Լուիս Լավ (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Տպագրվել է Rotagraph պարբերականի 1962 թ, մարտի 16-ի համարում (Fort Worth, Texas, Rotary Club)։ Արտատպված է The Freeman պարբերականի 1962 թ. հուլիսյան համարից։
Ժուկով-ժամանակով հեռավոր մի երկրում մի ծեր թագավոր կար։ Նա շատ իմաստուն էր ու արդարամիտ, քանի որ ուշադիր քննել ու սովորել էր իր ժողովրդի մասին բազում-բազմազան բաներ, ճանաչել էր ինքն իրեն ու իր իշխանությունը։ Նրա ենթականերն ազատ էին անելու ինչ կամենան, բայց վախենում էին թագավորից ու նրա զինվորներից, որովհետեւ արքայի իշխանությունը մարդկանց չէր շնորհում այնպիսի մի արտոնություն, որ հավասարապես շնորհված չլիներ նաեւ մյուսներին։ Մարդիկ ազատ էին նաեւ բողոքելու թագավորին կամ հայցելու նրա իմաստուն խորհուրդը իրենց գործերում։
Օրերից մի օր պալատի դիմաց կանգնեցին մի արհեստավոր, մի պատշար ու մի կաղ մուրացիկ։
— Իմաստո՛ւն թագավոր,— գոչեցին նրանք,— մեռա՜նք նեղություն ու հոգս քաշելով։
— Ես,— ասաց արհեստավորը,— ինչ օգտակար բան ասես չեմ սարքում։ Հունար եմ դնում մեջը, երկար տանջվում, բայց որ սարքում-պրծնում եմ, մարդիկ հասանելիք վարձս չեն տալիս։
— Ես էլ,— ասաց պատշարը,— պատ ու պարիսպ եմ շարում, բայց գործ չունեմ, ոչ մեկն ինձ գործ չի տալիս։
— Ես էլ մի խեղճ ու կրակ մուրացկան եմ, թագավորն ապրած կենա,— ասաց երրորդը,— ամեն անցվոր-դարձվորից ողորմություն եմ խնդրում նրա սրտի կամեցածի չափով, բայց էդքան էլ ողորմելի ողորմություն կլինի՞. բան չմնաց՝ սովից մեռնեմ։
— Տեսնում եմ, որ ձեր հոգսերը ծանր են,— մխիթարեց թագավորը,— ի՞նչ կուզեք խնդրել ինձնից։
Երեքը՝ արհեստավորը, պատշարն ու կաղ մուրացիկը, միաբերան ասացին.
— Զորավո՜ր ես, թագավորն ապրած կենա,— դու կարող ես մարդկանց ցույց տալ իրենց վարքի մոլորությունը եւ օգնել մեզ մեր հոգսերում։
— Գուցե,— ասաց թագավորը,— իմ իշխանությունը թերեւս մեծ լինի, բայց ես պիտի դա իմաստնությամբ գործի դնեմ, այլապես շատ արագ կկորցնեմ։
Եւ նա կանչել տվեց իր պարեկազորի պետին ու հրամայեց.
— Երեք զինվոր առանձնացրու՝ ներկաներից ամեն մեկի համար մի հոգի, ու կարգադրիր, որ ամեն մեկը եկածներից մեկի հետ գնա նրա բնակավայրն ու ստիպի նրա հետ կամովին գործ բռնել չցանկացողին ենթարկվել այս մարդու հրամանին։
— Ո՛չ, ո՜չ,— բացականչեցին երեքը միասին,— մեր ուզածը դա չէր։ Մենք արժանապատիվ մարդիկ ենք, հո զոռով չե՞նք ստիպելու մեր ընկերներին հնազանդվել մեր կամքին։ Դա ի՞նչ անելու բան է։ Դո՛ւ ես, թագավորն ապրած կենա, որ պիտի գործի դնես քո զորությունը։
— Դուք ինձնից խնդրում եք անել մի բան, որը դուք ինքներդ պատվի զգացումից դրդված չէի՞ք անի,— հարցրեց թագավորը։ — Պատիվը ձեր ու ինձ համար տարբե՞ր է լինում։ Ես էլ եմ արժանապատիվ մարդ։ Ձեզ անպատիվ բանը երբեք պակաս անպատիվ չի լինի ձեր թագավորին։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան