Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները ներկայացրել են նոր ուսումնասիրություն՝ նվիրված միջազգային հաշվարկներում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազգային արժույթների դերին:
Մասնավորապես, ԵԱՏՄ ազգային արժույթների մասնաբաժինը համաշխարհային առեւտրի սպասարկման ոլորտում կազմում է մոտ 2%, սակայն ԵԱՏՄ ներսում գրանցվել է զգալի առաջընթաց․ փոխադարձ առեւտրի 74%-ն արդեն իրականացվում է ազգային արժույթներով:
Ապադոլարացման միջոցները ԵԱՏՄ-ում նպատակ ունեն նվազեցնել փոխարժեքների տատանումների դեպքում ֆինանսական կորուստների ռիսկերը եւ խորացնել տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները: Վերջին 7 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների դերը համաշխարհային առեւտրում գործնականում մնացել է անփոփոխ՝ դրանք դեռ կազմում են համաշխարհային առեւտրի շուրջ 2%-ը: Միջազգային առանցքային 30 արժույթների թվում ԵԱՏՄ բոլոր երկրներից ներկայացված է ռուբլին. այս արժույթով է իրականացվում ամբողջ գործարքների շուրջ 1%-ը։
Երրորդ երկրների հետ առեւտրում ԵԱՏՄ ազգային արժույթների մասնաբաժինը ներմուծման սպասարկման վճարներում կազմում է միջինում մոտ 24%: Արտահանման սպասարկման ոլորտում ԵԱՏՄ ազգային արժույթների մասնաբաժինը շատ ավելի ցածր է. 2019-ի վերջին այն չէր գերազանցում 9%-ը։
Վերջին 7 տարվա արդյունքների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների ներքին փոխհաշվարկներում ազգային արժույթով վճարումները 2013թ.-ի 63%-ից աճել են մինչեւ 74%՝ 2019թ.-ին։ Միաժամանակ, անցած հինգ տարվա ընթացքում դոլարի մասնաբաժինը 2015թ․-ի 25%-ից նվազել է`2019թ.-ին հասնելով 19%-ի, իսկ եվրոն համեստ տեղ է զբաղեցնում Միության երկրների փոխհաշվարկներում՝ մոտ 7% դիտարկվող ժամանակահատվածում:
«Մակրոտնտեսական խնդիրները մնում են ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների դերի ուժեղացման հիմնական խոչընդոտներից մեկը: Նախեւառաջ, առանձնանում են ազգային արժույթների օգտագործման բարձր գործարքային ծախսերը, ինչը կապված է տնտեսական դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակի, տարածաշրջանի մի շարք երկրներում համեմատաբար թույլ մակրոտնտեսական կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման անբավարար մակարդակի հետ»,- նշված է հետազոտության մեջ:
Նյութի սկզբնաղբյուրը` banks.am: