Կարո՞ղ են բռնապետությունները կամ ավտորիտար վարչակարգերը ժողովրդավարությունից ավելի լավը լինել:
Ֆրիդրիխ Հայեկը Նոբելյան մրցանակ է ստացել տնտեսագիտության բնագավառում, բայց նրա աշխատությունների մեծ մասը նվիրված է քաղաքական փիլիսոփայությանը: Հայեկն ապրել ու աշխատել է Ավստրիայում, Գերմանիայում, Բրիտանիայում, Ամերիկայում, դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, Չիկագոյի համալսարանում և մշտապես շրջապատված է եղել այնպիսի փայլուն մտածողներով, ինչպիսիք էին Ջոն Մեյնարդ Քեյնսը, Սըր Ջոն Հիքսը, Բերտրան Ռասելը, Միլթոն Ֆրիդմենը և շատ այլք: Հայեկը մահացել է 1992թ.՝ 93 տարեկան հասակում:
Հայեկի ամենահայտնի գործերից է «Ճանապարհ դեպի ստրկություն» աշխատությունը: Գրքի իմ ամենասիրելի գլուխը կոչվում է «Ինչու՞ են իշխանության գալիս վատագույնները»: Հայեկը հարցնում է. «Արդյո՞ք կարող ենք պնդել, որ, եթե ավտորիտար վարչակարգերում իշխանության հասնեն լավ մարդիկ, նրանք կարող են և կօգտագործեն այդ համակարգի ահռելի հնարավորություններն ի շահ հանրության: Ուստի, կարո՞ղ ենք պնդել նաև, որ ավտորիտար համակարգն ինքնին վատ բան չէ. խնդիրն այդ համակարգում իշխանության եկած մարդկանց բնույթն է ու որակը»:
Հայեկը պնդում է, որ ավտորիտար վարչակարգերում ոչ թե լավագույն, այլ վատագույն հատկանիշներ ունեցող մարդիկ են հասնում իշխանության երեք հիմնական պատճառներով:
Առաջին, կրթված և մտավորական մարդիկ սովորաբար տարբեր արժեքների կրողներ են: Նրանք մշտապես հարցեր են առաջ քաշում, բանավիճում են և քննարկում: Սակայն, ավտորիտար վարչակարգի գոյատևման համար անհրաժեշտ է, որ մարդկանց մեծ խմբեր միավորվեն նույն արժեքների շուրջ: Եվ քանի որ կրթված և մտավորական մարդիկ մշտապես հարցադրումներ են կատարում և բանավիճում արժեքների շուրջ, մարդկանց ամենամեծ խումբը, որը նույն արժեքներն ունի, կրթություն չունեցողներն են. «աշխարհայացքի նմանության ու միատեսակության բարձր աստիճան… որտեղ գերակայում են ամենահասարակ բնազդներն ու նախասիրությունները»: Այսպիսով, առաջին գործը, որն ավտորիտար վարչակարգը պետք է կատարի, հասարակության ամենակրթված շերտերի հետ «հարաբերության» մեջ մտնելն է:
Երկրորդ, ընդհանուր և պարզունակ արժեքներ ունեցող մարդիկ (հակառակ կրթված մարդկանց) «պատրաստ են ընդունել արժեքային որևէ պատրաստի համակարգ, եթե միայն այն անհրաժեշտ բարձրությամբ ու հաճախականությամբ թմբկահարվի նրանց ականջներում: Դա կլինեն նրանք, ում փխրուն և անկատար մտքերը հեշտորեն կարելի է փոփոխել, իսկ հույզերն ու զգացմունքները՝ արթնացնել…»: Ինչու՞ մտածել արժեքների մասին, եթե շատ ավելի հեշտ է ընդունել այն, ինչը շուրջբոլորն ընդունում են:
Երրորդ, ավելի հեշտ է միավորել հասարակության պրիմիտիվ շերտերին և խմբերին ընդդեմ մարդկանց մեկ այլ խմբի. «…կարծես բնության օրենք է դարձել այն երևույթը, որ մարդկանց ավելի հեշտ է համաձայնության գալ բացասական օրակարգի շուրջ, օրինակ՝ թշնամու հանդեպ ատելություն, ավելի լավ վիճակում գտնվողների հանդեպ նախանձ, քան որևէ դրական նպատակի»: Հենց սա է, որ բոլոր ավտորիտար վարչակարգերն անում են՝ մոբիլիզացնել մարդկանց ընդդեմ և ոչ հանուն ինչ-որ բանի կամ մեկի:
Եզրակացություն
Հայեկը պնդում էր, որ ավտորիտար վարչակարգերն իրենց բնույթով գրավում և խրախուսում են մարդկանց, ովքեր ունեն վատագույն մարդկային հատկանիշներ: Ավտորիտար վարչակարգերը հենվում են անկիրթ հանրույթի վրա, որն ունի կոպիտ մարդկային բնազդներ՝ ենթակա հեշտ մանիպուլյացիայի: Խնդիրն այն է, որ նույնիսկ ժողովրդավարական համակարգը հեշտորեն կարող է վերափոխվել ավտորիտարի, եթե այն չափից ավելի իշխանություն կենտրոնացնի մեկ անձի ձեռքում: Միակ լուծումն իշխանության ապակենտրոնացումն է: Բարենպաստ բռնապետություններ գոյություն ունեն միայն տեսության մեջ, քանի որ պրակտիկայում դրանք դադարում են լինել բարենպաստ: Այս թեմայով ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Տնտեսապետ արդյունավետ մենիշխանություններ» խորագով մեր նախորդ զեկույցներից մեկին, որը հասանելի է մեր կայքում:
Դավիթ Թավադյան
Նյութի սկզբնաղբյուրը՝ futures-studio.org։