Տնտեսության անկման տեմպերը երկու ամիս որոշակի դանդաղելուց հետո հուլիսին կրկին արագացել են: Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2%-ով նվազել է:
Տնտեսության անկումը սկսվել է մարտին, ապրիլին այն կտրուկ խորացել է: Մայիսին ու հունիսին անկումը դանդաղել է: Հուլիսին, սակայն, այս միտումը չի պահպանվել:
Արդյունքում տարվա յոթ ամիսների կտրվածքով՝ հունվար-հուլիսին, 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.7%-ով:
Տնտեսության ոլորտներն առանձին դիտարկելիս տեսնում ենք, որ անկման տեմպերն արագացել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում:
Արդյունաբերության ծավալները հուլիսին նվազել են 2.3%-ով: Տարեսկզբին գրանցված երկնիշ աճին մարտ ամսից հաջորդել է անկումը: Այս ոլորտում ևս մայիս և հունիս ամիսներին դրական տեղաշարժեր էին նկատվում, սակայն հուլիսին հակառակ միտումն է գրանցվել: Ընդ որում՝ ամենայն հավանականությամբ, արդյունաբերության անկման վրա մեծ ազդեցություն է ունեցել հանքարդյունաբերությունը, որը վերջին ամիսներին նպաստում էր արդյունաբերության ընդհանուր աճին: Սա ավելի հստակ կերևա, երբ եկող ամսվա սկզբին Վիճկոմիտեն սոցիալ-տնտեսական վիճակն ավելի մանրամասն ներկայացնի:
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 1 տրլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1.3%-ով: Աճն ապահովվել է բացառապես տարվա առաջին երկու ամիսներին գրանցված ցուցանիշների հաշվին:
Շինարարության ծավալները այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 19.5%-ով: Ի տարբերություն մյուս ոլորտների՝ շինարարության ոլորտում անկման տեմպերը նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ դանդաղել են: Սակայն միևնույն ժամանակ, շինարարության ծավալները դեռևս զգալի կրճատվում են:
Հունվար-հուլիսին Վիճկոմիտեն արձանագրել է 137.6 մլրդ դրամի շինարարություն, որը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ 22.6%-ով կրճատվել է:
Ներքին առևտրաշրջանառությունը Հայաստանում 2020թ. հուլիսին 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել է 10.4%-ով: Հունիսին անկումն ավելի խորն էր:
Առևտրաշրջանառությունը ևս տարվա սկզբին խոստումնալից տեմպերով էր աճում։ Սակայն հարկ է նաև նկատել, որ այս ոլորտի աճի տեմպերը արդեն փետրվարին, երբ համավարակը դեռ լայնորեն չէր տարածվել, կտրուկ իջել էին: Սա կարող է ուղղակիորեն նշանակել, որ առևտրի ոլորտի անկումը միայն համավարակով չէ պայմանավորված: Դա կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ նախորդ տարի բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք գործում էին առևտրի ոլորտում, ստվերից դուրս են բերվել սպիտակ դաշտ, որի հաշվին առևտրի ծավալները աճել են: Իսկ այս տարի արդեն այդ գործոնը էական ազդեցություն չի ունեցել: Բացի այդ, այս տարվա ցուցանիշները համեմատվել են նախորդ տարվա բարձր բազայի հետ:
Այս տարվա հունվար-հուլիսին առևտրաշրջանառությունն, ըստ Վիճկոմիտեի, կազմել է 1.518 տրլն դրամ, որը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 11%-ով:
Անկումային տրամադրություններ են նաև ծառայությունների ոլորտում, որը, ինչպես հայտնի է, համավարակի բացասական ազդեցության առաջին կրողներից էր: Հուլիսին ծառայությունների ընդհանուր ծավալը նվազել է 21.6%-ով: Այս ոլորտում ևս անկման տեմպերը հուլիսին արագացել են:
Այս տարվա հունվար-հուլիսին ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 969 մլրդ դրամ՝ նվազելով 9.3%-ով:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված 3.9 % տնտեսական աճին երկրորդ եռամսյակում հաջորդել է շեշտակի անկումը։ Երկրորդ եռամսյակում (2020թ. ապրիլ-հունիս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական անկումը կազմել է 13.7 %։
Աղբյուրը՝ hetq.am