Շատ երկրներում ձեռներեցության զարգացումը թիրախային նպատակ է, իսկ սկսնակ ձեռնարկատերերին աջակցությունը՝ տնտեսական քաղաքականության կարևոր բաղադրիչ: Սակայն ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրական գործունեությունը (ԸՍՁԳ) կայացած բիզնեսի վերածելը դժվար է թե՛ անհատի, թե՛ պետության համար, քանի որ պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր, հմտություն և բարենպաստ միջավայր, ուստի կայացած բիզնեսի ձևավորումը շատ կարևոր է տնտեսական կայունություն, եկամուտ և աշխատատեղեր ստեղծելու տեսանկյունից:
Կայացած բիզնեսի (ԿԲՍ) ցուցանիշը (3.5 տարուց ավել գործող բիզնես) Հայաստանում չափահաս բնակչության 7.8% է: Եթե սկսնակ ձեռնարկատիրության մակարդակով Հայաստանն առաջատարների շարքում է (7-րդը 50-ից), ապա կայացած բիզնեսի ցուցանիշով՝ միջին դիրքում (23-րդը 50-ից): Սա կարող է նշանակել, որ ԸՍՁԳ ավելի շատ խնդիրների են հանդիպում իրենց բիզնեսը զարգացնելու ճանապարհին: Խնդիրները կարող են վերաբերել ինչպես ձեռներեցների անհատական հատկություններին (անբավարար կրթություն և գիտելիք), այնպես էլ երկրում տիրողեռնարկատիրական ընդհանուր միջավայրին: Կայացած բիզնեսի ցուցանիշով Հայաստանը շատ մոտ է Եվրոպային, մինչդեռ ԸՍՁԳ ցուցանիշով Եվրոպան զգալիորեն ավելի ցածր է:
Երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակը կարելի է բնութագրել որպես տարբեր փուլերում (սկսնակ և/կամ կայացած) ներգրավված բոլոր ձեռնարկատերերի ամբողջություն, ներառյալ ցանկացած բիզնես, լինի դա սկսնակ ձեռնարկատեր, նորաստեղծ բիզնես թե կայացած բիզնեսի սեփականատեր-ղեկավար: Հայաստանում որևէ բիզնեսում ներգրավված բնակչության մասնաբաժինը 28.0% է՝ 6-րդը 2019թ. Զեկույցի 50 երկրից:
Ձեռնարկատիրության (ԿԲՍ և ԸՍՁԳ) մակարդակը (բնակչության %) ըստ երկրների և տարածաշրջանների
Աղբյուր՝ GEM անհատների հարցում 2019
Ինչպես ԸՍՁԳ, այնպես էլ ԿԲՍ ցուցանիշները նշված 50 երկրում ևս չեն կորելացվում տվյալ երկրում եկամտի մակարդակի հետ, ավելին, կապ չի հայտնաբերվել նաև այլ ցուցանիշների հետ: Փոխարենը, նկատվում են հետաքրքիր կապեր, երբ համեմատում ենք ԿԲՍ հարաբերակցությունը ԸՍՁԳ, որը կարող է դիտարկվել որպես սկսնակ բիզնեսը բարեհաջող կերպով կայացած բիզնեսի վերածելու ցուցանիշ: Մասնավորապես, ԿԲՍ/ ԸՍՁԳ ցուցանիշը հակադարձ համեմատական է Ջինիի գործակցին ու ապրուստ վաստակելու նպատակով բիզնես սկսելու շարժառիթին, այլ կերպ ասած՝ եկամտի անհավասար բաշխում ունեցող երկրում և ապրուստ վաստակելու նպատակով հիմնված բիզնեսի կայանալու հավանականությունն ավելի ցածր է:
Հետաքրքրական կորելացիա կա նաև ԿԲՍ/ ԸՍՁԳ ցուցանիշի և բնակչության՝ սեփական գիտելիքի և փորձի գնահատականի միջև: Եթե ԸՍՁԳ դեպքում այս հարաբերակցությունը դրական է (մարդիկ բիզնես են սկսում, եթե բարձր են գնահատում սեփական գիտելիքը), ապա ԿԲՍ/ ԸՍՁԳ ցուցանիշի դեպքում հարաբերակցությունը չափավոր բացասական է, այսինքն՝ բիզնես սկսելիս սեփական կարողությունների գերագնահատումը կարող է բացասաբար անդրադառնալ բիզնեսի վրա: ԿԲՍ/ ԸՍՁԳ ցուցանիշով Հայաստանը 40-րդն է 50-ից, մինչդեռ բնակչության շրջանում սեփական գիտելիքի և փորձի ընկալմամբ՝ 12-րդը: Սա նշանակում է, որ ձեռնարկատիրությանը և բիզնեսի կայացմանն աջակցելու համար ձեռներեցներին պետք է կրթել և վերապատրաստել:
Հայաստանում կայացած ձեռնարկատերերը խիստ տարբերվում են սկսնակներից: Եթե 25-34 տարիքային խմբում ԸՍՁԳ մակարդակն ամենաբարձրն է, ապա ԿԲՍ՝ ամենացածրը: Կայացած բիզնեսմեններն ամենաշատն են 45-54 տարիքային խմբում: 25-54 տարիքային խմբում տարիքի աճին զուգահեռ սկսնակ ձեռնարկատիրության մակարդակը նվազում է, կայացածինը՝ աճում: Այլ կերպ ասած՝ կայուն բիզնեսի համար շատ ավելի կարևոր է փորձը:
Հայաստանում ԸՍՁԳ և ԿԲՍ մակարդակները (բնակչության %) ըստ տարիքի և սեռի
Աղբյուրը՝ GEM Հայաստան. անհատների հարցում 2019
Տղամարդկանց շրջանում կայացած ձեռնարկատերերն ավելի շատ են, քան կանանց շրջանում, ինչպես սկսնակ ձեռներեցության դեպքում, ընդ որում ԿԲՍ առումով տարբերությունն ավելի մեծ է (2.3 անգամ), քան ԸՍՁԳ առումով (1.5 անգամ), որը թերևս նշանակում է, որ ներկայումս ավելի շատ կանայք են զբաղվում ձեռնարկատիրությամբ, քան մի քանի տարի առաջ:
Գյուղական համայնքներում ԿԲՍ մասնաբաժինն ավելի բարձր է, քան Երևանում և մարզային քաղաքներում, ընդ որում, ինչպես սկսնակ ձեռնարկատիրության դեպքում, սա պայմանավորված է գյուղատնտեսությամբ, որի շնորհիվ նաև գյուղական համայնքներում բիզնեսն ավելի կայուն է:
Հայաստանում ԸՍՁԳ և ԿԲՍ մակարդակը (բնակչության %) ըստ բնակավայրի տեսակի
Աղբյուրը՝ GEM Հայաստան. անհատների հարցում 2019
Որպես մարզերում տնտեսական գործունեության հիմնական տեսակ՝ գյուղատնտեսությունը բացատրում է սկսնակ և կայացած բիզնեսի մակարդակները տարբեր մարզերում: Մասնավորապես, 10 մարզից 7-ում գյուղական համայնքներում սկսնակ ձեռնարկատերերն ավելի շատ են, քան քաղաքային համայնքներում, իսկ կայացած բիզնեսի ցուցանիշն ավելի բարձր է այն մարզերում, որտեղ գյուղերն ավելի ակտիվ են, քան քաղաքները (օրինակ՝ Արարատ, Արմավիր): Այլ կերպ ասած՝ կայուն բիզնեսի հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է:
Աղբյուրը՝ «Ձեռնարկատիրության Համաշխարհային Զեկույց․ Հայաստան 2019/ 2020»