Ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցի 2021թ․ հունվարի թարմացման՝ Հայաստանում 2021թ․ կանխատեսվում է 3,1% տնտեսական աճ, իսկ 2022թ․ այն կկազմի 4,5%։
Համաձայն այդ զեկույցի՝ 2020թ․ Հայաստանի տնտեսական անկումը գնահատվել է 8%՝ 2020թ․ հունիսի կանխատեսման համեմատ նվազեցվելով 5,2 տոկոսային կետով։ Ընդ որում՝ ԵԱՏՄ անդամ երկրների մեջ Ղրղզստանի հետ միասին Հայաստանն ունի ամենամեծ անկումը։ Այն ամենախորն է նաև հարևան երկրների համեմատ։
Ինչ վերաբերում է 2021թ․ տնտեսական աճի կանխատեսումներին, ապա աճի մեծությամբ ԵԱՏՄ անդամ երկրներում երկրորդ ցուցանիշն է։ Մասնավորապես, 2021թ․ տնտեսական աճը Ռուսաստանում կանխատեսվում է 2,6%, Բելառուսում՝ -2,7%, Ղազախստանում՝ 2,5%, Ղրղզստանում՝ 3,8%, իսկ հարևան Իրանում՝ 1,5%, Վրաստանում՝ 4%, Թուրքիայում՝ 4,5%, Ադրբեջանում՝ 1,9%։