Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պայմաններում պատերազմի ընթացքում խնդրահարույց վարկերն աճել են, սակայն դրանց աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է նախորդ ցնցումների ժամանակ:
Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի գրավոր հարցին, թե պատերազմի ընթացքում վարկային պարտավորությունների կատարման նկատելի ուշացումներ արդյոք եղե՞լ են:
Կենտրոնական բանկը, հաշվի առնելով ընթացիկ շոկի խորությունը, ընդգրկման ծավալները և տևողությունը, խնդրահարույց վարկերի աճը բնական և սպասված զարգացում է համարել:
«Ընդ որում, այս պահի դրությամբ խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է նախորդ ցնցումների ժամանակ, ինչին իր նպաստումն է ունեցել թե՛ բանկերի արագ և արդյունավետ արձագանքը, թե՛ հասարակության պատասխանատու վարքագիծը»,-տեղեկացնում են գլխավոր դրամատնից: