Պարտատոմսերի միջազգային շուկայում Հայաստանի կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.6% արժեկտրոնի եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության այսօր կայացած հերթական նիստում հայտարարել է, որ 2021 թվականին այսպիսի թողարկում ՀՀ կառավարությունն ունեցել է ոչ թե պահային գնահատման արդյունքում, այլ դա եղել է մինչ այժմ միջազգային կապիտալի շուկայում ներդրողների համայնքի կողմից վարված համապարփակ քաղաքականության գնահատականը:
«Պետական պարտքի աճման կամ նվազման մասին խոսելիս շատ կարևոր է անդրադառնալ դրա բովանդակությանը: Առաջին հայացքից բացարձակ թվով աճը ընկալվում է որպես բացասական երևույթ։ Բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի հետևանք է: Այլ կերպ ասած՝ բյուջեում դեֆիցիտ ունեցող երկիրը չի կարող մտածել պարտքի նվազման մասին, քանի որ պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավող փոխառու միջոցների ճանապարհով»,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ քանի դեռ Հայաստանի պետական բյուջեն ունի դեֆիցիտ պետական պարտքի աճն անխուսափելի է:
Նշենք, որ եվրապարտատոմսերի տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3.875%: Ներդրողների պահանջարկը գերազանցել է 2.5 միլիարդ դոլարը։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ եվրապարտատոմսեր Հայաստանը տեղաբաշխել էր 2019 թվականի սեպտեմբերին, երբ 10 տարի մարման ժամկետով, 500 միլիոն դոլար ծավալով պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմել էր 3.95%, իսկ տեղաբաշխման եկամտաբերությունը՝ 4.2%:
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: