Գործարար միջավայրի և այն կարգավորող օրենսդրական դաշտի վերաբերյալ «Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած քննարկումների շրջանակներում ձեզ ենք ներկայացնում տնտեսագետ, «3A partners» ընկերության հիմնադիր Արամ Աշուղյանի հոդվածը՝ հեղափոխությունից հետո տնտեսական ոլորտում իրականացված «բարեփոխումների» և հարկային օրենսդրության խնդիրների վերաբերյալ։
Տնտեսական հեղափոխություն անել չհաջողվեց, և ներկայումս մենք ճպճպում ենք տնտեսական օրենսդրության մեջ մանր-մունր փոփոխություններ՝ «բարեփոխումներ» անելով: Այնպիսի մանր ու ոչինչ չտվող փոփոխություններ, ինչպիսիք են, օրինակ, որևէ համայնքում աշխատավարձերը ինչ-ինչ դեպքերում անկանխիկ վճարելու պարտադրանքը, կամ օրինակ, գործատուի հաշվին տղամարդկանց մի քանի օր հավելյալ արձակուրդ տալը, երբ նրանց ընտանիքում երեխա է ծնվում և այլն։
Նման փոփոխություններ արվել են ու կարվեին, եթե նույնիսկ հեղափոխություն եղած չլիներ։ Պարբերաբար սահմանափակումներ են դրվել կանխիկ փողով կատարվող գործարքների վրա, պարբերաբար սոցիալական ուղղվածության բարեփոխումներ են արվել Աշխատանքային օրենսգրքում, սակայն հայտարարված «տնտեսական հեղափոխության մեկնարկից» հետո գործարարներն սպասում էին տնտեսական դաշտում հեղափոխական քայլերի։
Այդ մանր-մունր քայլերից էր նաև Շրջանառության հարկի շեմը 58,35 մլն-ից 115,0 մլն դարձնելը (կարևոր էր, բայց մանր քայլ էր, այդ շեմը, պարբերաբար թե՛ բարձրացվել է, թե՛ իջեցվել), միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին գրեթե չհարկելը (նախկինում գոյություն ունեցող «ընտանեկան ձեռնարկատիրության» հարկման ռեժիմը «թյունինգավորելը»), Եկամտային հարկի համահարթ դրույքաչափին անցնելը, ընդ որում՝ առաջիկա տարիներին այն իջեցնելով 23-ից մինչև 20 տոկոս, շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից 18 տոկոս դարձնելը և այլն (ի դեպ, այս վերջինը հենց կառավարման ղեկավար անձնակազմի շահերից էր բխում, քանի որ կյանքը ցույց տվեց, որ հենց նրանք մի քանի բանկերի ու հանքերի թոփ մենեջերների, ինչպես նաև բարձրակարգ ծրագրավորողների հետ միասին ամենաշատը խնայեցին պարգևավճարներից բխող եկամտային հարկերից խնայողությունների տեսքով)։
Արդեն համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամի պայմաններում ընդհանուր հարկման դաշտում գործող տնտեսվարողները ազատվեցին նաև 2020թ․-ի երկրորդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճար կատարելուց. մանրուք է, բայց հաճելի։
Այսպիսով, տնտեսական հեղափոխության մասին խոսելն արդեն ծիծաղելի է, իսկ հարկային օրենսդրությունը բարեփոխելու համար չկա ոչ մի ձևակերպված հայեցակարգ, այդ իսկ պատճառով հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունները դրվագային, իրավիճակային են, հիմնականում կրում են պոպուլիստական բնույթ:
Հայտարարված, սակայն չիրականացված, իսկ ավելի ստույգ՝ իրականացնել չկարողացած, իրականացնելու պոտենցիալ չունեցող կառավարությանը «փրկության հասած»՝ համաճարակով պայմանավորված անխուսափելի տնտեսական ճգնաժամի պայմաններում մի քանի կտրուկ քայլեր քննարկելը կարող է իմաստ ունենալ այն առումով, որ դրանցից որոշները կարո՛ղ են տնտեսական ակտիվության խթան հանդիսանալ։ Կամ այսպես ձևակերպեմ. միևնույն է, անկումն անխուսափելի է, և դրա համար ընտրողների, հարկ վճարողների կողմից կառավարությանը մեղադրել հնարավոր չէ, քանի որ պատճառներն օբյեկտիվ են (մի պահ մի կողմ թողնենք քաղաքական հակադարձ ճամբարից ֆինանսավորվող «փորձագետների» քննադատությունը)։ Սակայն այս պայմաններում կարելի է ռիսկի դիմել և անել կտրուկ քայլեր, և ճգնաժամից հետո ակտիվացումը կկայանա արդեն նոր՝ այդ կտրուկ և կարևոր քայլեր կատարված, տնտեսական պայմաններում։
Մասնավոր տնտեսության մեջ բազմաթիվ են օրինակներն այն մասին, թե ինչպես են տարբեր աշխարհահռչակ կազմակերպությունները, հայտնվելով սնանկացման եզրին, մեկ-երկու կտրուկ և ճշգրիտ քայլերի շնորհիվ աճ ապահովել և ոչ միայն վերականգնել երբեմնի արտադրական ու իրացման հզորությունները, այլև էլ ավելի առաջ անցել մրցակիցներից։ Ուստի, ճգնաժամը հնարավորության վերածելու միտքը, որը համաճարակի հայտարարման առաջին օրերին հնչեցրել էր մեր կառավարության ղեկավարը, կարող էր դրական հետևանք ունենալ, սակայն գործնականում այն մնաց լոկ հայտարարություն:
Ինչի՞ց է պետք սկսել (զարմանալի է, որ դեռ խոսում ենք սկսելու մասին), ի՞նչ անել:
Ախտորոշում
Նախ և առաջ անհրաժեշտ է ախտորոշել երկրի գործարար դաշտը կարգավորող օրենսդրությունը, գնահատական տալ մինչև 2018թ․-ն իրականացված հարկային և մաքսային ոլորտի օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև այլ պետությունների հետ միասին մաքսային միության մեջ մտնելու քաղաքական որոշմանը և դրա տնտեսական հետևանքներին։ Արդեն հետահայաց ուսումնասիրել անցած 2 տարվա ընթացքում հարկային օրենսգրքի մեջ քառասուն անգամ կատարված փոփոխությունները և դրանց բերած արդյունքը:
Պետք է բանավեճ ծավալել մեր երկրի տնտեսական գործող համակարգի շուրջ, այդ բնագավառը կարգավորող օրենսդրության շուրջ: Պետք է սկսել այնպիսի տարրական հարցերի քննարկումից, ինչպիսիք են. հարկե՞լ նվազագույն աշխատավարձը, թե՞ չհարկել, հարկե՞լ անձի եկամուտները, թե՞ նրա ընտանիքի եկամուտները, անձի ու նրա ընտանիքի գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն չափերի ու արժեքի կացարանը հարկե՞լ անշարժ գույքի հարկով, թե՞ չհարկել, անշարժ գույքը հարկելիս՝ դրա կառուցման տարեթիվը հաշվի առնե՞լ, թե՞ չառնել, շուկայական կամ կադաստրային գին սահմանելիս սեփականատիրոջից այդ գնով գույքը գնելու պարտավորություն կրե՞լ, թե՞ չկրել, երբ անձը 2 մլն դոլարանոց տուն է կառուցում, պետությունը դրանից շահու՞մ է, թե՞ կորցնում, ինչու՞ պետք է մեքենայի գույքահարկն ավելի շատ լինի, քան բնակարանինը, սա նորմա՞լ է, թե՞ ոչ …
Հայտնի է, որ ցանկացած հիվանդության ախտորոշումն ավելի բարդ է, քան դրա բուժումը: Ուստի ճշգրիտ ախտորոշման համար պետք է ձևավորել պետական պատվեր: Ախտորոշման հետ միասին այդ պատվերը պետք է պահանջի ներկայացնել նաև բիզնես դաշտը կարգավորող օրենսդրության հայեցակարգ։ Ախտորոշման և հայեցակարգի պատվերը պետական գնումների տեսքով պետք է իջեցնել Հայաստանի բոլոր այն բուհերին, որոնք ունեն տնտեսագիտական ամբիոններ: Միաժամանակ, նման պատվերի կատարման մրցույթին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան մասնավոր խորհրդատվական կազմակերպությունները, միությունները: Պետությունը պետք է գումար ծախսի՝ մասնավոր տնտեսագիտական մտքից իր «հիվանդ» տնտեսության ախտորոշման և, ըստ էության, այդ տնտեսությունը խթանելու բիզնես պլան՝ հայեցակարգ, ունենալու համար:
Այս կարևոր գործը չի կարելի թողնել նախարարությունների պետական ծառայողների վրա ոչ թե այն պատճառով, որ նրանք իրենց մասնագիտական մակարդակով կարող են զիջել ոչ պետական հատվածի մասնագետներին, այլ այն պատճառով, որ պետական հատվածի մասնագետները կաշկանդված են նախկինում իրենց կողմից առաջ քաշված, շատ դեպքերում շարադրված օրենսդրական նախագծերի պաշտպանությամբ: Նրանք իրենց մասնագիտական պոտենցիալը ներդրել են ազատ շուկայական հարաբերություններին հակասող տնտեսական հայեցակարգ մշակելու՝ ազատ շուկայական, մրցակցային տնտեսության գաղափարախոսությանը հակոտնյա իշխանության և օլիգարխիայի կողմից իջեցված պատվերների մշակման գործում: Եվ հիմա նրանք կարող են ունենալ մասնագիտական կաշկանդվածություն, ինչը հասկանալ կարելի է, բայց և նկատի չունենալ չի կարելի:
Տնտեսության ախտորոշումից հետո, որը համարում եմ ոչ թե առաջին քայլ, այլ անհրաժեշտ պայման հետագա քայլերի համար, հարկ է կատարել մի քանի էական նշանակության քայլեր, որոնք կներկայացվեն առանձին հոդվածներով՝ «Քայլ 1․ Օբյեկտիվ անհրաժեշտություն» և «Քայլ 2, որի համար ոչ ոք չէր պախարակի»:
Արամ Աշուղյան
Տնտեսագետ, «3A partners» ընկերության հիմնադիր