Ներկայացնում ենք հատվածներ Ա․ Մարկոսյանի, Ռ․ Ղանթարչյանի «Կրթական համակարգի դերը տնտեսության զարգացման գործընթացում» հոդվածից՝ հրապարակված «21-րդ ԴԱՐ» տեղեկատվական-վերլուծական հանդեսում։
Ամերիկացի տնտեսագետները ցույց են տվել, որ 1929-1982թթ. ընթացքում արտադրության աճի վրա առանձին գործոնների ազդեցությունն ունեցել է հետևյալ տեսքը. ֆորմալ կրթությունը (դպրոց, բուհ)՝ 26%, արտադրության մեջ որակավորման բարձրացումը՝ 55%, կապիտալ սարքավորումները՝ 20%։
- Կրթության գործընթացը պետք է սկսել ծնվելու պահից
Կարևոր բնութագրերից է տեղեկատվության ընկալման արագությունը, տեղեկատվության հսկայական ծավալից առաջնային տեղեկատվության առանձնացման ունակությունը։ Խոսքը ոչ այնքան արհեստավարժ գիտելիքների, որքան հոգեբանական ուղղվածության մասին է, որի մշակումն ամբողջ կրթական համակարգի կարևոր խնդիրն է, ընդ որում` անհրաժեշտ է նշել, որ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած է համակարգի ստորին օղակի՝ դպրոցի վրա։ Մասնագետների կարծիքով, նախապատրաստական համակարգի կատարելագործման մեջ առաջնահերթ քայլերից է երկուսից մինչև տասը տարեկան երեխաների կրթական և դաստիարակչական հիմնախնդիրների լուծումը։
***
Այսպես, «SONY»-ի հիմնադիր և կրթության մեծ ջատագով Իբուկան իր «Մանկապարտեզը` դա շատ ուշ է» գրքում գրում է, որ կրթությունը սկսվում է ծնվելու պահից և չպետք է վերջանա մինչև մահը։ Ճապոնացի ծնողների մեծ մասն առաջնորդվում է հենց այս սկզբունքով։
***
Ճապոնացի նախադպրոցական երեխաների շուրջ 63%-ը (ԱՄՆ 32%-ը) գնում է մսուր, չորս տարեկան երեխաների 80%-ը և հինգ տարեկան երեխաների 90%-ը հաճախում է մանկապերտեզ։ Այսպիսի վաղ և ինտենսիվ նախապատրաստումն անհրաժեշտ է, որպեսզի երեխաները պատրաստ լինեն տարրական և միջնակարգ ուսուցմանը։ Համեմատության կարգով նշենք, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքի երեխաների միայն 23%-ն է հաճախում մսուր-մանկապարտեզ։ Վերջին տարիներին ՀՀ-ում կրթության խնդիրը հայ ընտանիքներում ոչ միայն առաջնային չէ, այլ նաև առաջնայնության տեսակետից անկման միտում է ցուցաբերում։
***
Հ. Բեքերը նշում է, որ շնորհաշատ ծնողների երեխաները, որպես կանոն, ժառանգում են լավագույն կրթություն, տիրապետում են ավելի ընդլայնված կապերի։ Սակայն այս առավելությունը հասցվում է զրո մակարդակի երեք սերունդների կյանքի տևողության ընթացքում՝ պապից թոռանը։ Հետևաբար, մեր կարծիքով, ունակությունների ժառանգությունը կարելի է համարել երեխայի մարդկային կապիտալի նախասկզբնական կուտակում, քանի որ նախկին սերունդները դրանց զարգացման համար կատարել են ներդրումներ, սակայն պահանջվում է անընդհատ բարելավել մարդկային կապիտալի ֆունկցիոնալ կառուցվածքը, հակառակ դեպքում անհատի մեջ ձևավորված ունակությունները որակապես կարժեզրկվեն։
***
Նշված ժամանակահատվածում ավելացել է նաև (12,6 տոկոսային կետով) նախադպրոցական հիմնարկներում երեխաների ընդգրկվածությունը (համապատասխան տարիքի երեխաների թվաքանակից, %-ով): Ըստ որում, քաղաքներում այդ ցուցանիշը շուրջ 3 անգամ ավելի բարձր է, քան գյուղերում: Այնուհանդերձ, երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հիմնարկներում ցածր է, 2008թ. տվյալներով 100 երեխայից, փաստորեն, 70,2-ը չի հաճախում նախադպրոցական հիմնարկներ: Համեմատության համար նշենք, որ Խորհրդային Հայաստանում նախադպրոցական մշտական հիմնարկների թիվը (տարեվերջին) 1970թ. կազմել է 892, 1980թ.` 1081, 1985թ.` 1206, 1988թ.` 1215, իսկ նախադպրոցական մշտական հիմնարկներում երեխաների թվաքանակը կազմել է համապատասխանաբար 90,0 հազար, 149,8 հազար, 162,9 հազար երեխա: Այսինքն, եթե համեմատելու լինենք 2008թ. նախադպրոցական հիմնարկներում երեխաների թվաքանակը 1988թ. համապատասխան ցուցանիշի հետ, ապա կստացվի, որ այդ թիվը նվազել է 109,2 հազար երեխայով: … Նախադպրոցական պետական հիմնարկների թվի և դրանցում երեխաների թվաքանակի փոփոխությունը պայմանավորված է մի շարք սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործոններով:
***
Մարդկային կապիտալը զարգացնող ներդրումներին են վերաբերում նաև ընտանեկան կրթությունը, դաստիարակությունը։ Ընտանիքում կրթելու և դաստիարակելու արդյունքում ձևավորվում են բազային հոգեբանաֆիզիոլոգիական մտային ունակություններ, որոնց օգնությամբ իրականացվում է անհատի ձևավորման գործընթացը։ Փոքր երեխաների դաստիարակման մեջ հատուկ դեր է խաղում մայրը, հատկապես մեր պայմաններում: Այդ պատճառով, պետության համար երկրի ապագա շահերի տեսանկյունից խիստ շահավետ է, եթե ներդրումների օբյեկտ է հանդիսանում հատկապես երիտասարդ մայրերին նախանշված կրթական գործընթացը։ Կրթությունն ազդում է մոր հոգեբանաֆիզիոլոգիական վիճակի, ֆիզիկական հատկանիշների վրա, որը փոխանցվում է երեխային ոչ միայն գենետիկորեն, այլ նաև անմիջական դաստիարակման ժամանակ։ Իրական կյանքը ցույց է տալիս, որ մեծ մասամբ հենց մայրերի կրթական մակարդակով է պայմանավորված երեխաների ունակությունների զարգացման, կրթման և դաստիարակման գործընթացի արդյունավետության աստիճանը։
- Կրթական համակարգի և իրական հատվածի կապը
Այստեղից էլ մարդկային ռեսուրսների զարգացումը կարող է իրականացվել.
ա) պետական կրթական քաղաքականության մշակման և իրականացման ճանապարհով՝ հենվելով աշխատանքի շուկայի զարգացման միտումների անընդհատ ուսումնասիրման վրա,
բ) կադրերի պատրաստման գործընթացում արտադրական կառույցների անմիջական մասնակցության ճանապարհով՝ հանդես գալով ֆիրմաների և ուսումնական հաստատությունների միջև համագործակցման տարբեր ձևերով։
***
Պետության դերը դրսևորվում է ոչ այնքան ուսումնական հաստատությունների և բիզնեսի միջև կապերի հաստատմամբ, որքան այդ հարաբերությունների կոորդինացմամբ։ Չնայած բիզնեսը կարող է ազդել ուսումնական հաստատությունների նյութական բազայի կատարելագործման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող մշակել կրթության ռազմավարական ուղղվածությունը երկրում։
***
Նման փոխհամագործակցության գործընթացում պետք է նախատեսել դասավանդող կադրերի փոխանակման հնարավորություն։ Հայտնի է, որ կան որոշ բնագավառներ, որոնցում առանձին ֆիրմաներ զգալի չափով գերազանցում են բուհերի հնարավորությունները (օրինակ, համակարգիչների հետ կապված ողջ ոլորտը)։ Այս դեպքում ճիշտ կլինի, եթե այդպիսի ձեռնարկությունների առաջատար մասնագետները ներգրավվեն ուսումնական ծրագրերի մշակման մեջ (որպես խորհրդականներ) կամ մասնագիտացված համալսարանների դասավանդման գործընթացին։ Այսպես, Սթենֆորդի համալսարանում արդյունաբերությունից եկած դասախոսների և խորհրդականների բաժինը կազմում է 75%, իսկ Ֆրանսիայի Մեծ դպրոցներում (Առաջատար տեխնիկական ուսումնական հաստատություններ)` 78%։ Ամերիկյան ֆիրմաների բարձրակարգ աշխատողները հանդես են գալիս որպես ցածր կուրսերի ուսանողների ուսուցիչ-խորհրդատու պարտադիր պրակտիկայի շրջանում, ինչպես նաև կիրառական մասնագիտությունների գծով ապագա մագիստրոսների և դոկտորների խորհրդականներ, իսկ առանձին դեպքերում` նաև գիտական ղեկավարներ։
***
Գործում է նաև հակառակ գործընթացը, երբ բուհական կադրերը մասնակցում են ֆիրմայի ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրերի մշակմանը և դասավանդմանը։ Այսպես, օրինակ, «Վեսթերն էլեքթրիկ» ուսումնական կենտրոնում ընդգրկված կադրերի 71%-ը կազմում են բուհական կադրերը։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում այս գործընթացը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կամ չի գործում, կամ արտադրական պրակտիկան անց է կացվում մակերեսորեն, որն, ինչ խոսք, բացասական ազդեցություն է ունենում ժամանակակից պահանջներին համահունչ մասնագետների պատրաստման արդունավետության վրա։
- Կադրերի պատրաստման ծրագրերի վերանայման և կատարելագործման անհրաժեշտությունը
Ուսուցման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել` ելնելով այն հանգամանքից, որ մարդիկ նաև միմյանցից սովորում են, երբ աշխատում են որևէ խնդրի վրա օգտագործելով իրենց փորձը։ Պետք է մասնագետներին հնարավորություն տալ և ստեղծել անհրաժեշտ պայմաններ ինքնուրույն հետազոտություններ իրականացնելու և արդյունավետ առաջարկություններ մշակելու համար։ Սա հաստատում է այն փաստը, որ անհրաժեշտ է մասնագիտական ուսուցումը համադրել ընդհանուր տեսականի հետ։ Այսպես, «Քրայսլեր» ընկերությունը ոչ միայն իր ապագա ինժեներներին տալիս է համապատասխան աշխատատեղեր, այլև ապահովում է կիրառական գիտելիքների ուսուցումն իր Ինժեներական արվեստի ինստիտուտում։ Ընդ որում, սովորողների թվակազմի մեջ ընդգրկվում են նաև կադրեր փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք մտնում են ընկերության գործունեության ոլորտ։
***
Անհրաժեշտ է ՀՀ-ում ավելի լայնորեն տարածել կադրերի պատրաստման կոմբինացված ուսուցանումը, քանի որ այն նախատեսում է աշխատանքի և կադրերի պատրաստման տեսական ծրագրերի աստիճանական բարդացում։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է կիրառել ոչ այնքան ուղղահայաց ռոտացիան (տեխնիկ-ինժեներ-ստաժոր), որքան գործառույթների հորիզոնական փոխարինումը՝ ռոտացիա ըստ ձեռնարկության տեղամասերի, բաժինների, բաժանմունքների (արտադրական, իրացման, գիտահետազոտական և այլն)։ Նշված երկու տիպի ռոտացիաներն իրենց բարդության աստիճանով գտնվում են համարյա նույն մակարդակի վրա։ Այս գործընթացն անպայման կբերի նրան, որ կբացահայտվի աշխատողի օգտագործման լավագույն տեղը, կծանոթացվի արտադրության հետ դրա տարբեր մակարդակներում, ձեռք կբերվեն տարբեր բնույթի կոլեկտիվների հետ աշխատելու և շփվելու ունակություններ։ Այստեղ կարելի է կրկին բերել «Քրայսլեր» ընկերության օրինակը, որտեղ կադրերի ծառայության ղեկավարները գտնում են, որ ապագա ինժեներ-հետազոտողները և նախագծողներն ուսուցման գործընթացում պետք է փոխեն շուրջ 6 տարբեր բնույթի աշխատանքի տեղամասեր։
ՀՀ տնտեսության հետագա զարգացումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ արդեն այսօր անհրաժեշտ է բարձրակարգ մասնագետների պատրաստման գործընթացը փոխադրել կոմբինացված ուսուցման ուղու վրա, առավել ևս, որ այս ուղղությամբ ունենք որոշակի փորձ նախկին խորհրդային տարիներից, երբ ուսումնական գործընթացում մեծ տեղ էր հատկացվում արտադրությանը և դրանում գործող առկա տեխնոլոգիաներին։ Բավական է միայն վերականգնել հինը և այն համալրել ժամանակակից պահանջներով։
***
Կադրերի այսօրինակ պատրաստումը տարբեր մասշտաբներով լայն տարածում է գտել տնտեսապես զարգացած բոլոր երկրներում։ Այսպես, Ֆրանսիայում այդպիսի համագործակցությունը բնորոշ է միայն առաջատար ֆիրմաների և ինժեներական բուհերի միջև, Իտալիայում գերակշռող են կարճաժամկետ նախագծերը, իսկ ԱՄՆ-ում զգալի նորամուծական ակտիվություն են ցուցաբերում նաև փոքր և միջին ձեռնարկությունները։ Նման ձևով պատրաստվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտների 75%-ը:
***
Գիտության-կրթության-արտադրության համատեղ գործընթացը մշակումների և կիրառման որոշիչ փուլերում սահմանում է բարդ կազմակերպական կառուցվածքներ։ Մեր կարծիքով, բարձրակարգ մասնագետների պատրաստման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու և կոորդինացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական մարմին (հանձնաժողով), որը կարող է կապել և կոորդինացնել ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների գործունեությունն այս ոլորտում, քանի որ առաջինը կազմակերպում է կադրերի պատրաստումը, իսկ երկրորդը՝ աշխատող կադրերի վերապատրաստման, վերամասնագիտացման գործընթացը։
***
Բուհերի և ձեռնարկությունների կոոպերացման խթանման պետական քաղաքականության անհրաժեշտ մաս է հարկային քաղաքականությունը, որով պետք է, մեր կարծիքով, սահմանվեն որոշակի արտոնություններ։ Նախ, պետք է վերացնել այն միջոցների լրիվ կամ մասնակի հարկումը, որոնք ընկերությունները և ձեռնարկություններն ուղղում են բուհերին և գիտահետազոտական կենտրոններին։ Երկրորդ, ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ ՀՀ-ում, կոոպերացիայի նոր կառույցների կազմակերպման դեպքում (հետազոտական կենտրոններ, նորամուծական կենտրոններ) պետք է մտցնել շահութահարկի զեղչեր։ ԱՄՆ-ում այն կազմում է 25, Ճապոնիայում՝ 20, Իտալիայում 7,5%։ Վերջին հաշվով, համադաշնային պայմանագրային համակարգի մեջ մտնող ամերիկյան ընկերությունների ծախսերի շուրջ 65%-ը ընկնում է հարկային զեղչերի ազդեցության տակ։
***
Ակնհայտ է, որ պետք է հրաժարվել գիտության և կրթության զարգացման համար ներկայումս գործող բյուջետային հատկացումների մնացորդային սկզբունքից, որը կործանարար է երկրի տնտեսության համար։ Եթե գիտությանն ուղղվող ֆինանսական միջոցները դիտարկենք որպես ներդրումներ, որոնք նպաստում են գիտելիքների ընդլայնմանը, խորացմանը, ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելուն և տանում են արտադրանքի, տեխնոլոգիաների կատարելագործմանը, ապա գիտության մեջ կատարված ներդրումները կարելի է գնահատել որպես գիտական կապիտալ։ Վերջինիս նվազումը համարվում է ազգային հարստության կորուստ։