Պետությունը պետք է ռեսուրսներ ներգրավի և ներարկի տնտեսություն, որ դիմակայի տնտեսության անկմանը, ինչի համար էլ պարտքը անհրաժեշտ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով պետական պարտքի աճին:
Խոսելով պետական պարտքի արդյունավետ օգտագործման մասին՝ Վարդան Արամյանն ասաց, որ այդ խնդիրը մշտապես առկա է և դա գնահատելու համար պետք է խորքային ուսումնասիրություն անել:
«Այս պահին կառավարության պարտքի հետ կապված մակրո մակարդակում մեկ խնդիր եմ տեսնում, այն է, որ նպատակային ծրագրերի համար տրամադրված վարկերը սկսած 2018 թվականից առ այսօր ավելի դանդաղ են աճում, քան բյուջետային օժանդակության համար տրամադրվածները»,– ասաց նա։
Վարդան Արամյանը նշեց, որ սովորաբար կառավարությունները երեք տեսակի վարկեր են ներգրավում.
Ա. Ներքին և արտաքին կապիտալի շուկաներից՝ պարտատոմսերի տեղաբաշխմամբ և ուղղում բյուջեի ցանկացած ծախսի ֆինանսավորման,
Բ. Միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ երկրների կառավարություններից բյուջետային օժանդակության վարկեր, որոնք ստացվում են որոշ կատարողական ցուցանիշների ապահովման հիման վրա և նորից կարող են ուղղվել բյուջեի ցանկացած ծախսի ֆինանսավորման
Գ. Նպատակային վարկեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից, որոնք ուղղվում են նպատակային ծրագրերին, օրինակ` գյուղատնտեսության կամ կրթության ոլորտի զարգացմանը, էներգետիկային կամ այլ ենթակառուցվածքների բարելավմանն և այլն։
«Իհարկե բոլոր աղբյուրներից ստացվելիք միջոցների օգտագործման արդյունավետության հարցը միկրոմակարդակում միշտ էլ օրակարգային է և դա կատարվում է բյուջեների տարեկան կատարողականների և Հաշվեքննիչ պալատի հաշվետվություններով: Բայց, որպես ընդունված կանոն՝ մակրոմակարդակում, առաջին երկուսի համեմատ ծրագրային վարկերն են, որ համարվում են զարգացման վարկեր և ուժեղացնում են երկրի տնտեսական պոտենցիալը: Հետևապես դրանց կատարման թերացումները խիստ բացասաբար են անդրադառնում երկրի զարգացման և տնտեսական ներուժի վրա երկարաժամկետ հեռանկարում»,- ասաց նա։
Վարդան Արամյանը նաև նշեց, որ, իհարկե, ճգնաժամերի ժամանակ մեծանում է առաջին երկու աղբյուրներից չկապակցված միջոցների ներգրավման գայթակղությունը, քանի որ այդ միջոցների օգտագործման հետ կապված Կառավարության հայեցողությունը մեծ է, բայց դա չի նշանակում, որ ծրագրային վարկերի գծով պետք է ունենանք թերակատարումներ առավել ևս, որ հենց դրանք են ուղղվում ենթակառուցվածքներին և տնտեսական պոտենցիալի ուժեղացմանը:
«Իսկ թե ինչու է խիստ ցածր կատարողական արձանագրվում 2018թ-ից առ այսօր, որը կհաստատեն նաև օրինակ ՀԲ-ը կամ ԱԶԲ-ը, կապված է ԾԻԳ-երի նկատմամբ Կառավարության ոչ ճիշտ մոտեցումներից և քայլերից. դեռ տարիներ առաջ դրա մասին բազմիցս զգուշացրել էի, որ ԾԻԳ-երի ֆունկցիաների ընդհանուր բյուջետային ֆունկցիաների հետ ինտեգրման գաղափարը ճիշտ է, բայց Կառավարության որդեգրած մոտեցումը որով առաջնորդվեց Կառավարությունը, սխալ և նույնիսկ վտանգավոր: Օրինակ՝ առանց հաշվի առնելու հետևանքները, այդ թվում նոր կարողությունների ստեղծումը, շատ արագ փակեցին ՀՀՖՆ ԾԻԳ-ը, որը սպասարկում էր 6 գերատեսչությունների: Հիմա ունենք այն, ինչ ունենք. բոլոր գերատեսչությունների գծով բյուջեով նախատեսված ծրագրերի թերակատարում 60% և ավելի»,- պարզաբանեց նա:
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, դեմ էր քվեարկում անխտիր բոլոր վարկային համաձայնագրերին, քանի որ չէր վստահում դրանց ծախսման արդյունավետությանը, իսկ հիմա որքանո՞վ է արդարացված պետական պարտքի աճը և դրա ծախսման արդյունավետությունը, Վարդան Արամյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ընդդիմախոս էր և կարող էր նման բաներ ասել: «Հիմա նա գործադիր մարմնի ղեկավար է, և չեմ կարծում, որ իրեն պետք է պահեր որպես ընդդիմադիր: Եթե հանկարծ նա իր նույն ընդդիմադիր կեցվածքը պահեր, դա կոլապսի է հանգեցնելու, քանի որ ինչպես կարելի է պարտք չվերցնել, ենթակառուցվածք չզարգացնել»,- ասաց նա:
Վարդան Արամյանը նշեց, որ Կառավարության գործունեության հարցում երկու մտահոգություն ունի: «Առաջինը կապված է կոմունիկացիայի հետ՝ տնտեսությանը և տնտեսվարողներին ազդակներ հաղորդելու և գործողություններ կատարելու փոխկապակցվածության հետ, ինչը տնտեսական քաղաքականության «մեխն» է: Երբ Կառավարության անդամները մեկ բան ասում են, հետո մեկ այլ բան անում են, դրանից հետո, եթե նույնիսկ լավ բան են անում, տնտեսվարողները տրիվիալ են հասկանում, ինչը մյուս կողմից կարող է Կառավարությանը վնասել: Երբ տնտեսվարողին Կառավարությունն ազդակ է հաղորդում, որ դռները չի բացվելու, տնտեսվարողն իր վարքագիծը կառուցում է այնպես, որ ծխնելույզով կամ պատուհանով պետք է մտնի, մեկ էլ հաջորդ օրը Կառավարությունը հասկանում է, որ դռներ բացելն ավելի ճիշտ է, որ տնտեսվարողը դժվարություններ չունենա, և այս դեպքում նույնիսկ ճիշտ բան անելու դեպքում լուրջ չի ընկալվում»,-ասաց նա:
Նախկին նախարարի մատնանշած երկրորդ խնդիրը՝ կապիտալ ծախսերն են, որոնք, ըստ նրա՝, մտահոգիչ են: «Ես չգիտեմ, թե ՊԵԿ-ը ինչպես է հարկ հավաքելու, քանի որ, եթե դու կապիտալ ծախս չես անում կամ գնումներ չես անում, մուլտիպլիկատիվ էֆեկտով տնտեսությունում համապատասխան նոր արժեքներ կամ տնտեսական աճ չի ստեղծվում, իսկ բոլորս գիտենք, որ ՊԵԿ-ը հարկեր հավաքում է տնտեսությունից»,-ասաց նա:
Հարցին թե այս համատեքստում պետական պարտքի աճը ինչի կհանգեցնի, նա նշեց, որ հանգեցնելու է նրան, որ հետագայում պարտքի սպասարկման ծախսերն են ավելանալու և եթե այդ պարտքը ճիշտ չօգտագործվի այսօր, որպեսզի պահպանվի տնտեսական աճի պոտենցիալը, որպեսզի հաջորդ տարի կարողանան հարկ հավաքեն և ծախսերը ֆինանսավորեն, ապա թուլացած տնտեսական պոտենցիալով ցածր աճ են ունենալու հետևապես և քիչ հարկեր, հետևապես և աճած պարտքի սպասարկման ծախսերն արտամղելու են այլ անհրաժեշտ ծախսերին:
«Պետությունները ճգնաժամերի ժամանակ պարտք են վերցնում և ներարկում տնտեսություն, որպեսզի տնտեսական արժեքի ստեղծման մեխանիկան չժանգոտի, չկանգնի, տնտեսության պոտենցիալը չվերանա: Ճգնաժամի ժամանակաշրջանում անխուսափելի է պետական պարտքի աճող մակարդակը, բայց Կառավարությունը պետք է առավել ճիշտ օգտագործի աճող պարտքը. ուշադրություն պետք է դարձնի բյուջեի ծախսային քաղաքականությանը և առաջ բերի բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող ծախսերը, օրինակ` ենթակառուցվածքային ծրագրերը, որպեսզի հետագայում կարողանա «մարսել» աճող պարտքի բեռը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ պետք է ուսումնասիրել, թե տնտեսվարողներն այս կամ այն ոլորտում ինչու ներդրումներ չեն կատարում և դա կարող է մեկ գործոնով պայմանավորված չլինել: «Արդեն երկու տարի է դրա մասին խոսում ենք, սակայն փաստը մնում է փաստ, որ երկու տարի հետո ունենք նույն պատկերը և խնդիրը անհրաժեշտ մակարդակի չի լուծվում»,- ասաց նա: