«Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնը շնորհավորում է կրթության ոլորտի բոլոր շահառուներին գիտելիքի օրվա կապակցությամբ․․․
Հարգելի աշակերտներ, ձեր ժամանակը ծախսելիս եղեք ժլատ, մի՛ վատնեք այն, քանի որ սովորելու լավագույն ժամանակը հիմա է:
Հարգելի ուսուցիչներ, պետության ապագան կերտում են այսօրվա աշակերտները, իսկ այդ աշակերտների ապագան՝ դուք: Մենք բարձր ենք գնահատում ձեր ավանդը լավ երկրի կառուցման գործում:
Շարունակելով անդրադառնալ աշխարհի տարբեր երկրների կրթական համակարգերին՝ այսօր ներկայացնում ենք Կանադայի դպրոցական կրթությունը։ Կանադան, որպես դաշնային պետություն, չունի միասնական կրթական քաղաքականություն և ուսումնական ծրագիր: Իրավասության 13 շրջաններից (10 նահանգ և 3 տարածք) յուրաքանչյուրը ունի սեփական Կրթության նախարարությունը, որոշներն անգամ ունեն 2 նախարարություն. մեկը զբաղվում է հանրակրթությամբ, մյուսը՝ բարձրագույն կրթությամբ: Նրանց կրթական քաղաքականությունները բարելավելու համար ավելի քան 50 տարի գործում է Կանադայի կրթության նախարարների խորհուրդը (ԿԿՆԽ), որի միջոցով իրականացվում է փորձի փոխանակում և համագործակցություն շրջանների միջև:
Կանադան կրթության ոլորտի վրա կատարված պետական ծախսերի մեծությամբ առաջապահ երկրներից է. կրթության ոլորտին են բաժին հասնում պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 12%-ը, որը ՀՆԱ-ի մոտ 6%-ն է: Այս ցուցանիշները մինչև 2000-ականները էլ ավելի բարձր էին, իսկ արդյունքները միանշանակ նկատելի են. բնակչությունն այժմ ունի կրթական բարձր մակարդակ: 2015 թվականի տվյալներով 25-64 տարեկանների ավելի քան 90%-ը ավարտել է ավագ դպրոցը, իսկ 66%-ը ունի բուհական կրթություն, մինչդեռ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրների դեպքում միջին ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 78% և 40%:
Կանադայում կրթական համակարգերի բազմազանությունը բխում է բնակչության սոցիալ-մշակութային բազմազանությունից և շրջանների միջև առկա՝ հաճախ կոնֆլիկտայնության հասնող տարբերություններից: Սակայն, այնուամենայնիվ, այդ կրթական համակարգերի միջև առկա են այնպիսի նմանություններ, որոնք թույլ են տալիս միավորել կրթական համակարգերը 3 հիմնական խմբերում.
Գծ. 1. Կանադական շրջանների կրթական համակարգերը
ՄԹՀ – Մինչաշխատանքային թրեյնինգի հավաստագիր, ՄՈւԴ – Մասնագիտատեխնիկական ուսումնառության դիպլոմ, ՄՄԱ – Մասնագիտատեխնիկական մասնագիտացման ատեստավորում, ՔՈւԱ – Քոլեջի ուսումնառության ատեստավորում, ՔՈւԴ – Քոլեջի ուսումնառության դիպլոմ:
Նախադպրոցական կրթություն
Կանադայում մանկապարտեզները նախատեսված են 4-5 տարեկան երեխաների համար: Նախադպրոցական կրթության առանցքային տարրը խաղալն է: Թեպետ ուսումնական ծրագրերը տարբերվում են շրջանից շրջան, սակայն կան ընդհանուր առարկաներ, որոնք ուսումնասիրում են բոլոր մանկապարտեզների սաները. այբուբեն, ընթերցանության հիմունքներ, մաթեմատիկա, երաժշտություն և արվեստ:
Շրջանների մեծ մասը առաջարկում է նախադպրոցական կրթության մեկ անվճար տարի, սակայն Քվեբեկ, Օնտարիո, Մանիտոբա, Սասկաչևան և Ալբերտա նահանգներն առաջարկում են մեկ տարուց ավելի անվճար նախադպրոցական կրթություն: Ընդհանուր առմամբ, կան կեսօրյա կամ լրիվօրյա, պարտադիր կամ կամավոր մանկապարտեզներ: Շրջաններից 8-ի դեպքում դրանք լրիվօրյա և պարտադիր են 5 տարեկան բոլոր երեխաների համար:
Դպրոցներ
