Լեհաստանն ունի աշխարհի ամենահին կրթական համակարգերից մեկը: Սակայն 1989 թվականին կոմունիստական ռեժիմի տապալումից հետո Խորհրդային միությունից, ի դեմս Լեհաստանի, դուրս եկավ մի երկիր, որի կրթական համակարգում կար և՛ նյութական, և՛ մարդկային ռեսուրսների մեծ անբավարարություն: Անգրագետ էր չափահաս բնակչության շուրջ 1/3-ը, բարձրագույն կրթություն ուներ ընդամենը 10%-ը: 20-րդ դարի վերջին կատարված բարեփոխումներով թեպետ կրթական համակարգի կառուցվածքը մնաց նույնը, սակայն կատարվեցին մի շարք բովանդակային փոփոխություններ: Այդ ամենի արդյունքում Լեհաստանը կարողացավ բարելավել իր դիրքերը միջազգային մրցություններում և այժմ Եվրոպայի լավագույն 10 կրթական համակարգերի շարքում է՝ ըստ «Ապագայի համաշխարհային կրթության ինդեքսի» 2019 թվականի տվյալների: Բարձր դիրքեր ունի նաև «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) ստուգատեսներին։
Գծ. 1. Լեհաստանի զբաղեցրած դիրքերը PISA-ի ստուգատեսներին մաթեմատիկայի, գիտության և ընթերցանության ասպարեզներում (2003-2018թթ.)
Արդեն տասնամյակներ շարունակ Լեհաստանը ապահովում է կրթության ոլորտում պետական ծախսերի բարձր և կայուն մակարդակ. 2016 թվականի տվյալներով կրթության ոլորտին է հասցեագրված պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 11.2%-ը, որն էլ ՀՆԱ-ի մոտ 4.9%-ն է: Ծախսերի «առյուծի բաժինը» ուղղվում է դպրոցական կրթությանը (մոտ 75%-ը), որը մշակվում ու համակարգվում է Ազգային կրթության նախարարության կողմից:
Լեհական կրթական համակարգում բարեփոխումներ տեղի են ունենում նաև այժմ: Մեկնարկը տրվել է 2017 թվականին՝ նախանշելով մի շարք, հիմնականում՝ կառուցվածքային բարեփոխումների իրականացումը մինչև 2022-2023թթ.: Ներկայացնենք այդ բարեփոխումների ամենաէական քայլերը.
- Տասնամյակներ շարունակ գործած 6-3-3/4 (6-ամյա տարրական դպրոց, 3-ամյա միջին դպրոց (գիմնազիա), 3-ամյա ընդհանուր կամ 4-ամյա տեխնիկական ավագ դպրոց (լիցեյ)) համակարգին փոխարինում է 8-4/5 (8-ամյա տարրական դպրոց, 4-ամյա ընդհանուր կամ 5-ամյա տեխնիկական ավագ դպրոց) համակարգը։
Գծ. 2. Լեհաստանի նոր, 2017 թվականին մշակված կրթական համակարգը
- Դպրոց սկսեցին հաճախել ոչ թե 6, այլ 7 տարեկանից: Փոխարենը պարտադիր դարձվեց նախադպրոցական միամյա կրթությունը, որը, գումարվելով ութամյա դպրոցին, ապահովում է իննամյա պարտադիր կրթությունը Լեհաստանում:
- Անվճար դարձան դպրոցական դասագրքերը, այսպիսով՝ այժմ լեհական հանրակրթությունը (պետական դպրոցները) ամբողջապես անվճար է:
- Նոր տիպի մասնագիտատեխնիկական հաստատությունների՝ ոլորտային արհեստագործական ուսումնարանների գործարկում: Դրանք երկփուլ են (I փուլ՝ 3 տարի, II փուլ՝ 2 տարի), հնարավորություն են տալիս ոչ միայն ձեռք բերել տեխնիկական որակավորում ու մտնել աշխատաշուկա, այլ նաև, ցանկության դեպքում, շարունակել կրթությունը բուհում: Ուսումնառության ընթացքում այս հաստատությունները հանդես են գալիս գործատուի հետ ակտիվ համագործակցությամբ:
Վաղ մանկության կրթություն և խնամք
Վաղ մանկության կրթությունն ու խնամքը նախատեսված են 0-3 տարեկան երեխաների համար: Կազմակերպվում է մանկամսուրներում (այսպես կոչված՝ կրեկե կամ մանուկների ակումբ), որոնք վերահսկվում են Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական քաղաքականության նախարարության կողմից: Կրթության այս փուլը պարտադիր չէ, այդ պատճառով այն չունի ամբողջական պետական ֆինանսավորում:
Մանկամսուրներում ուսուցումը կատարվում է խմբերում, որտեղ մեկ դաստիարակը աշխատում է 5-8 երեխայի հետ, օրական մինչև 5 ժամ: Սովորելու հիմնական ձևը խաղալն է:
Նախադպրոցական կրթություն
Նախադպրոցական կրթությունը 4-6 տարեկան երեխաների համար է: Պարտադիր է միայն վերջին տարին, որն ամբողջապես անվճար է: Այս փուլի նպատակը երեխայի արժեքային համակարգը, էմոցիոնալ դիմացկունությունը, գեղագիտական ընկալումը, հայրենասիրության զգացումը, տաղանդները, մտավոր ու սոցիալական հմտությունները զարգացնելն է: Լեհաստանում շատ բարձր է նախադպրոցական կրթության փուլում երեխաների ընդգրկվածության աստիճանը (6 տարեկանների դեպքում գրեթե 100% է): Դա հատկապես ակնառու է երևում, երբ համեմատում ենք Հայաստանի հետ։
Գծ. 3. Մանկահասակ երեխաների ընդգրկվածությունը (%) նախադպրոցական հաստատություններում Լեհաստանում և Հայաստանում
(ըստ Լեհաստանի Ազգային կրթության նախարարության և ՀՀ ԱՎԿ 2017թ. տվյալների)
Նախադպրոցական հաստատություններում երեխաների խմբերը բաժանվում են ըստ տարիքի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է թվով մինչև 25 երեխա, որոնց հետ աշխատանքը սահմանվում է օրական մինչև 10 ժամ: Նախադպրոցական տարիքում մեծ տեղ է հատկացվում լեզուների ուսուցմանը:
Տարրական դպրոց
Տարրական դպրոցը այժմ ութամյա է: Այն ունի առավելապես արժեքային համակարգի ամրապնդման նպատակ. առատաձեռնություն, համագործակցություն, համերաշխություն, ալտրուիզմ, հայրենասիրություն և հարգանք ավանդույթների նկատմամբ: Տարրական դպրոցում ուսումնասիրվող առարկաները ոչ միայն գիտելիք, այլ նաև թիմային աշխատանքի, ստեղծագործական, քննադատական մտածողության ու խնդիրներ լուծելու հմտություններ փոխանցելու համար են:
Դպրոցական տարին ունի մոտ 190 օր: Աշակերտները դասի են երկուշաբթիից ուրբաթ օրերին: Դասերը սկսվում են առավոտյան ժամը 8-ին, ավարտվում կեսօրին՝ 14:00-ին կամ 15:00-ին: Դասաժամի տևողությունը 45 րոպե է, դասամիջոցները՝ 5-25 րոպե:
Տարրական դպրոցի 1-3-րդ դասարաններում շաբաթական ծանրաբեռնվածությունը միջինում 22 դասաժամ է: Ծրագիրը ներառում է լեհերենը, մաթեմատիկան, օտար լեզուն, սոցիալական կրթությունը, բնագիտությունը, տեխնոլոգիան, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կրթությունը, արվեստի կրթությունը, երաժշտական կրթությունը և ֆիզկուլտուրան: Կան նաև առարկաներ, որոնք ընտրվում են դպրոցի կողմից, օրինակ՝ կրոն կամ էթիկա, ընտանեկան կրթություն և այլն:
4-8-րդ դասարաններում շաբաթական ծանրաբեռնվածությունը մոտ 25 դասաժամ է: Մեծ ուշադրություն է հատկացվում մայրենի լեզվին, մաթեմատիկային ու ֆիզկուլտուրային, ապա նաև օտար լեզուներին ու մյուս առարկաներին, որոնցից են բնագիտությունը (5-րդ դասարանից՝ աշխարհագրությունը, ֆիզիկան, քիմիան ու կենսաբանությունը), տեխնոլոգիան, համակարգչային գիտությունը, քաղաքացիական կրթությունը, պատմությունը, երաժշտությունը, արվեստի կրթությունը և անվտանգության կրթությունը:
Մինչև 3-րդ դասարանը միավորային գնահատում չի իրականացվում: 4-րդ դասարանից կատարվում է և՛ ներքին, և՛ արտաքին գնահատում: ներքին գնահատումը իրականացվում է ուսուցչի կողմից՝ հաշվի առնելով երեխայի առաջադիմությունն ու վարքը: Առաջադիմությունը գնահատվում է 6-միավորանոց սանդղակով, որտեղ 6-ը գերազանց է, 5-ը՝ շատ լավ, 4-ը՝ լավ, 3-ը՝ բավարար, 2-ը՝ ընդունելի, 1-ը՝ անբավարար: Վարքի համար կա գնահատման հետևյալ սանդղակը՝ գերազանց, շատ լավ, լավ, ընդունելի, անընդունելի և անթույլատրելի: Սակայն վարքը, եթե անգամ անթույլատրելի է, չի ազդում առաջադիմության միավորային գնահատման, հետևաբար՝ հաջորդ դասարան տեղափոխվել-չտեղափոխվելու որոշման վրա: Իսկ այդ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով, թե քանի առարկայից երեխան ունի անբավարար առաջադիմություն. մինչև 2 առարկայի դեպքում թույլատրվում է վերահանձնել քննությունները, սակայն եթե այդ դեպքում ևս երեխան չի կարողանում հաղթահարել, ապա ստիպված է կրկնել ուսումնական տարին:
Արտաքին գնահատումը կատարվում է դպրոցից դուրս կենտրոնական քննական խորհրդի ու մարզային քննական խորհուրդների կողմից: Արտաքին գնահատման օրինակ է տարրական դպրոցի ավարտական քննությունը, որը օգնում է հասկանալ, թե որքանով է երեխան հասել ուսումնական ծրագրով նախատեսված վերջնարդյունքներին:
Միջնակարգ կրթություն
Հընթացս իրականացվող բարեփոխումների արդյունքում տարրական դպրոցին պետք է հաջորդի ավագ դպրոցը 4 կամ 5 տարի տևողությամբ: Սակայն դրանց վերափոխումը կատարվում է աստիճանաբար, և այժմ Լեհաստանում դեռևս գործում է միջնակարգ կրթության հին համակարգը, որի դեպքում վեցամյա տարրական կրթությանը հաջորդում էր միջին դպրոցը (գիմնազիա), ապա ավագ դպրոցը (լիցեյ): Քանի որ բովանդակային առումով էական փոփոխություններ չկան, ներկայացնենք ուսումնական ծրագրերը, թեպետ վերափոխվելիք, սակայն փաստացիորեն այժմ գործող միջին ու ավագ դպրոցներում:
Միջին դպրոց (գիմնազիա)
Գիմնազիայում սովորում են 3 տարի: Հիմնական առարկաներից (գծ. 4) բացի կան նաև այն նույն ընտրովի առարկաները, որ կային տարրական դպրոցում՝ կրոն կամ էթիկա, ընտանեկան կրթություն և այլն:
Գծ. 4. Հիմնական առարկաների դասաժամերի քանակը լեհական միջին դպրոցի (գիմնազիա) 3 տարիների ընթացքում
Ավարտելիս կատարվում է արտաքին գնահատում, որի արդյունքում տրվող վկայականը ուղեգիր է դեպի ավագ դպրոց: Ավարտական քննությունը կազմված է երեք մասից.
1. Հումանիտար գիտություններ.
-
- Պատմություն և քաղաքացիական կրթություն,
- Լեհերեն:
2. Գիտություն.
-
- Բնական գիտություններ, ներառյալ՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա և աշխարհագրություն,
- Մաթեմատիկա:
3. Օտար լեզուներ:
Միջին դպրոցից հետո երեխաները կարող են ընդունվել կամ ավագ դպրոց (կողմնորոշվելով ընդհանուր և տեխնիկական ավագ դպրոցների միջև), կամ ոլորտային արհեստագործական ուսումնարան:
Ընդհանուր ավագ դպրոց
Ընդհանուր ավագ դպրոցը եռամյա է (բարեփոխումներից հետո՝ քառամյա): Առարկաների մեջ ավելանում են ձեռնարկատիրության ներածությունը և մշակույթը, իսկ ուսումնական ծրագրի մեծ մասը այլևս զբաղեցնում են ընտրովի առարկաներն ու հիմնական առարկաների ընդլայնված մոդուլները: Ընտրովի են, օրինակ, երաժշտության պատմությունը, արվեստի պատմությունը, լատիներենն ու անտիկ մշակույթը, փիլիսոփայությունը, տնտեսագիտությունը և այլն: Ընդլայնված մոդուլներ ունեն լեհերենը, պատմությունը, աշխարհագրությունը, կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան, քաղաքացիական կրթությունը, մաթեմատիկան, ՏՏ-ն և այլն:
Ավարտելու համար պետք է հանձնել հասունության քննությունը, որը միաժամանակ ընդունելության քննությունն է: Այն կազմված է երկու մասից.
- Ներքին. այն բանավոր է, անցկացվում է դպրոցում: Ներառում է լեհերենն ու որևէ օտար լեզու, ըստ անհրաժեշտության՝ երբեմն կարիք է լինում հանձնել ևս մի օտար լեզու հնարավոր 6 լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն):
- Արտաքին. այն գրավոր է, անցկացվում է քննական խորհրդի կողմից: Պարտադիր են լեհերենը, մաթեմատիկան և որևէ օտար լեզու: Ըստ անհրաժեշտության երեխաները հանձնում են թվով 1-6 այլ քննություններ ընդլայնված մոդուլներից (կենսաբանություն, քիմիա, փիլիսոփայություն, ֆիզիկա, աշխարհագրություն, պատմություն, երաժշտության պատմություն, արվեստի պատմություն, ՏՏ, լատիներեն և անտիկ մշակույթ, լեհերեն, մաթեմատիկա, հասարակագիտություն և այլն):
Ավագ դպրոցն ավարտելու համար պետք է հավաքել միավորների նվազագույն 30%-ը և՛ բանավոր, և՛ գրավոր փուլերի պարտադիր առարկաներից, ինչպես նաև հանձնել գոնե մեկ ընդլայնված մոդուլ գրավոր փուլից (ընդլայնված մոդուլով առարկաների դեպքում անցողիկ շեմ չկա):
Այսպիսով՝ ավագ դպրոցն ավարտելը բավականին հեշտ է, ինչպես և հեշտ է բուհ ընդունվելը: Հետխորհրդային բարեփոխումների արդյունքում Լեհաստանը կարողացավ մեծացնել բուհ ընդունվողների քանակը: Չափահաս բնակչության շրջանում բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժինը 10%-ից հասավ 80%-ի: Դա կատարվեց ընդունելության անցողիկ շեմը իջեցնելու շնորհիվ, ինչը սակայն հանգեցրեց նաև «կողմնակի էֆեկտի». դիպլոմ ստացողների մեջ մեծացավ դա այդպես էլ չկիրառողների մասնաբաժինը, նա, ով լավ արհեստագործ կարող էր դառնալ, դարձավ «դիպլոմավոր» գործազուրկ: Այս խնդիրը վերացնելու համար հետագայում քայլեր ձեռնարկվեցին մասնագիտատեխնիկական և արհեստագործական կրթության ինստիտուտի զարգացման ուղղությամբ՝ վերջինիս առաջարկը ըստ աշխատաշուկայի պահանջարկի մշակելու և գործատուների հետ համագործակցելու միջոցով: Արդյունքում՝ 2017 թվականի տվյալներով միջին դպրոցն ավարտողների 57%-ը ընտրում է մասնագիտատեխնիկական ուսուցումը (որից 45%-ը տեխնիկական ավագ դպրոցում), իսկ ընդհանուր ավագ դպրոց ընդունվում է գիմնազիան ավարտողների 41%-ը:
Տեխնիկական ավագ դպրոց
Տեխնիկական ավագ դպրոցի զարգացման գործընթացը մեկնարկեց 2011 թվականին, երբ աշխատաշուկայի ուսումնասիրությամբ նույնականացվեցին այն ոլորտները, որտեղ կա կադրերի չհագեցած պահանջարկ: Հետազոտության վերջնարդյունքները օգտագործվեցին մասնագիտությունների մշակման համար:
Մինչև 2017 թվականի կառուցվածքային բարեփոխումները՝ տեխնիկական ավագ դպրոցի երկու տիպ կար.
1. 4-ամյա տեխնիկական ավագ դպրոց, որն ավարտելով կարելի է և՛ ընդունվել բուհ, և՛ մտնել աշխատաշուկա:
2. 3-ամյա սովորական արհեստագործական դպրոց, որը տալիս է միայն արհեստագործական որակավորում, բայց ոչ ուղեգիր դեպի բուհ:
Ընթացիկ բարեփոխումների արդյունքում առաջին տիպը վերափոխվելու է 5-ամյա տեխնիկական ավագ դպրոցի, իսկ երկրորդը՝ ոլորտային արհեստագործական ուսումնարանի, որտեղ կարելի է սովորել երկու փուլով՝ I փուլ՝ 3 տարի, II փուլ՝ 2 տարի:
Ուսումնական ծրագրում կան և՛ ընդհանուր առարկաներ, որոնք թույլ կտան բուհ ընդունվել, և՛ նեղ, տեխնիկական առարկաներ, որոնք հնարավորություն կտան դառնալ կոնկրետ ոլորտի մասնագետ: Տեխնիկական ավագ դպրոցում մասնագիտական առարկաների տեսական և գործնական դասաժամերը հավասար են բաշխված, ի տարբերություն, ոլորտային արհեստագործական ուսումնարանի, որտեղ գործնականի ժամերը գրեթե 2 անգամ շատ են:
Ոլորտային արհեստագործական ուսումնարանի II փուլի շրջանավարտները կարող են ոչ միայն տեխնիկական որակավորում ստանալ, այլև հանձնել հասունության քննությունը և ընդունվել բուհ:
Մասնագիտատեխնիկական որակավորման քննությունը
Այն հանձնում են և՛ տեխնիկական ավագ դպրոցում, և՛ ոլորտային արհեստագործական ուսումնարանում: Կարող է ներառել 1-3 քննություն, որոնց համար կան գրավոր և գործնական փուլեր: Գրավոր փուլը (45-ից 90 րոպե) թեստ է՝ տվյալ մասնագիտության որակավորման համար անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները գնահատող վարժություններով: Գործնական փուլում (120-ից 240 րոպե) ուսանողները կատարում են քննական առաջադրանք: Այս քննությունը, ի տարբերություն հասունության քննության, անհամեմատ բարդ է. գրավոր փուլի դեպքում անցողիկ շեմ է համարվում 50%-ը, գործնականի դեպքում՝ 75%-ը:
Ուսուցչի աշխատավարձը
Ըստ ՏՀԶԿ 2019 թվականի տվյալների՝ Լեհաստանում ուսուցչի աշխատավարձը աշխատանքային փորձի տևողությունից կախված տատանվում է 1300-2300 ԱՄՆ դոլարի սահմաններում, ինչը լավ ցուցանիշ է ՏՀԶԿ մյուս երկրների հետ համեմատած: Սակայն լեհ ուսուցիչների՝ ցածր վարձատրությամբ բացատրվող պարբերական գործադուլները չեն դադարում: «Նշումներ Լեհաստանից» հիմնադրամի տվյալներով՝ ուսուցչի միջին աշխատավարձը Լեհաստանում 2500-3500 լեհական զլոտի (660-930 ԱՄՆ դոլար) է: Ուսուցիչների դժգոհությանն ի պատասխան՝ Սենատի խոսնակ Ստանիսլավ Կարչեվսկին նկատել է, որ պետք է աշխատել «հանուն գաղափարի», ոչ թե փողի (վերջինիս ամսական վարձատրությունը կազմում է 20 000 լեհական զլոտի, այսինքն՝ 5300 ԱՄՆ դոլար):
Լեհ դպրոցականների մեծ մասը կարծիքների փոխանակման Quora հարթակում խոստովանում է, որ գրեթե բոլոր ուսուցիները աշխատում են ուսուցման ավանդական, ոչ նորարարական մեթոդներով, ու բազմաթիվ առարկաներ, հատկապես մաթեմատիկան իսկապես սովորելու համար աշակերտները (մոտ 30%-ը) ստիպված են լինում կրկնուսույցի մոտ գնալ: Այդ կրկնուսույցն էլ շատ հաճախ նույն ուսուցիչն է, ով դպրոցում մոտիվացված չէ:
Լեհական բարեփոխումները, որոնք ինչպես նկատեցինք, ունեն առավելապես կառուցվածքային ու ձևական բնույթ, էական առաջընթաց կպարգևեն միայն այն դեպքում, եթե տեղափոխվեն նաև բովանդակային դաշտ: Այստեղ ամենակարևոր օղակներից մեկը ուսուցիչն է, ում նկատմամբ պետության ֆինանսական և ոչ ֆինանսական ուշադրությունից ածանցվում է իր շահադրդումն ու աշխատանքի արդյունավետությունը սովորողների հետ աշխատանքում: