(թարգմանությունը «Free Market Economics» գրքից, արտատպված է The Freeman, August պարբերականի 1963թ. օգոստոսյան համարից)
Ըստ հասարակ մարդու փիլիսոփայության՝ մարդկային հաստությունն ու բարօրությունը երկու նախաստեղծ գործոնների՝ բնության եւ մարդու աշխատանքի համագործակցության արդյունքն են։ Ինչը թույլ է տալիս մարդուն ապրել եւ ըմբոշխնել կյանքը, կա՛մ մատուցված է բնության կողմից, կա՛մ ձեռք է բերվում աշխատանքով, կա՛մ ստացվում բնության ընձեռած հնարավորությունների եւ մարդու աշխատանքի զուգորդմամբ։ Քանի որ բնությունն իր բարիքները բաշխում է ձրի եւ առատաբար, արտադրության ամբողջ վերջնական արգասիքը՝ սպառողական ապրանքները, պետք է բաժին հասնեն բացառապես այն աշխատողներին, որոնց չարչարանքի գնով եւ կյանքի են կոչվել։ Ցավոք, սակայն, այլ է դրվածքը մեղսաշատ մեր աշխարհում, ուր՝ «շահագործողների» «գիշատիչ» դասակարգը փորձում է հնձել երբեւէ չցանածի պտուղները։ Հողատերերը, կապիտալիստները եւ ձեռներեցները յուրացնում են այն, ինչ իրավամբ պատկանում է այդ բարիքն արտադրող աշխատավորներին։ Աշխարհի բոլոր չարիքներն այս նախակարգ անիրավության անխուսափելի արդյունքն են։
Այսպիսին է ահա ժամանակակիցների մեծագույն մասի մտածողության գերիշխող գաղափարը։ Սոցիալիստներն ու սինդիկալիստներն այս դրույթից եզրակացնում են, որ մարդկային հարաբերությունները բարենորոգելու համար անհրաժեշտ է գլխովին վերացնել նրանց, ում նրանց ժարգոնը կոչում է «ավազակ բարոններ», այսինքն՝ ձեռներեցներին, կապիտալիստներին եւ հողատերերին, իսկ արտադրական ողջ գործավարությունը վստահել կա՛մ հարկադրանքի եւ բռնության հանրային ապարատին՝ պետությանը (որը մարքսիստական եզրութաբանությունն անվանում է հասարակություն), կա՛մ առանձին գործարաններում եւ արտադրաճյուղերում ներգրավված աշխատողներին։
Ոմանք քիչ ավելի զուսպ են բարեփոխիչ ջերմեռանդության մեջ եւ մտադիր չեն լիակատար էքպրոպրիացիայի ենթարկել նրանց, ում կոչում են ժամանցային դասակարգ (“leisure class”), այլ ցանկանում են վերցնել միայն որքան հարկավոր է հարստության եւ եկամտի «բաշխման» հարցում «ավելի մեծ հավասարություն» ձեւավորելու համար։
Սակայն երկու այս խմբերը՝ արմատական սոցիալիստների եւ ավելի զգուշավոր բարենորոգիչների կուսակցությունները, ունեն միեւնույն հիմնարար համոզմունքը, ըստ որի՝ շահույթն ու շահատոկոսը «չվաստակած» եկամուտ են, ուստիեւ բարոյական իմաստով խնդրահարույց են՝ լինելով աշխատավորների եւ նրանց ընտանիքների ճնշող մեծամասնության չքավորության պատճառը, եւ պետք է խստորեն սանձվեն (եթե ոչ՝ ամբողջովին արգելվեն) ազնիվ ու գոհացուցիչ կերպով կազմակերպված հասարակության մեջ։
Այնինչ, մարդու գոյապայմանների այս ողջ մեկնությունը սխալական է, իսկ դրանից ծագող քաղաքականությունը՝ կործանարար, ո՛ր տեսանկյունից եւ դատելու լինենք։ Արեւմտյան քաղաքակրթությունը դատապարտված կլինի, եթե տնտեսական խնդիրները լուծելու մեր ներկայիս աղետալի մեթոդները անհապաղ չկարողանանք փոխարինել խոհեմ եւ խելամիտ մոտեցումներով։
Արտադրության երեք գործոնները
Զուտ աշխատանքը, այսինքն՝ այն ջանքերը, որոնք առաջնորդված չեն ռացիոնալ նախագծով եւ օժանդակություն չեն ստանում գործիքների եւ միջանկյալ արտադրանքի գործադրման միջոցով, քիչ է բարելավում աշխատողի վիճակը։ Ավելին, այդպիսի աշխատանքը միայն մարդուն չէ, որ հատուկ է, այլեւ կենդանիներին՝ իբրեւ ընդհանուր երեւույթ, որը բնազդորեն ստիպում է տեղից շարժվել եւ մերկ ձեռքերը գործի դնելով՝ գտնել եւ յուրացնել ուտելի եւ խմելի որեւէ բան։
Ֆիզիկական ճիգը դառնում է մարդկային արտադրության գործոն, երբ բանականության կողմից ուղղորդվում է որոշակի նպատակի՝ հընթացս գործադրելով աշխատանքային գործիքներ եւ նախօրոք արտադրված միջանկյալ արտադրանք։ Միտքը՝ դատողականությունը, մարդու կարեւորագույն գործարանն է։ Մարդկային գործունեության ասպարեզում բուն աշխատանքը ընդամենը մեկ կետ է «բնական ռեսուրսներ + կապիտալ ապրանքներ + աշխատանք» համախմբում. նախապես ընտրված նպատակի իրականացման համար պետք է գործադրվեն այս երեք գործոնները միասին, բանականության կողմից ծրագրված հստակ նախագծի համաձայն։ Աշխատանքը, այն իմաստով, որով գործածվում է մարդու առնչությամբ, արտադրության մի քանի գործոններից մեկն է ընդամենը։
Այս փաստի հաստատումը հիմնովին կազմաքանդում է շահագործման վերաբերյալ լայն հրապարակայնություն ստացած հայեցակարգի բոլոր դրույթներն ու պնդումները։ Խնայողները եւ, դրանով իսկ, կապիտալ ապրանքներ կուտակողները, ինչպես եւ նրանք, ովքեր ձեռնպահ են մնում նախապես կուտակված կապիտալ ապրանքների սպառումից, սեփական մասնաբաժինն են ներդնում արտադրության հաջողության գործում։ Նույնքան անփոխարինելի է նաեւ մարդկային դատողության դերակատարությունը, քանի որ գործարար միտքն է, որ աշխատողների ջանքերն ու կապիտալ ապրանքներն ուղղորդում է ի նպաստ արտադրության, որի վերացումը լավագույն դեպքում դժգոհություն ու դժբախտություն է հարուցում մարդկանց։
Այն, ինչ տարբերում է Արեւմտյան քաղաքակրթության պետությունների բնակչության ժամանակակից կենսաձեւը նախորդ դարերում տիրող իրավիճակից (որը դեռեւս գերիշխող է մոլորակի վրա ապրող մարդկանց մեծամասնության համար), ոչ թե աշխատուժի քանակի կամ հմտությունների փոփոխությունն է կամ հիմնարար գիտության նորագույն մշակումներին ծանոթությունն ու կիրառական գիտությունների կամ տեխնոլոգիայի կողմից դրանց գործադրումը, այլ՝ կուտակված կապիտալի ծավալը։ Այս հանգամանքը միտումնավոր կերպով քողարկվում է որոշակի բառընտրությամբ եւ ձեւակերպումներով, որոնք միջազգային եւ ազգային պետական կառույցները գործածում են «զարգացող երկրներին հատկացվող միջազգային օգնություն» կոչվածի առնչությամբ։ Նոու-հաուն չէ, որ հարկավոր է այս աղքատ երկրներին, որպեսզի նրանք կարողանան փոխառել զանգվածային արտադրության արեւմտյան մեթոդները՝ ի բավարարումն բնակչության կարիքների։ Տեխնոլոգիական մեթոդներում գաղտնիություն չկա։ Դրանք դասավանդվում են տեխնիկական համալսարաններում եւ մանրամասնորեն շարադրվում դասագրքերում, ձեռնարկներում ու պարբերականներում։ Ավելին, հետամնաց այս երկրներին օգտակար կարծվող ցանկացած նախագծի իրագործման համար չկա նաեւ փորձառու մասնագետների պակաս։ Միակ պակասությունը սեփական կապիտալ ապրանքների հասանելիություն է։ Դա է, որ, օրինակ, Հնդկաստանի նման երկրներին խանգարում է փոխառել արդյունաբերության ամերիկյան մեթոդները։ Քանի դեռ Հնդկաստանի կառավարության բռնագրավիչ քաղաքականությունը վանում է օտարերկրյա կապիտալիստներին երկրում ներդնելու մտքից եւ քանի դեռ դրա սոցիալիստամետ անհանդուրժողականությունը խափանում է պետության սահմաններից ներս կապիտալի կուտակումը, երկիրը կախված է լինելու արեւմտյան պետությունների հատկացրած ողորմությունից։
Սպառողն է ուղղորդում կապիտալի գործադրումը
Կապիտալ ապրանքները կյանքի են կոչվում խնայողությամբ։ Արտադրված ապրանքների մի մասը հանվում է անհապաղ սպառումից եւ ներդրվում այնպիսի գործընթացներում, որոնց պտուղները հասունանալու են սոսկ հետագայում։ Ամբողջ նյութեղեն քաղաքակրթությունը հիմնված է արտադրության հարցում այս «կապիտալիստական» մոտեցման վրա։
Վերջինս գործածում է «արտադրության շրջանցիկ մեթոդներ» (“Roundabout methods of production”), ինչպես դա կոչել է Բյոմ-Բավերքը (Böhm-Bawerk), քանի որ դրանք գեներացնում են ավելի մեծ ելք միավոր մուտքի դիմաց։ Հնում մարդն ապրում էր «ձեռքից բերան»։ Այժմ քաղաքակիրթ մարդն արտադրում է գործիքներ եւ միջանկյալ ապրանքներ՝ հետամուտ լինելով երկարաժամկետ նպատակների եւ արդյունքների, որոնք ուղղակի՝ պակաս ժամանակատար մեթոդներով երբեք հասանելի չէին լինի կամ հնարավոր կլինեին միայն աշխատուժի եւ նյութական գործոնների անհամեմատ ավելի մեծ ծախսերի գնով։
Խնայողները՝ ովքեր սպառում են ավելի քիչ, քան արտադրված ապրանքների իրենց բաժինն է, պսակում են համընդհանուր բարօրության տանող ճանապարհը, քանի որ նրանց ցանած սերմերը հարստացնում են ոչ միայն իրենց, այլեւ հասարակության բոլոր շերտերին։
Սա շահեկան է նաեւ սպառողին։ Սեփականատիրոջ համար կապիտալ ապրանքները մեռյալ միջոցներ են եւ ավելի նման են պարտավորությունների, քան ակտիվների, եթե չեն շահագործվում արտադրության մեջ՝ մարդկանց հնարավորինս լավագույն եւ էժանագույն կերպով ապահովելու համար ամենից անհրաժեշտ ապրանքներով ու ծառայություններով։ Շուկայական տնտեսության մեջ կապիտալ ապրանքների սեփականատերը հարկադրված է իր սեփականությունը գործի դնել այնպես, ասես դա իրեն վստահվել է սպառողի կողմից՝ պայմանով, որ դրանք կներդնի այն ուղղություններում, որոնք ամենից լավ են սպասարկում սպառողին։ Ըստ էության, կապիտալիստը սպառողի մանդատառուն է՝ պարտավորված գործելու նրա ցանկություններին համահունչ։
Իրական տիրոջից՝ սպառողից ստացած պատվերն ի կատար ածելու նպատակով կապիտալիստը պետք է կամ ինքն անցնի ներդրումների կատարմանը եւ բիզնեսի կառավարմանը, կամ, եթե պատրաստ չէ ձեռնարկատիրական այդպիսի գործունեության եւ չի հավատում սեփական ունակություններին, իր դրամական միջոցները հանձնի նրանց, ում ավելի պատրաստ է համարում այդ գործառույթի համար։ Ինչ էլ լինի այլընտրանքը, սպառողի գերակայությունը մնում է անխախտ։ Ընկերության կամ ձեռնարկության ֆինանսական կառուցվածքից անկախ՝ ուրիշների դրամական միջոցները գործադրող ձեռներեցը պակաս չի կախված շուկայից (այսինքն՝ սպառողներից), քան զուտ սեփական միջոցներով աշխատողը։
Չկա աշխատավարձի դրույքաչափերի բարձրացման այլ մեթոդ, քան յուրաքանչյուր աշխատողի հաշվով կապիտալի ներդրումների ավելացումն է, ինչի արդյունքում աշխատավորն ապահովվում է ավելի արդյունավետ գործիքներով։ Ավելի լավ սարքավորումների եւ մեքենաների օժանդակությամբ՝ աճում է արտադրանքի ծավալը, բարձրանում որակը, եւ գործատուն ժամանակի ընթացքում կարողանում է ավելին ստանալ սպառողից՝ միավոր ժամանակում իր աշխատողի արտադրածի դիմաց, ինչի շնորհիվ արդեն թույլ է տալիս իրեն (մյուս գործատուների հետ մրցակցության շնորհիվ նաեւ՝ հարկադրված է լինում) ավելի բարձր վճարել մարդու աշխատանքի դիմաց։
Արհմիութենական հայեցակարգի համաձայն՝ աշխատավարձերի այն բարձրացումը, որին նրանք հասնում են մեղմասացաբար «կոլեկտիվ բանակցություններ» կոչվածում, ոչ թե պետք է ծանրաբեռնի գնորդին, այլ կորզվի գործատուի միջոցներից. վերջինս պետք է կրճատի այն, ինչ կոմունիստի աչքում պատկերանում է իբրեւ «չվաստակած եկամուտ», որն է՝ ներդրված կապիտալի շահատոկոսը եւ սպառողի՝ մինչ այդ չբավարարված պահանջների բացը հաջողությամբ լրացնելուց ստացվող շահույթը։ Այս կերպ՝ քայլ առ քայլ, արհմիությունները հույս ունեն չվաստակած համարվող ողջ եկամուտը կապիտալիստների եւ ձեռներեցների գրպաններից տեղափոխել աշխատավորների գրպանները։
Իրականում, սակայն, շուկայում տեղի է ունենում միանգամայն այլ բան։ Ա ապրանքի շուկայական Գ գնի դեպքում բոլոր նրանք, ովքեր պատրաստ էին միավոր Ա-ի համար ծախսելու Գ գումար, կարող էին գնել որքան կցանկանային։ Արտադրված եւ վաճառքի հանված Ա ապրանքի ընդհանուր քանակն է Վ եւ ոչ ավելին, քանի որ ավելի մեծ ծավալի դեպքում ամբողջ արտադրանքը սպառելու համար գինը պիտի ընկներ մինչեւ Գ-։ Սակայն այս Գ- գնի դեպքում ամենից մեծ ծախս կատարած արտադրողները վնաս կկրեին եւ, հետեւաբար, ստիպված կլինեին դադարեցնել Ա ապրանքի արտադրությունը։ Այս սահմանային արտադրողները, հետեւաբար, վնաս կրելով, ստիպված են լինում դադարեցնել Ա-ի արտադրությունը, երբ աշխատավարձի ավելացումը, որը պարտադրվում է արհմիության կողմից կամ նվազագույն աշխատավարձի մասին կառավարական հրամանագրով, առաջ է բերում արտադրական ծախսերի աճ, որը չի փոխհատուցվում Գ գնի աճով մինչեւ Գ+։ Արտադրության արդյունարար սահմանափակումը անհրաժեշտաբար առաջացնում է աշխատուժի կրճատման կարիք։ Ուստի, արհմիության «հաղթանակի» անհրաժեշտ արդյունքն է լինում բազմաթիվ աշխատողների գործազրկությունը։
Արդյունքը նույնն է նաեւ եթե գործատուները հնարավորություն են ստանում արտադրական ծախսերի աճը ամբողջովին բարդելու սպառողի ուսերին՝ առանց գցելու արտադրվող եւ վաճառվող Ա ապրանքի քանակը։ Եթե սպառողն ավելին է վճարում Ա գնելու համար, նա պետք է կրճատի մեկ այլ՝ Բ ապրանքի հայթայթումը։ Այդ դեպքում ընկնում է Բ-ի պահանջարկը՝ հանգեցնելով վերջինիս արտադրության մեջ նախկինում ներգրավված աշխատուժի որոշակի հատվածի գործազրկությանը։
Գործում ներդրված կապիտալի սեփականատիրոջ շահաբաժինը արհմիութենական հայեցակարգը որակում է իբրեւ «չվաստակած» եւ եզրակացնում, որ այն պետք է հիմնովին արմատախիլ արվի կամ զգալիորեն կրճատվի՝ վնասից զերծ պահելով աշխատավորին կամ սպառողին։ Աշխատավարձերի բարձրացումից առաջ եկող արտադրական ծախսերի աճը, հետեւաբար, պետք է փոխհատուցվի ընկերության զուտ եկամտի կրճատմամբ եւ բաժնետերերին վճարվող շահաբաժինների համարժեք նվազեցմամբ։ Նույն գաղափարն է ընկած նաեւ արհմիությունների այն պահանջներում, ըստ որոնց՝ աշխատանքի արտադրողականություն կոչվածի յուրաքանչյուր աճ (արտահայտված ընդհանուր ելքային արտադրանքի համար ստացվող գնի գումարի եւ արտադրության վրա ծախսված մարդ-ժամերի թվի հարաբերության աճով) պետք է գումարվի աշխատավարձին։ Երկու մոտեցումներն էլ նշանակում են կապիտալիստների խնայողության շնորհիվ գործին հատկացված կապիտալի վերադարձի կա՛մ ամբողջ, կա՛մ զգալի մասի առգրավում ի շահ աշխատավորների։ Բայց չէ՞ որ կապիտալիստին իր միջոցները սպառելուց ձեռնպահ մնալ եւ այն նոր խնայողության միջոցով ավելացնել դրդում է միայն այն փաստը, որ այդ համբերությունը համակշռվում է ներդրումներից գոյացող հասույթով։ Եթե նրան զրկում ես այդ հասույթից, ապա որպես սեփական կապիտալից օգտվելու միակ ձեւ մնում է սպառումը, ինչը հետզհետե հանգեցնում է համընդհանուր աղքատացման։
Միակ խելամիտ քաղաքականությունը
Ամերիկացի աշխատողների աշխատավարձերի դրույքաչափերն այլ երկրներում աշխատավորներին բաժին հասնող վարձավճարներից բարձրացնում ու բարձր է պահում միայն այն, որ այս երկրում յուրաքանչյուր աշխատողի հաշվով ներդրումն ավելին է, քան այլուրեք։ Խնայողությունը եւ կապիտալի կուտակումը ստեղծել եւ մինչեւ օրս պահպանում են ամերիկյան միջին աշխատողի բարձր կենսամակարդակը։
Դաշնային եւ նահանգային կառավարությունների, քաղաքական կուսակցությունների եւ արհմիությունների բոլոր մեթոդները, որոնցով փորձում են բարելավել վաստակել ձգտող մարդկանց կենսապայմանները, ոչ միայն ունայն են, այլեւ՝ ուղղակիորեն վնասակար ու կործանարար։ Կա միայն մեկ քաղաքականություն, որ կարող է արդյունավետ կերպով օգտակար լինել աշխատավորությանը, եւ դա այն քաղաքականությունն է, որը հեռու է մնում խնայողության եւ կապիտալի կուտակման ճանապարհին խոչընդոտներ կառուցելուց։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան