Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) գործունեության արդյունքում 2019-2020 թվականներին պետական բյուջե է մուտքագրվել 169.5 մլն դրամ գումար: Տնտեսվարողները տուգանվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու համար: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՏՄՊՊՀ-ից՝ հղում անելով իրավախախտ ընկերությունների ցանկին:
Չնայած այս կառույցի աշխատանքի արդյունքը միայն բյուջե մուտքագրվող գումարներով չի չափվում, սակայն հատկանշական է համեմատությունը, որ ՏՄՊՊՀ-ն բյուջեից մի քանի անգամ ավելի շատ գումար է ստանում, քան նրանց աշխատանքի արդյունքում բյուջե մտնող գումարներն են: Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, 2019 թվականին պետական բյուջեից ՏՄՊՊՀ-ին հատկացվել է 393 մլն դրամ (փաստացի կատարողականը), 2020-ին՝ մոտ 431 մլն դրամ, իսկ 2021-ի հաստատված բյուջեով պլանավորված է հատկացնել մոտ 542 մլն դրամ:
Պատի՞ժ, թե՞ պաշտպանություն. ՏՄՊՊՀ-ի առաքելությունը փոխվու՞մ է
Այս տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթը քննարկելիս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել է. «Մենք հենց պատժիչ, պատժող, շատ չոր ու շատ ցավոտ պատժող կառույց ենք: Ես դա շատ կարևորում եմ: Մենք պատասխանատվության ենթարկող կառույց ենք»:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված են հանձնաժողովի խնդիրները, գործառույթներն ու լիազորությունները: Ամբողջ օրենքում իսպառ բացակայում է «պատժել» տերմինը:
Այս հայտարարության կապակցությամբ ՏՄՊՊՀ նախագահին «Հետքը» խնդրել է պատասխանել երեք հարցերի.
- Խնդրում եմ կոնկրետ օրինակով բացատրել, թե ինչպե՞ս և ո՞ր դեպքերում եք պատժում տնտեսվարողներին:
- ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Ձեր պաշտոնավարման ընթացքում քանի՞ տնտեսվարողի եք պատժել, որքա՞ն գումար է մուտքագրվել բյուջե դրա արդյունքում: Խնդրում եմ նշել ընկերությունների անունները:
- Խնդրում եմ հստակեցնել Ձեր դիրքորոշումը՝ ՏՄՊՊՀ-ի գլխավոր առաքելությունը տնտեսական մրցակցային չարաշահումները կանխե՞լն է, թե՞ չարաշահողներին պատժելը:
Պատասխան նամակում, սակայն Գեղամ Գևորգյանը, խուսափել է անձամբ պատասխանել: Նրա փոխարեն հարցերին պատասխանել և պատասխանի ներքո ստորագրել է մամուլի քարտուղարը՝ Անի Սմբատյանը:
Նախ նշվում է, որ հնչեցված միտքը, որը մենք մեջեբերել ենք, առանց այն համատեքստի է, որի շրջանակներում տեղի է ունեցել քննարկումը: Նշվում է, որ ոլորտի միջազգային փորձի համաձայն՝ հակամրցակցային համաձայնությունների և հատկապես հորիզոնական համաձայնությունների համար նախատեսված են ամենախիստ պատասխանատվության միջոցները, ինչը պայմանավորված է տնտեսության համար այդ իրավախախտումների վտանգավորության աստիճանով և դրանց բացահայտման օբյեկտիվ դժվարությամբ:
«Անդրադառնալով հարցման 1-ին կետին՝ հարկ է նշել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտման դրսևորումները և դրանց համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները սահմանված են Օրենքով, իսկ իրավախախտման բացահայտման, ապացուցման և պատասխանատվության միջոցի կիրառման ընթացակարգը կանոնակարգված է ինչպես օրենքով, այնպես էլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով»,- նշված է պատասխան նամակում:
Իսկ երրորդ հարցի կապակցությամբ, որով խնդրել էին, որ ՏՄՊՊՀ նախագահը հստակեցնի իր դիրքորոշումը հանձնաժողովի գլխավոր առաքելության վերաբերյալ, պատասխանում մեջբերվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները, որոնք սահմանում են, որ օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և նպաստել սպառողների շահերի պաշտպանությանը: Եվ, իհարկե, ոչ մի խոսք «պատժելու» մասին:
«Վերոնշյալից հետևում է, որ Հանձնաժողովի՝ որպես հանրային շահի պաշտպանության նպատակով ստեղծված ինքնավար մարմնի առաքելությունը տնտեսական մրցակցության պաշտպանության իրականացումն է Օրենքով սահմանված խնդիրների և դրանց իրագործման նպատակով վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակներում»,- նշված է պատասխանի վերջաբանում:
Այսպիսով, «Հետքի» հարցերից միայն երկրորդին է ՏՄՊՊՀ-ից հստակ պատասխան տրվել, որի մասին գրել ենք նյութի վերևում: Իսկ մյուս երկու հարցերին ոչ հստակ, երկարաշունչ պատասխաններ են, որոնցով այդպես էլ չի հաստատվում կամ ժխտվում «պատժելու» դիրքորոշումը:
Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am: