Թեև երկրներն աստիճանաբար վերացնում են COVID-19 համավարակի կանխարգելման համար մտցված սահմանափակումները կամ բացում են սահմանները և վերականգնում օդային հաղորդակցությունը, սակայն համավարակով պայմանավորված բարձր անորոշությունն ու ռիսկերը դեռևս շարունակում են մնալ։ Հատկապես անհանգստացնող խնդիր է շարունակում մնալ համավարակի երկրորդ ալիքի հավանականությունը և դրա առաջացրած տնտեսական հետևանքները երկրների համար։
Մասնավորապես, ԱՄՆ Բիզնեսի տնտեսագիտության ազգային ասոցիացիայի կողմից օգոստոս ամսին անցկացրած հարցման արդյունքների համաձայն տնտեսագետների մեծամասնությունը նշել է, որ կորոնավիրուսի հետևանքով տնտեսական անկման վատթարացում են կանխատեսում նախքան վերականգնումը։ Նրանք տեսնում են առնվազն 25 տոկոս հավանականություն, որ կորոնավիրուսը կհանգեցնի երկրորդ տնտեսական անկմանը։
Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալների՝ համաշխարհային տնտեսությունը չի վերադառնա նախահամավարակային մակարդակին առաջիկա երկու տարվա ընթացքում: COVID-19 համավարակի հետևանքով Կազմակերպության մեջ մտնող 37 զարգացած երկրների տնտեսություններն ապրիլ, մայիս և հունիս ամիսներին կրճատվել են աննախադեպ՝ 9,8 տոկոսով ցուցանիշով: Իսկ վերականգնման ուղին խիստ անորոշ է և խոցելի հատկապես համավարակի երկրորդ ալիքի դեպքում։
ՏՀԶԿ կանխատեսումներով համաշխարհային տնտեսական ակտիվությունը 2020 թվականին կկրճատվի ընդհանուր առմամբ 6%-ով, եթե հաջողվի խուսափել համավարակի երկրորդ ալիքից։ Իսկ եթե մինչև տարեվերջ տեղի ունենա COVID-19-ի երկրորդ ալիքը, ապա տնտեսական անկումը կարող է խորանալ մինչև 7,6%:
Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումներով 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կկրճատվի 5,2%-ով, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումներով՝ 4,9%-ով։ Հայաստանի համար ՀԲ-ն և ԱՄՀ-ը կանխատեսում են համապատասխանաբար 2,8% և 1,5% անկում։
Դանդաղ վերականգնմանը հաջորդող համաշխարհային տնտեսության (թողարկման) անկումը
Աղբյուրը՝ ՏՀԶԿ
Գծապակերում կանաչ գույնով ներկայացված է ՏՀԶԿ կանխատեսումը 2020/21թթ․ համար համաշխարհային տնտեսության աճի հետագիծը՝ կատարված 2019թ․ նոյեմբերին։ Մանուշակագույն գույնով ներկայացված է տնտեսության զարգացումը արդեն COVID-19 համավարակի պայմաններում, իսկ կարմիր գույնով՝ դրա զարգացումը համավարակի երկրորդ ալիքի դեպքում։ Համավարակով պայմանավորված տնտեսական իրավիճակի հետագա զարգացման երկու սցենարների (սցենար 1՝ համավարակի բռնկման մեկ ալիք և սցենար 2՝ երկրորդ ալիք) դեպքում էլ համաշխարհային տնտեսությունը չի վերադառնա 2019 թվականի IV եռամսյակի մակարդակին առնվազն երկու տարի։
Չնայած բազմաթիվ կառավարությունների կողմից ձեռնարկված մեկուսացման և սահմանափակման միջոցառումները թույլ են տվել դանդաղեցնել վարակի տարածումը, դրանք նաև սահմանափակել են գործարար ակտիվությունը և շատ լուրջ վնասներ հասցրել տնտեսություններին:
ՏՀԶԿ-ի կողմից առաջարկվում են երեք հիմնական քայլեր, որոնք համաշխարհային տնտեսությանը կօգնեն վերականգնվել: Առաջին քայլը մարդկանց աջակցության շարունակությունն է՝ որքան հնարավոր է երկար ժամանակ։ Համավարակի առաջացրած բացասական հետևանքներից իրենց տնտեսությունները պաշտպանելու համար շատ կառավարություններ գործել են արագ և վճռական՝ մասնավոր հատվածի աշխատավարձերի վճարումից մինչև խորը ֆինանսական խթաններ։
ՏՀԶԿ-ն կարևորում է, որ այդ աջակցությունը վաղաժամ հետ չկանչվի կառավարությունների կողմից՝ ընդգծելով նման մոտեցման բացասական հետևանքները 2008/9 թվականի ճգնաժամի դեպքում։ Կառավարությունները շատ արագ հետ կանչեցին խթանումը և անցան խիստ խնայողության։ Արդյունքում եղավ այն, որ դրանից հետո համաշխարհային տնտեսության ևս երկու դանդաղում տեղի ունեցավ։ Այս անգամ չպետք է կրկնել նույն սխալը։ Անհրաժեշտ է զգալի ներդրումներ կատարել վարակի դեմ պայքարում։ Իսկ եթե դա չարվի, ապա տնտեսական ծախսերն ավելի մեծ կլինեն։
Երկրորդ քայլն առավել խոցելի աշխատողների վերաորակավորումն է։ Համավարակի հետևանքով տեղի է ունեցել գործազրկության հսկայական աճ, ընդ որում՝ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշն աճել է մինչև 19 տոկոս Իսպանիայում, 17,5 տոկոս՝ ԱՄՆ-ում և միջինում մինչև 11,4 տոկոս՝ ՏՀԶԿ անդամ երկրներում:
Ամենացածր որակավորումն ունեցող աշխատողներն ամենախոցելին են և կարող են կորցնել իրենց կապը աշխատաշուկայի հետ: Վերաորակավորումը շատ լուրջ արդյունք կտա, քանի որ այդ աշխատողների համար ավելի դժվար է պահպանել հմտությունները: Եթե վերաորակավորման խնդիրը պատշաճ լուծում չստանա, դա կարող է հանգեցնել փողոցներում դժգոհության և քաղաքական ճնշման ավելացման:
Երրորդ քայլը համաշխարհային արժեշղթաները չկրճատելն է։ Արժեշղթան նկարագրում է ապրանքի կամ ծառայության ստեղծման համար անհրաժեշտ գործողությունների ամբողջական շրջանակը: Օրինակ՝ ապրանքներ արտադրող ընկերությունների համար արժեշղթան ընդգրկում է այնպիսի փուլեր, որոնք ներառում են գաղափարից մինչև մատակարարում և դրանց միջև ընկած ամեն ինչ, ինչպիսիք են հումքի գնումը, արտադրական գործառույթները և մարքեթինգային գործունեությունը:
Համաշխարհային մատակարարման շղթաները խոցելի էին Չինաստանում կորոնավիրուսի բռնկման հետևանքով, հատկապես, երբ պահանջվում էին անհատական պաշտպանության միջոցների շտապ մատակարարումներ: Հետևաբար, պետք է դիվերսիֆիկացնել արժեշղթաները, քանի որ հակառակ դեպքում կարող է ամբողջովին ավելի քիչ արդյունավետություն ստացվել։ Բացի այդ, չպետք է մոռանալ միջազգային առևտրի կարևորության մասին համաշխարհային տնտեսության վերականգնման գործում: