Հայաստանի ֆոնդային բորսայի և Եվրասիական զարգացման բանկի միջև երկամյա համագործակցությունը նշանակալի արդյունքներ է գրանցում։ Ծավալուն և տևական աշխատանքների արդյունքում Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հաստատել է Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ-ին տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիր, որի վերաբերյալ պայմանգիրը երկու կողմերի միջև կնքվեց 2020թ-ի դեկտեմբերի 29-ին։ Պայմանագրով ԵԱԶԲ-ն նախատեսում է ֆինանսավորել Հայատանի ֆոնդային բորսայի առևտրային նոր համակարգի և տեխնիկական միջոցների վերազինման ու ներդրման հետ կապված ծախսերի հիմնական մասը։ Առևտրի նոր համակարգը արդիական և միջազգային ստանդարտներին համապատասխան առևտրային ծրագրային ապահովումից բացի նաև հնարավորություն կտա ցանկացած ներդրողի բրոքեր-դիլերի միջոցով ուղիղ հասանելիություն ստանալ բորսայի առևտրային հարթակներին և իրականացնել առցանց իրական ժամանակում առևտուր։ Վերջինս ամենակարևոր նախադրյալներից մեկն է հանդիսանում 21-րդ դարի ժամանակակից բորսայական ծառայությունների որակի և գրավչության տեսանկյունից` միջազգային ներդրողներին հնարավորություն տալով առևտուր իրականացնել բորսայում իրենց տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։
Կարևորելով Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվելիք այս ծրագիրը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց․ «Տեխնոլոգիական արդիականացումը Հայաստանի ֆոնդային բորսայի առաջնահերթությունն է, քանի որ բորսայի հաջողության նախադրյալներից մեկը հանդիսանում է բորսայի հասանելիությունը առևտուր իրականացնողների լայն շրջանակին։ Մենք բարձր ենք գնահատում Եվրասիական զարգացման բանկի աջակցությունը՝ զարգացնելու Հայաստանի կապիտալի շուկան։ Առևտրային նոր համակարգի ներդրումը կնպաստի բորսայական առևտրի մասնակիցների թվաքանակի ավելացմանը, շրջանառվող արժեթղթերի և առևտրի ծավալի աճին, նոր բորսայական ծառայությունների ներդրմանը, ինչպես նաև կմեծացնի ընկերությունների հետաքրքրությունը՝ ցուցակվելու և թողարկելու արժեթղթեր, քանի որ առևտրի թույլատրված արժեթղթերը հասանալի են լինելու ներդրողների լայն շրջանակների, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։ Տվյալ գործոններն անշուշտ կնպաստեն բորսայի հիմնական ֆինանսական ցուցանիշների էլ ավելի բարելավմանը»։
Եվրասիական զարգացման բանկի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Արմեն Մելկիկյանը, ընդգծելով ծրագրի միջազգային նշանակությունը, մասնավորապես նշեց․ «Հայաստանի ֆոնդային բորսայի տեխնոլոգիական արդիականացումը հնարավություն կտա հաջողությամբ ինտեգրել AMX-ի բորսայական ենթակառուցվածքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական շուկաներին՝ նպաստելով կապիտալի շուկայում ներդրումների աճին և առևտրի ծավալների մեծացմանը»։
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: