Ֆինանսական ներդրումների հասանելիությունը կարևոր նախապայման է ցանկացած բիզնես սկսելու համար: Ներդրումների ծավալը կախված է բիզնեսի տեսակից, տվյալ երկրի օրենսդրական դաշտից, ինչպես նաև տնային տնտեսությունների միջին եկամտից: Բարձր եկամուտ ունեցող երկրում բիզնեսմենն ավելի քիչ լրացուցիչ ֆինասնավորման կարիք կարող է ունենա, քան ցածր եկամուտ ունեցող երկրում՝ տվյալ անձի եկամտի համեմատ:
Այս և մի շարք այլ գործոններ սահմանափակում են ֆինանսավորման հասանելիությունը զարգացող երկրներում: Խնդիրը կարելի է լուծել պետական աջակցության ծրագրերի միջոցով, բայց սա կախված է կառավարության հնարավորություններից, առկա ռեսուրսներից և որդեգրած քաղաքականությունից: Անկախ երկրից՝ ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ անձնական խնայողությունները, ինչպես նաև ընկերների և հարազատների օժանդակությունը: Այս ոչ ֆորմալ ներդրումները որպես կանոն կարևոր դեր են խաղում, հատկապես եթե տվյալ երկրում ֆինանսավորումը դժվար հասանելի է:
Զեկույցի հարցաշարը պարունակում է 3 հարց ոչ ֆորմալ ներդրումների վերաբերյալ՝ արդյոք ներդրում եք կատարել այլ անձի հիմնած բիզնեսում, եթե այո, որքան, և հարցվողի ու տվյալ անձի փոխկապակցվածության տեսակը:
18-64 տարեկան հարցվողների 7.9%-ը նշել է, որ վերջին 3 տարում իրենք անձամբ ներդրումներ են կատարել այլ անձի բիզնեսում: 4.3%-ը (ներդրում կատարածների կեսից մի փոքր ավելին) հայտնել է ներդրման ծավալը: Նշենք, որ շատերը չեն ցանկանում բացահայտել, թե որքան ներդրում են կատարել մտերիմների բիզնեսում:
Ըստ մտերիմների բիզնեսում ներդրում կատարած բնակչության քանակի Հայաստանը 14-րդն է 2019թ. Զեկույցի 50 երկրից, իսկ Արևելյան Եվրոպայի 9 երկրից՝ 1-ինը: Հայաստանում բիզնես սկսելու համար ոչ ֆորմալ ներդրումների դերն ավելի մեծ է, քան այլ երկրներում: Հետաքրքիր է, որ այս ցուցանիշով Հայաստանը միջանկյալ դիրք է զբաղեցնում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև:
Ոչ ֆորմալ ներդրողների 2/3 Հայաստանում տղամարդիկ են: Ոչ ֆորմալ ներդրողի ընդհանուր հավաքական կերպարը հետևյալն է՝ 25-44 տարեկան տղամարդ՝ բարձրագույն կրթությամբ, ամենաբարձր եկամտային խմբից (1 շնչի հաշվով 100,000+ ՀՀ դրամ ամսական):
Ոչ ֆորմալ ներդրողների կշիռը Հայաստանում (չափահասների %) ըստ բնակչության խմբերի
Աղբյուրը՝ GEM Հայաստան. անհատների հարցում 2019
Ոչ ֆորմալ ներդրողների կշիռն ավելի բարձր է գյուղաբնակների շրջանում, քան քաղաքներում (չհաշված Երևանը): Ըստ մարզերի, ներդրումների ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Կոտայքում, ամենացածրը՝ Տավուշում:
Ոչ ֆորմալ ներդրողների կշիռը (չափահասների %) ըստ մարզերի
Աղբյուրը՝ GEM Հայաստան. անհատների հարցում 2019
Ոչ ֆորմալ ներդրումների մակարդակը մարզերում արձանագրում է 1 շնչի հաշվով եկամտի հետ թույլ դրական հարաբերակցություն: ԸՍՁԳ մակարդակի հետ հարաբերակցություն չի արձանագրվել, փոխարենը հայտնաբերվել է չափավոր դրական կապ կայացած բիզնեսի մակարդակի հետ: Այլ կերպ ասած՝ ոչ ֆորմալ ներդրումների մակարդակն աճում է եկամտի աճին զուգահեռ, բայց ավելի մեծ աճ է արձանագրվում կայացած բիզնեսի մակարդակի աճին զուգահեռ:
Այլ անձի բիզնեսում միջին ոչ ֆորմալ ներդրումը Հայաստանում շուրջ 2.1 մլն ՀՀ դրամ է (4,400 ԱՄՆ դոլար), միջնարժեքը՝ 1.0 մլն ՀՀ դրամ (2,100 ԱՄՆ դոլար):
Ըստ 2019թ. Զեկույցի՝ առկա է չափավոր դրական հարաբերակցություն ոչ ֆորմալ ներդրումների ծավալի և 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի միջև: Չնայած, որ Հայաստանում միջնարժեքը բացարձակ արտահայտությամբ համեմատաբար փոքր է (34-րդը 50-ից), դրա և 1 անձին բաժին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցությունը բարձր է (10-րդը 50-ից), այսինքն՝ Հայաստանում ոչ ֆորմալ ներդրումներն ավելի կարևոր դեր են խաղում, քան Զեկույցի այլ երկրներում:
Աղբյուրը՝ GEM Հայաստան 2019/2020 զեկույց