Կանադայում կան հանրային (անվճար), մասնավոր (վճարովի), անգլիական և ֆրանսիական դպրոցներ: Յուրաքանչյուր շրջանում դպրոցների կառավարման համար գործում է դպրոցական վարչություն, որի անդամներին՝ հոգաբարձուներին ընտրում է բնակչությունը: Կառույցը պարբերաբար կազմակերպում է հանրային քննարկումներ, որոնց ընթացքում ընդունվում են առաջարկներ կրթական գործընթացի բարելավման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, դպրոցական վարչությունը պատասխանատու է դպրոցական շենքերի, ուսուցչական անձնակազմի և սովորողների ներգրավման համար:
Յուրաքանչյուր նահանգ ինքն է որոշում, թե քանի տարեկանից դպրոց գնան երեխաները: Նահանգների մեծ մասում դպրոցական կրթությունը պարտադիր է 6-16, որոշներում՝ 5-18 տարեկանների համար:
Դպրոցական տարին սկսվում է օգոստոսի վերջին, ավարտվում՝ մոտավորապես հունիսի վերջին, ընդհանուր առմամբ՝ ընդգրկում է մոտ 190 օր: Երեխաները դասի են երկուշաբթիից ուրբաթ օրերին: Գրեթե բոլոր դպրոցներում կան արտաուսումնական դասընթացներ, որոնք կարող են անցկացվել մինչև դասերի սկսվելը, դասերից հետո կամ ընդմիջման ժամին: Կան սպորտի, արվեստի, հոբբիների և այլ ակումբներ: Դպրոցներում կան հաշվետու քարտեր, որոնք տրվում են աշակերտին տարվա մեջ մի քանի անգամ և պատմում նրա առաջընթացի մասին: Ապահովված է նաև ուսուցիչ-ծնող համագործակցությունը: Ծնողները կարող են մասնակցել իրենց երեխայի ուսումնառությանը՝ որպես կամավոր աշխատելով երեխայի դպրոցում, հանդիպելով երեխայի ուսուցչին ծնող-ուսուցիչ երեկոների ընթացքում և այլ եղանակներով:
Շատ նահանգներում տարրական կրթությունը տևում է 6-8 տարի: Սովորաբար տարրական դպրոցի ողջ ընթացքում երեխաներն ունենում են մի ուսուցիչ և կրթությունն ստանում են նույն դասասենյակում: Հիմնական առարկաներն են մաթեմատիկան, ընթերցանությունը, անգլերենը կամ ֆրանսերենը (Քվեբեկում)[1], սոցիալական գիտությունները, պատմությունը, աշխարհագրությունը, բնական գիտությունները, երաժշտությունը, արվեստը և ֆիզկուլտուրան: Տարրական դպրոցն ավարտողների 98%-ը շարունակում է կրթությունը միջնակարգ դպրոցում:
Միջնակարգ կրթությունը կազմում է պարտադիր կրթության վերջին 4-6 տարին: Կան պարտադիր ու ընտրովի առարկաներ, որոնց ընտրությամբ սովորողները կարող են ապահովել իրենց մուտքը դեպի աշխատաշուկա կամ բուհ: Որոշ նահանգներում մասնագիտատեխնիկական ու ակադեմիական ծրագրերը առաջարկվում են նույն միջնակարգ դպրոցում, իսկ մյուս նահանգներում մասնագիտատեխնիկական ուսուցման համար կան հատուկ կենտրոններ:
Միջնակարգ կրթությունը բաժանվում է երկու մասի՝ կրտսեր ավագ դպրոց և ավագ դպրոց: Տարրական դպրոցը բարեհաջող ավարտողները ընդունվում են կրտսեր ավագ դպրոց, որի ուսումնական ծրագրով աշակերտները շարունակում են սովորել այն առարկաները, որոնք ուսումնասիրում էին նաև տարրական դպրոցում, պարզապես ավելի մանրամասն ու խորացված: Ավելանում են օտար լեզուները՝ ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն (քվեբեկցիների համար) և այլն:
Ավագ դպրոցը հանրակրթության ավարտական փուլն է, այսինքն՝ ավարտվում է 12-րդ, Քվեբեկում՝ 11-րդ դասարանով: Բացառություն է կազմում Օնտարիո նահանգը, որտեղ աշակերտները կարող են սովորել լրացուցիչ մեկ տարի ևս. այն կոչվում է «12+» դասարան: Կանադայում աշակերտների մոտ 90%-ը կարողանում է ստանալ ավարտական վկայական և ավարտել ավագ դպրոցը։
Ուսուցիչը Կանադայում
Մինչև 20-րդ դարի կեսերը Կանադայի կրթական համակարգը ապահովում էին գավառական վարժապետները՝ երիտասարդ օրիորդներ, ովքեր ունեին նվազագույն որակավորում և աղքատիկ աշխատավարձ: Նրանք աշխատում էին, այսպես կոչված, «մեկ սենյականոց» դպրոցներում, որտեղ չկային տարրական հարմարություններ:
Ռոբերտ Հարիս «Դպրոցի հոգաբարձուների ժողով»
Այս նկարով հեղինակն իր շնորհակալությունն է հայտնել իր ուսուցչուհուն, ով աշխատել է Արքայազն Էդուարդի կղզում: Նկարի ստեղծման մասին «Historica Canada» մշակութային կազմակերպությունը պատրաստել է ֆիլմ, որն արտահայտում է նաև հոգաբարձուների խորհրդի (որի ժամանակակից տարբերակը դպրոցական վարչությունն է) անպատասխանատու և ոչ սրտացավ վերաբերմունքը կրթության նկատմամբ: Այս դեպքում անհնար է չգնահատել ու մոռանալ ուսուցչի դերն ու ներդրումը ներկայիս կանադական հասարակության բարձր կրթական մակարդակի հիմքում:
Այժմ Կանադան ունի զարգացած տնտեսություն, որը կարողանում է բարձր վարձատրել ուսուցիչներին: Ըստ ՏՀԶԿ տվյալների՝ Կանադայում դպրոց նոր մուտք գործած ուսուցչի միջին ամսական աշխատավարձը 3300 ԱՄՆ դոլար է, իսկ 15-ամյա փորձի դեպքում՝ 5600 ԱՄՆ դոլար: Ավելի բարձր են աշխատավարձերը հյուսիսային նահանգներում, քանի որ այնտեղ ապրելը շատ դժվար է. վատ ճանապարհների պատճառով ապրանքների ներմուծումը թանկ է, ինչն էլ հանգեցնում է բարձր գների:
Կանադան PISA-ում
Երբ անցկացնում էին Սովորողների միջազգային գնահատման ծրագրի (PISA) առաջին ստուգատեսները, Կանադան բավականին բարձր դիրքեր ուներ: Սակայն ամեն հաջորդ տարի նա զիջում էր իր դիրքերը, քանի որ մինչ ինքը միավորներում ոչ առաջընթաց էր ունենում, ոչ էլ հետընթաց, մրցակիցները բարելավում էին իրենց երեխաների գիտելիքներն ու ավելի բարձր միավորներ հավաքում.
Գծ. 2. Կանադայի 15-ամյա աշակերտների զբաղեցրած դիրքերը PISA-ում 2006-2018թթ.
2015 թվականին Կանադան զգալիորեն բարձրացրեց իր դիրքերը, բայց Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL IOE) կողմից 2019 թվականին կատարված հետազոտությունը այդ վերելքը կասկածի տակ դնելու հիմքեր է տալիս: Առանձնացնենք 3 դիտարկում՝ կատարված հետազոտության արդյունքներից.
- PISA-ի 2015թ. ստուգատեսին մասնակցել են աշակերտների մոտ կեսը, մինչդեռ մրցակից առաջատար երկրներից, օրինակ, Ճապոնիան ու Կորեան ապահովել են 90%-ից բարձր մասնակցություն: Կանադայի դեպքում Քվեբեկը ունեցել է գրեթե զրոյական մասնակցություն, այլ նահանգներում ևս շատ դպրոցներ հրաժարվել են մասնակցել:
- Մասնակցելու պատրաստված երեխաների մեջ շատ են եղել բացակայությունները. քննությանը չի ներկայացել 5 աշակերտից 1-ը: Ճապոնիայում ու Կորեայում չնախատեսված բացակայությունները կազմել են 3%-ից պակաս (ի տարբերություն Կանադայի 20%-ի):
- PISA-ի 2015թ. ստուգատեսին Կանադայի՝ հատուկ կրթական կարիքներ ունենալու պատճառով բացակայող աշակերտները կազմել են 7.5%, մինչդեռ Ճապոնիայում՝ 2.4%, Կորեայում՝ 1%-ից էլ պակաս:
Հաշվի առնելով այս բացահայտումները՝ մյուս առաջատարների հետ Կանադան համեմատելը դառնում է ոչ օբյեկտիվ ու անարդարացի: Հաշվի առնելով այսպիսի դեպքերը՝ ՏՀԶԿ-ն նախատեսում է հետագայում PISA-ի ստուգատեսներին մասնակցելիության նվազագույն շեմ սահմանել, որից ցածր լինելու դեպքում տվյալ երկրի արդյունքները չեն դիտարկվի:
[1] անգլերենն ու ֆրանսերենը համարվում են Կանադայի պաշտոնական լեզուները, սակայն, օրինակ, Նունավուտում, որն ամենամեծ, ամենահյուսիսային ու ամենացուրտ նահանգն է, մարդիկ չեն տիրապետում ոչ մեկին, ոչ մյուսին, այլ միայն ինուկտիտուտին և ինուինաքտունին, որոնք ևս համարվում են պաշտոնական լեզուներ Նունավուտի համար