1. Շվեդիայի կրթական համակարգը
Մանկապարտեզների ու դպրոցի միջև մակարդակների մեծ տարբերությունը մեղմելու համար ներդրվել է նախադպրոցական մեկ տարի՝ «զրո դասարան» 6-7 տարեկանների համար: Այն քիչ է տարբերվում առաջին դասարանից և ունի նախապատրաստական բնույթ: Շվեդ երեխաների գրեթե 98%-ը հաճախում է «զրո դասարան», որտեղ ուսումնասիրվող հիմնական թեմաներից են լեզուն և հաղորդակցությունը, արտահայտման ստեղծագործական և գեղագիտական ձևերը, մաթեմատիկական հիմնավորումը, բնությունը, տեխնոլոգիան և հասարակությունը, խաղերը, ֆիզիկական ակտիվությունը և բացօթյա էքսկուրսիաները:
Շվեդիայում, ինչպես բոլոր զարգացած հասարակություններում, հասկացել են, որ մարդը պետք է կարողանա անել բաներ, որոնք համակարգիչը չի կարող: Իսկ գիտելիք «անգիր անելը» վաղուց արդեն համակարգչի մենաշնորհն է, և անիմաստ է մրցակցության մեջ մտնել: «Զրո դասարանում» երեխայից ակնկալվում է զարգացնել հետևյալ կարողությունները.
- ստեղծել և պահպանել լավ հարաբերություններ, կարողանալ համագործակցել,
- շփվել բանավոր և գրավոր տարբեր իրավիճակներում և նպատակներով,
- օգտագործել մաթեմատիկական հիմնավորումները հաղորդակցվելու և խնդիրներ լուծելու համար,
- ուսումնասիրել և նկարագրել բնության, տեխնոլոգիայի և հասարակության մեջ առկա երևույթներն ու հարաբերությունները,
- կարողանալ հարմարվել տարբեր միջավայրերում, և այլն:
Շվեդիայում գործում է դպրոցների վաուչերային համակարգ 1990-ական թվականներից: Կան նաև պետական ֆինանսավորմամբ մասնավոր, շահույթ հետապնդող, այսպես կոչված, չարտերային դպրոցներ: 2020 թվականի տվյալներով չարտերային դպրոց է հաճախում պարտադիր դպրոցի սովորողների 15%-ը և ավագ դպրոցի սովորողների 28%-ը: Չարտերային դպրոցների թիվը գնալով աճում է: Սա լուրջ քննադատության առիթ է տալիս. շատերին մտահոգում է, որ իրենց վճարած հարկերից ինչ-որ մարդիկ շահույթ են ստանում: Սակայն նրանց ընդդիմադիրները փաստում են, որ նախ այդ շահույթը չնչին տոկոս է, և հետո այս դպրոցները ունեն ավելի արդյունավետ աշխատելու մոտիվացիա, քանի որ այնքան էլ հեշտ չէ ստանալ չարտերային դպրոցի կարգավիճակ ու թույլտվություն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չարտերային դպրոցների երեխաների ծնողներն ավելի գոհ են կրթության որակից, իսկ ըստ կրթական ընդհանուր ցուցանիշների` այս դպրոցներն իսկապես իրենց տված արդյունքով գերազանցում են պետական դպրոցներին:
Շվեդական դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճ ունենալը պարտադիր չէ, առհասարակ շենքային պայմանների նկատմամբ պահանջները բավականին մեղմ են: Ավելի էական է կրթության որակը, որն այնքան էլ մեծ կախվածություն չունի շենքային և այլ տեխնիկական պայմաններից: Իսկ որակի ցուցիչ է համարվում քննադատաբար մտածելու, ստեղծագործելու, նորաստեղծության և այլ կարողությունների զարգացումը: Շվեդական դպրոցներում երեխաները սկսում են գնահատվել միայն 6-րդ դասարանից, սակայն գնահատականների նշանակությունը զուտ «գնահատողականն» է, ոչ թե պատժի կամ դրա սպառնալիքի միջոցով սովորել ստիպելը: Շվեդական կրթական համակարգում նախկինում գործում էր 4-միավորանոց, այժմ՝ 6-միավորանոց (A-ից F) գնահատման համակարգ: Անբավարար է համարվում միայն F-ը (fail), որի դեպքում, սակայն, երեխան ստանում է գրավոր կարծիք ուսուցչի կողմից, թե ինչ քայլերով կարելի է բարելավել կատարողականը:
Շվեդիայում հիմնական կրթության 9 տարիների ընթացքում աշակերտները սովորում են շվեդերեն, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, անգլերեն, ձեռքի աշխատանք, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, պատմություն, սոցիալական ուսումնասիրություններ, կրոն, աշխարհագրություն և տնային տնտեսագիտություն: 6-րդ դասարանում առաջարկվում է ևս մի օտար լեզու, որը, սակայն, կամավոր է: Ցանկացած դպրոց պետք է կարողանա ապահովել 3 օտար լեզուներից (իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն) մեկի ընտրության հնարավորություն: Քանի որ Շվեդիայում դպրոցներին տրված է լայն ինքնավարություն, նրանք կարող են առաջարկել նաև հավելյալ այլ առարկաներ՝ որոշակի ժամաքանակին համապատասխան:
Հիմնական կրթության միջին փուլից՝ 6-րդ դասարանից առաջ յուրաքանչյուր սովորողի համար մշակվում է Անհատական զարգացման ծրագիր (Individual Development Plan – IDP)՝ ըստ ուսուցիչների ոչ ֆորմալ գնահատականների: Երեխաները պարբերաբար զրուցում են ուսուցիչների հետ իրենց IDP-ի մասին, այն որոշակի շտկումների են ենթարկում, բարելավում: Այսպես նրանք սովորում են պատասխանատու լինել իրենց աճի ու զարգացման համար:
Հիմնական դպրոցի 3-րդ, 6-րդ ու 9-րդ դասարաններում անցկացվում են ազգային թեստեր, որոնց նպատակը սովորողների ընդհանուր մակարդակը գնահատելն է: 3-րդ դասարանում թեստը նման է խաղի, որում ներգրավվում են երկու երեխա ու առօրյա խնդրի միջոցով առնչվում շվեդերենին ու մաթեմատիկային: Սակայն այս թեստից երեխաները գնահատական չեն ստանում, քանի որ գնահատման համակարգը գործում է 6-րդ դասարանից: 6-րդ և 9-րդ դասարաններում քննական առարկաներին միանում է նաև անգլերենը: 9-րդ դասարանում ավելանում են նաև մեկ առարկա բնագիտությունից ու մեկ առարկա սոցիալական գիտություններից: Ազգային թեստերի համակարգը հաճախ է քննադատվում, քանի որ եղել են դեպքեր, երբ քննական թեստերը հայտնվել են համացանցում կամ այլ ճանապարհներով շրջանառվել են մինչև քննության օրը:
Շվեդիայում դպրոցական տարին սկսվում է օգոստոսի կեսին կամ վերջին, ավարտվում՝ հունիսի սկզբին կամ կեսին: Դեկտեմբերին կա մոտ կեսամսյա արձակուրդ: Դպրոցական օրը սկսվում է 8:30-ին, փոքրերի համար ավարտվում՝ 14:30-ին, իսկ ավելի մեծերի համար՝ 15-16:00-ին: Ի տարբերություն արևելյան երկրների, շվեդական դպրոցներում տնային առաջադրանքների ծավալը փոքր է: Մեղմ է նաև վերաբերմունքը երեխաների վարքի նկատմամբ: Ուսուցիչը ոչ թե ստիպում, այլ ուղղակի օգնում է երեխային կատարելագործվել. բնականաբար, խոսք չի կարող լինել ֆիզիկական պատժի մասին: Երբ ցածր տարիքի շվեդ դպրոցականներին հարցրել են, թե արդյոք նրանց նկատմամբ կիրառվում են ֆիզիկական պատիժներ, օրինակ՝ «ականջը ձգել» կամ «դաստիարակչական ապտակ» տալ, նրանք ուղղակի չեն հասկացել հարցը: Երեխաները ազատ են անել այն, ինչ ուզում են, օրինակ՝ դասի ընթացքում զրուցել, կանգնել, օգտվել դասարանի փոքրիկ «բուֆետից»՝ ջուր խմել, միրգ կամ խմորեղեն վերցնել:
Ավագ դպրոցը՝ գիմնազիան թեպետ պարտադիր չէ, բայց 2020 թվականի տվյալներով իննամյա դպրոցն ավարտողների 86%-ը շարունակել է կրթությունը ավագ դպրոցում: Կան ավագ դպրոցների 18 ազգային ծրագրեր, որոնցից 6-ը նախապատրաստում են բուհական ընդունելությանը, իսկ 12-ը ունեն մասնագիտատեխնիկական (արհեստագործական) ուղղվածություն (սակայն այս ծրագրերը ևս թույլ են տալիս հետո բուհ ընդունվել): Թեպետ մասնագիտատեխնիկական ծրագրերը կրկնակի շատ են, սակայն այնտեղ սովորում է աշակերտների մոտ 30%-ը, ի տարբերություն, օրինակ, Շվեյցարիայի, որտեղ արհեստագործական ծրագրերն ընտրում է աշակերտների մոտ 65%-ը:
Գծ. 2. Շվեդական ավագ դպրոցի 18 ազգային ծրագրերը
Ավագ դպրոց՝ գիմնազիա ընդունվելու համար քննություններ չկան: Պարզապես անհրաժեշտ է առարկայական գնահատականները (A-ից F) բերել թվային տեսքի ըստ հետևյալ սանդղակի. A = 20, B = 17.5, C = 15, D = 12.5, E = 10: Եթե աշակերտը անցել է 17 առարկա, ապա նա կարող է վաստակել առավելագույնը 340 միավոր, իսկ 16-ի դեպքում՝ 320: Ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով: Արհեստագործական ծրագրերի դեպքում պահանջվում է ունենալ անցողիկ գնահատականներ հիմնական առարկաներից և 5 ցանկացած առարկայից, իսկ նախաբուհական ծրագրերի դեպքում` հիմնական առարկաներից ու 9 այլ առարկայից: Հիմնական առարկաներն են անգլերենը, շվեդերենը ու մաթեմատիկան, որոնցից առնվազն մեկը ձախողելը բավարար է ավագ դպրոց չընդունվելու համար: Նախաբուհական ծրագրերի դեպքում կան որոշակի առարկաներ, որոնք ծրագրից կախված պարտադիր են: Այսպես, բիզնեսի կառավարման և տնտեսագիտության, հումանիտար ու սոցիալական գիտությունների ծրագրերի համար 9 առարկաների շարքում պարտադիր են աշխարհագրությունը, պատմությունը, սոցիալական գիտություններն ու կրոնը, բնական գիտությունների և տեխնոլոգիայի ծրագրերի դեպքում՝ կենսաբանությունը, ֆիզիկան ու քիմիան: Իսկ արվեստի նախաբուհական ծրագրի դեպքում սահմանափակում չկա:
Շվեդական մանկավարժական մտքի արդյունք է «Kunskapsskolan» («քունսքապսքոլան», շվեդերենից թարգմ.՝ գիտելիքի դպրոց) դպրոցը, որը ստեղծվել է 2000 թվականին ու տարածվել նաև Շվեդիայից դուրս: Այժմ աշխարհում կա մոտ 80 «Kunskapsskolan» դպրոց, որից 36-ը գտնվում է Շվեդիայում: Դպրոցի այս տեսակում ուսուցիչը նման է մարզչի, ով համագործակցում է երեխայի հետ ու նրա առաջ դնում այնպիսի խնդիրներ, որոնք ստիպում են քննադատաբար մտածել ու ստեղծագործել: Իր այս հատկանիշներով «Kunskapsskolan» դպրոցը նման է Իսրայելի «Gvahim» և «Magshimim» ծրագրերին։
Չնայած ունեցած ձեռքբերումներին՝ Շվեդիան դեռևս ունի խնդիրներ կրթական համակարգում, որոնցից են սովորողների միջև կատարողականների խորացող տարբերությունները, ավագ դպրոցը ավարտողների տեսակարար կշռի նվազումը (վերջին տվյալներով ավագ դպրոցը ավարտել է ավարտական դասարանի աշակերտների մոտ 75%-ը), ուսուցիչների պակասը և այլն: Այս խնդիրները մեղմելու համար մոտ 10 տարի է, ինչ գործարկվել են բարեփոխումներ: Այդ տարիների ընթացքում կրթության ոլորտում պետության կատարած ծախսերը կազմել են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 15%-ը, ինչն էլ կազմում է ՀՆԱ-ի մոտ 7%-ը: Համեմատելու համար նշենք, որ սրանք մոտ կրկնակի ավելի են Հայաստանի համապատասխան ցուցանիշներից:
Գծ. 3. Կրթության ոլորտում պետության կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում ու ՀՆԱ-ում (Շվեդիա, Հայաստան)
Բարեփոխումների նպատակներից մեկը ուսուցչի կարգավիճակի բարձրացումն է: Ըստ ՏՀԶԿ-ի կողմից կազմակերպվող Ուսուցման ու սովորելու հարցման (TALIS – Teaching and Learning Survey) 2018 թվականի տվյալների՝ Շվեդիայում ուսուցչական անձնակազմի 36%-ի տարիքը 50-ից բարձր է, միջին տարիքը 46 է, ինչը ավելի բարձր է, քան ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշը: Սա վկայում է, որ շվեդական ուսուցչական անձնակազմը ունի թարմացման կարիք: Այս նպատակով մի կողմից քննարկվում է հանել մանկավարժական համալսարանի դիպլոմի պահանջը՝ այսկերպ փորձելով լուծել ուսուցիչների պակասի հարցը: Իսկ մյուս կողմից, 2013 թվականի դեկտեմբերի 1-ից ուսուցիչների համար պահանջվում է մասնագիտական սերտիֆիկացում, որը նպատակ ունի քանակական պահանջներից բացի բավարարել նաև որակական պահանջները մանկավարժի նկատմամբ: Շվեդիայում ուսուցչի աշխատավարձը ՏՀԶԿ երկրների միջինից բարձր է. սկսնակների համար այն 3300-3500 ԱՄՆ դոլար է, իսկ 15-ամյա աշխատանքային փորձ ունեցողների համար՝ 3800-4000 ԱՄՆ դոլար:
Շվեդական կրթական համակարգի խնդիրներից մեկն էլ փոխադարձ վստահության պակասն է պետության, մասնագիտական համայնքների, դպրոցների ու հասարակության միջև: Պատճառներից գլխավորը կրթական համակարգի ներքաշումն է քաղաքական գործընթացների մեջ, ինչը բացասաբար է անդրադառնում համակարգի առողջության վրա: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը իր «Շվեդական կրթական մոդելի լավ ու վատ կողմերը» հոդվածում, խոսելով կրթության ապաքաղաքականացման մասին, մեջբերում է իր շվեդ գործընկերների այն տեղին համեմատությունը, որ «քաղաքական գործիչներից քչերն են պատրաստ թելադրել բժիշկներին, թե ինչպես է պետք բուժել հիվանդներին, սակայն նույն գործիչները միշտ գիտեն, թե ինչպես է պետք կրթել երեխաներին»: Սա ակնհայտորեն խոսում է ուսուցչի մասնագիտության նկատմամբ անպատշաճ ու անհարգալից վերաբերմունքի մասին, որը դրսևորվում է թե’ քաղաքական շրջանակների գործողություններում, թե’ հանրության ընկալումներում: Շվեդական կրթական համակարգը ախտահարած այս խնդիրը սպառնում է նաև մեր կրթության համակարգի առողջությանը՝ հրատապ դարձնելով ուսուցչի մասնագիտության կարգավիճակի բարձրացման հարցը, ֆինանսական ու ոչ ֆինանսական բաղադրիչների վերանայման միջոցով: