Ըստ GEM Հայաստան զեկույցի շրջանակներում 2019թ. անցկացված անհատների հարցման, ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրական գործունեության (ԸՍՁԳ) մակարդակը Հայաստանում բարձր է՝ չափահասների 21.0% ներգրավված է սկսնակ ձեռնարկատիրական գործունեությունում, 7-րդ տեղը Զեկույցի 50 երկրի շարքում, 1-ինն Արևելյան Եվրոպայում: Հայաստանից բարձր դիրք գրավող բոլոր 6 երկրները Լատինական Ամերիկայից են (մասնավորապես, Չիլիում և Էքվադորում սկսնակ ձեռնարկատիրական գործունեության մակարդակը 36% է): Այս համեմատաբար բարձր ցուցանիշը պայմանավորված է թերևս 2018թ. թավշյա հեղափոխությամբ:
Ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրական գործունեությունը (բնակչության %) ըստ երկրների/տարածաշրջանների
Աղբյուր՝ GEM անհատների հարցում 2019
50 երկրի ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սկսնակ ձեռնարկատիրության բարձր մակարդակը պայմանավորված է ոչ թե եկամտով կամ բիզնես սկսելու դյուրինությամբ, այլ եկամտի անհավասար բաշխմամբ և բնակչության ընկալումների որոշ առնձնահատկություններով (օրինակ՝ իրենց նորարար համարելը): Սկսնակ ձեռնարկատիրական գործունեության, եկամտի (1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ) և աղքատության մակարդակի, ինչպես նաև բիզնես սկսելու դյուրինության և ձախողման վախի միջև կորելացիա չի հայտնաբերվել: Փոխարենն առկա է չափավոր դրական կապ Ջինիի գործակցի, որը ցույց է տալիս, թե որքան հավասար կամ անհավասար է բաշխվում եկամուտը, աշխատատեղերի սակավության պատճառով ապրուստ վաստակելու նպատակով բիզնես սկսելու, բիզնեսը որպես ցանկալի կարիերա ընկալելու և անհատական ինքնագնահատումների միջև:
Ըստ Զեկույցի, ԸՍՁԳ բաղկացած է 2 տեսակ ձեռներեցներից՝ նորաթուխ ձեռնարկատերեր (գոծունեություն են ծավալում 3 ամսից պակաս) և նորաստեղծ բիզնեսի սեփականատեր-ղեկավարներ (3 ամսից 3.5 տարի): Նորաթուխ ձեռնարկատերերի կշիռը Հայաստանում 14.0% է (5-րդ տեղը), նորաստեղծ բիզնեսինը՝ 7.4%7 (10-րդ տեղը): Այս թվերից կարելի է եզրակացնել, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում ակտիվացել է 2019թ.: Նորաստեղծ բիզնեսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի առաջատարներից մեկն է: 2019թ. Զեկույցի 50 երկրից 40-ում նորաստեղծ բիզնեսի մասնաբաժինն ավելի ցածր է, քան նորաթուխ ձեռնարկատերերինը: Եթե նորաստեղծ բիզնեսի համեմատ նորաթուխ ձեռնարկատերերն ավելի քիչ են, դա վկայում է վերջին 3 տարում ձեռնարկատիրական ակտիվության նվազման մասին, որն իր հերթին կարող է նշանակել գալիք տարիներին ձեռնարկատիրության մակարդակի անկում: Նման երկրներից է Ռուսաստանը:
ԸՍՁԳ մակարդակը տարբերվում է ըստ բնակչության խմբերի. Հայաստանում ամենաակտիվ սկսնակ ձեռներեցներն են երիտասարդները (25-34 տարեկան), որոնց 19% նորաթուխ ձեռնարկատեր է, 12%՝ նորաստեղծ բիզնեսի սեփականատեր-ղեկավար: 45-ից բարձր տարիքային խումբն աչքի չի ընկնում ձեռնարկատիրությամբ, որը կարելի է բացատ րել «սովետական» մտածելակերպով, երբ ձեռներեցությամբ զբաղվելն ընդունելի բան չէր:
Հայաստանում նորաթուխ ձեռնարկատերերի և նորաստեղծ բիզնեսների մակարդակն ըստ սեռային և տարիքային խմբերի
Աղբյուր՝ GEM Հայաստան. անհատների հարցում 2019
ԸՍՁԳ մակարդակը տարբերվում է ըստ սեռի՝ տղամարդիկ ավելի ակտիվ են, քան կանայք. պատկերը նույնն է 2019թ. Զեկույցի բոլոր երկրներում, բացառությամբ Մադագասկարի և Սաուդյան Արաբիայի: Հայաստանն առաջին տասնյակում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առումով (համապատասխանաբար 4-րդը և 9-րդը), բայց համեմատությունը ցույց է տալիս, որ կանանց ներգրավմամբ Հայաստանն աշխարհում միջինից ցածր դիրքում է: Նշենք, որ 50 երկրից 21-ում այս ցուցանիշն ավելի վատն է, այդ թվում՝ եվրոպական շատ երկրներում:
Եթե եկամտի տարբերությունը (հատկապես առաջին 3 խմբում) նորաթուխ ձեռներեցության առումով շատ ակնհայտ չէ, ապա նորաստեղծ բիզնեսների կշիռն աճում է եկամտի աճին զուգահեռ, այլ կերպ ասած՝ բիզնես հիմնել գրեթե հավասարապես ձգտում են բոլոր խմբերը, բայց եկամտի վրա ազդելու տեսանկյունից կարևոր է հաջողություն ունենալ և հասնել առնվազն նորաստեղծ բիզնեսի մակարդակին:
Նորաթուխ ձեռնարկատերերի և նորաստեղծ բիզնես ների մակարդակը Հայաստանում ըստ բնակչության եկամտային խմբերի (1 շնչին բաժին ընկնող եկամուտ)
Աղբյուր՝ GEM Հայաստան. անհատների հարցում 2019
ԸՍՁԳ մակարդակը տարբերվում է նաև ըստ բնակավայրի տեսակի և մարզի՝ ամենացածր մակարդակն արձանագրվել է քաղաքային բնակավայրերում, բացառությամբ Երևանի, մինչդեռ գյուղաբնակները Երևանից էլ ակտիվ են: Հնարավոր պատճառները կարող են լինել երկուսը՝ ավելի շատ աշխատատեղեր (եկամտի այլընտրանքային աղբյուրներ) Երևանում և այն, որ գյուղական համայնքներում ձեռնարկությունների գործունեության հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է:
Նորաթուխ ձեռնարկությունների և նորաստեղծ բիզնեսների մակարդակն ըստ բնակավայրի տեսակի
Աղբյուր՝ GEM Հայաստան. անհատների հարցում 2019