Կառավարությունը հաստատել է Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը: Հիմնավորման համաձայն, 2014 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով, մասնավորապես, նախատեսվել է իրականացնել Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը: Կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչև 60 մլն մ3:
Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը՝ հաշվի առնելով տարբեր ջրօգտագործողների շահերը: Դա կնպաստի տարածաշրջանի ջրային ռեսուրսների կայուն և բնապահպանական տեսանկյունից հիմնավոր կառավարմանը, բնապահպանական իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև գյուղական շրջանների զարգացման խթանմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Ըստ տեխնիկատնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքների՝ Կապսի ջրամբարի 1-ին փուլի (25 մլն մ3) ջրածածկման տակ պետք է մնային Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաև նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի, մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։ Հետագայում Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում խորհրդատուի կողմից իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասնհաշվարկ, ըստ որի դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային և հետագա հնարավոր (սողանքավտանգ) փլուզումներից խոսափելու համար անհրաժեշտ է համարվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաև Մարմաշեն համայնքի Կապս և Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում: Որոշման արդյունքում՝ հնարավոր կլինի ծրագրի ազդակիր համայնքներում սկսել հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործընթացների իրականացումը, ինչը հիմք կհանդիսանա հետագայում շինարարական պայմանագրի ստորագրման համար։
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Ջրաձորի վերաբնակեցումը պետք է արվի առաջին փուլի իրականացմանը զուգահեռ՝ պետական միջոցներով: Հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը. 72 և ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջրամբարի հարևանությամբ, տեղը նախնական ընտրված է: Ջրաձորի բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը, որի արժեքը նախնական գնահատականներով կազմում է 4,9 մլրդ դրամ:
«Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, բովանդակությամբ, առանձնացված անասնապահական և բնակելի հատվածներով: Ունենալու ենք նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը»- ասել է Վաչե Տերտերյանը:
Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն