Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի (Global Entrepreneurship Monitor՝ GEM) շրջանակներում ուսումնասիրվում և գնահատվում են ձեռնարկատիրության մակարդակը և առանձնահատկությունները տարբեր երկրներում: 2019թ. հարցմանն առաջին անգամ 50 երկրների շարքում մասնակցեց նաև Հայաստանը: Համաձայն Զեկույցի՝ 2019թ. Հայաստանում արձանագրվել է ձեռնարկատիրության բարձր մակարդակ: Յուրաքանչյուր հինգերորդ չափահաս անձը ներգրավված է ձեռնարկատիրական որևէ սկսնակ գործունեությունում, որը 7-րդ ցուցանիշն է ուսումնասիրությանը մասնակցած 50 երկրի շարքում: Ավելին, Հայաստանի բնակչության 28%-ն զբաղվում է որևէ բիզնեսով (ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած), և այս ցուցանիշով Հայաստանը 6-րդն է 50-ից:
Հայաստանում ձեռնարկատիրության բարձր մակարդակը կարելի է բացատրել դրա վերաբերյալ բարենպաստ սոցիալական և մշակութային պատկերացումների առկայությամբ, ինչպես նաև նրանով, որ Հայաստանում, հատկապես մայրաքաղաքից դուրս, եկամուտ վաստակելու այլ հնարավորությունները սակավաթիվ են: 2019թ. սկսնակ ձեռնարկատիրության բարձր մակարդակի մեկ այլ պատճառ կարող են լինել 2018թ. քաղաքական փոփոխությունները, որոնք նպաստեցին բնակչության շրջանում ապագայի նկատմամբ լավատեսության աճին:
Հայաստանում ձեռնարկատիրության ճյուղային կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ ձեռնարկատիրության արտադրողականության՝ Հայաստանը վերջին դիրքերում է: Ի տարբերություն 2019թ. հարցմանը մասնակցած երկրների մեծամասնության, Հայաստանում ձեռնարկատիրությունը կենտրոնացած է 2 հիմնական ճյուղում՝ գյուղատնտեսությունում և առևտրում, ընդ որում ամենացածր արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ գյուղատնտեսության մասնաբաժնով Հայաստանն առաջին տեղում է, իսկ ամենաբարձր արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ բիզնես ծառայությունների մասնաբաժնով՝ վերջին տասնյակում: Ի հաշիվ գյուղատնտեսության՝ գյուղական բնակավայրերում ձեռնարկատիրության մակարդակն ավելի բարձր է, քան Երևանում: Նշենք, որ գյուղական վայրերում ակտիվ ձեռնարկատիրության պատճառներից մեկն է նաև եկամտի այլ աղբյուրների բացակայությունը: Երևանից դուրս աշխատատեղերի սակավությունն ընդհանուր սոցիալ-տնտեսական պայմանների հետ մեկտեղ կարող է բացատրել, թե ինչու Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելու ամենամեծ շարժառիթներից մեկն է «ապրուստ վաստակելը, որովհետև աշխատանք չկա», մինչդեռ «աշխարհում մի բան փոխելու» շարժառիթն ամենավերջին տեղերում է:
Հայ ձեռներեցների ընդհանուր նկարագիրը նման է այլ երկրների ձեռներեցներին՝ գերակշռում են երիտասարդները և մի փոքր տարբերությամբ՝ տղամարդիկ: Հայաստանում ձեռնարկատիրության կարևոր առանձնահատկություն է ձախողվելու վախը, որի պատճառով շատերը նախընտրում են բիզնեսով չզբաղվել: Սա թերևս կարելի է բացատրել հայկական բիզնես մշակույթով, որտեղ բիզնեսը նույնացվում է դրա սեփականատիրոջ հետ, և բիզնեսի ձախողումն ընկալվում է որպես անձնական ձախողում:
Նշենք, որ չնայած սկսնակ ձեռնարկությունների մեծ թվին, կայացած բիզնեսի մակարդակով Հայաստանը միջին դիրքերում է: Սա նշանակում է, որ երկրում շեշտը պիտի դրվի սկսնակ բիզնեսին սատարելու և վերջինիս զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու վրա: Ի թիվս Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման այլ հիմնախնդիրների՝ նշենք նաև հետևյալները՝ (1) ձեռնարկատիրական կրթություն, (2) հետազոտությունների և մշակումների ներդնում, (3) պետական աջակցության ծրագրեր և (4) ձեռնարկատիրության ֆինանսավորում:
Ֆինանսավորման հարցը կարևոր է, բայց այն մասամբ լուծվում է ի հաշիվ «ոչ ֆորմալ» ներդրումների (ընտանիքի անդամների և ընկերների) կողմից: Հարցմանը մասնակցած փորձագետները «թավշյա հեղափոխությունից» հետո արձանագրել են պետական քաղաքականության բարելավում (հարկային ռեժիմ, պայքար ընդդեմ բյուրոկրատիայի, որը տասնամյակներ շարունակ համարվում էր Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման հիմնական խոչընդոտը), բայց դրա հետ մեկտեղ կարիք կա նաև պետական աջակցության թիրախային ծրագրերի և բնակչության շրջանում ձեռնարկատիրական կրթության բարելավման: Հարկավոր է նաև վերանայել բիզնեսից ելքի (բիզնեսի վաճառք և այլն) և սնանկության իրավական կարգավորումները և սահմանել վաճառքի հստակ ընթացակարգ, որը նույնպես կնպաստի ձեռնարկատիրությանը և կխրախուսի նրանց, ովքեր պատրաստ են բիզնես սկսել, բայց չեն սկսում՝ վախենալով ձախողվել:
Ձեռնարկատիրության հիմքում ընկած սոցիալական և մշակութային արժեքները
Հայաստանում ձեռնարկատիրության նկատմամբ վերաբերմունքը ձևավորող արժեհամակարգն ավելի նպաստավոր է, քան միջին պատկերացումներն աշխարհում: 2019թ. զեկույցի հարցմանը մասնակցած 50 երկրից Հայաստանը 4-րդն է ըստ «սեփական բիզնես սկսելը ցանկալի կարիերա է» դրույթի հետ համաձայնած մարդկանց թվի (87.2%), իսկ Արևելյան Եվրոպայում՝ 1-ինը: Սա լավ նախադրյալ է երկրում ձեռնարկատիրությունը զարգացնելու համար: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում որպես վարձու աշխատող կարիերա կառուցելու հնարավորություններն ավելի շատ են, մինչդեռ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում մարդիկ ավելի շատ են մնում ձեռնարկատիրության հույսին:
Ըստ հարցման մասնակիցների՝ Հայաստանում բիզնեսի առաջնային նպատակներից մեկը սոցիալական խնդիրները լուծելն է (այս ցուցանիշով Հայաստանը 4-րդն է 50-ից), որը թերևս նպաստում է ձեռնարկատիրության նկատմամբ մարդկանց ընկալումների ձևավորմանը, հատկապես մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը բավականին բարձր է: Միաժամանակ, չնայած, որ հարցվողների 73.4% համաձայն է, որ հաջողակ ձեռնարկատերերը վայելում են ավելի բարձր կարգավիճակ և մեծ հարգանք, այս ցուցանիշով Հայաստանը միջինից ցածր դիրքում է (32-րդը 50-ից): «Նոր բիզնեսը վայելում է բարձր կարգավիճակ և մեծ հարգանք» դրույթը սերտորեն փոխկապակցված է «լրավտամիջոցներում/համացանցում հաճախ եմ լսում պատմություններ հաջողակ նորաստեղծ բիզնեսի մասին» դրույթի հետ, այսինքն՝ հաջողակ բիզնեսի առաջխաղացումը լրատվամիջոցներում նպաստում է կարգավիճակի և հարգանքի ամրապնդմանը և կարող է նպաստել նաև ազգային ձեռնարկատիրական մշակույթի ձևավորմանը:
Ի տարբերություն արժեհամակարգի ցուցանիշների, ձեռնարկատիրության վերաբերյալ սոցիալական պատկերացումներով Հայաստանը միջին դիրքում է: Մյուս կողմից, տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում ձեռնարկատիրության վերաբերյալ սոցիալական ընկալումները բարելավվում են. հարցման մասնակիցների 53.9% համաձայն է այն դրույթի հետ, որ «առաջիկա 6 ամսում կլինի բիզնես սկսելու լավ հնարավորություն»: Սա թերևս պայմանավորված է 2018թ. թավշյա հեղափոխությամբ, որը բարձրացրեց ապագայի հանդեպ լավատեսությունը: Հետաքրքիր է նաև, որ մարզերի բնակիչները երևանաբնակների համեմատ ավելի շատ հնարավորություններ են տեսնում, իսկ եթե դիտարկենք Համաշխարհային բանկի Ease of Doing Business ցուցանիշը, ապա վերջինս գրեթե փոխկապակցված չէ մարդկանց՝ իրենց երկրում բիզնեսով զբաղվելու վերաբերյալ ընկալումների հետ, այսինքն՝ մարդկանց անհատական պատկերացումները տարբերվում են Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցից:
Ձեռնարկատիրության վերաբերյալ ինքնաընկալումները հակասական են: Հայերը սեփական գիտելիքը, հմտությունը և փորձը բավականին բարձր են գնահատում (12-րդը 50-ից), բայց միաժամանակ առաջին տասնյակում են ըստ ձախողվելու վախի: Բիզնես սկսելիս ձախողվելու վախը շատ կարևոր գործոն է, որը զսպում է մարդկանց: Արևելյան Եվրոպայի երկրներից Հայաստանին այս ցուցանիշով շատ նման է Խորվաթիան: Եթե համեմատենք Ռուսաստանի և Բելառուսի հետ, ապա Հայաստանում ավելի շատ են մարդիկ, որոնք կնախընտրեն չհիմնել սեփական բիզնես ձախողվելու վախից (51%, Ռուսաստանում և Բելառուսում համապատասխանաբար 45% և 37%), անգամ եթե ի սկզբանե հայաստանցիները սեփական գիտելիքը, հմտությունը և փորձն ավելի բարձր են գնահատել (70%), քան ռուսաստանցիները (36%) և բելառուսները (42%):
Ձախողվելու մեծ վախը Հայաստանում պայմանավորված է թերևս ազգային բիզնես մշակույթով, որտեղ բիզնեսը հաճախ նույնացվում է դրա սեփականատիրոջ հետ, ուստի եթե այն ձախողվում է, դա ընկալվում է որպես սեփականատիրոջ անձնական ձախողում: Միգուցե սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում կապիտալի շուկան զարգացած չէ, և չկան շատ բաժնետերեր ունեցող խոշոր ընկերություններ: Բաժնեմասը կամ ընկերությունը վաճառելու, ելքի, սնանկության գործընթացները կարգավորող հստակ օրենսդրական դաշտի բացակայությունը ևս նպաստում է նրան, որ մարդիկ վախենում են բիզնես սկսել:
Չնայած, որ հայերն իրենց նորարար են համարում (8-րդը 50-ից և 2-րդն Արևելյան Եվրոպայի 9 երկրի շարքում), նրանք հազվադեպ են բիզնես հնարավորություններ տեսնում (11-րդը 50-ից), իսկ նրանց նախաձեռնողականությունն ու տեսլականը 50 երկրի շարքում միջին մակարդակում են: Հայաստանի նման իրենց նորարար համարող երկրներն են (հարցվողների ավելի քան 80%) Լեհաստանը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Գվատեմալան և Կոլումբիան: Հայերի շուրջ 65%-ը հազվադեպ է որևէ քայլ ձեռնարկում անգամ նպաստավոր բիզնես հնարավորության տեսնելու դեպքում:
Ձեռնարկատիրության մակարդակները
Հայաստանում չափահաս անձանց 28.0% զբաղվում է որևէ բիզնեսով, որը 6-րդ ցուցանիշն է 2019թ. Զեկույցի 50 երկրից, ընդ որում՝ Հայաստանում արձանագրվել է սկսնակ ձեռնարկատիրության բարձր մակարդակ` չափահաս անձանց 21.0%, 7-րդը 50-ից և 1-ինն Արևելյան Եվրոպայում: Սկսնակ ձեռնարկատերերի մասնաբաժինը 14.0% է (5-րդը), նորաստեղծ բիզնեսներինը՝ 7.4% (10-րդը): Այս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում 2019թ. սկզբում ձեռնարկատիրությունն ակտիվացել է:
Ըստ սկսնակ ձեռնարկատիրության Հայաստանն առաջին տասնյակում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առումով, սակայն համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կանանց ներգրավումը ձեռնարկատիրությունում համաշխարհային մակարդակով միջինից ցածր է: Հետաքրքրաշարժ է, որ գյուղական բնակչության շրջանում սկսնակ ձեռներեցներն ավելի շատ են, քան անգամ Երևանում, որը պայմանավորված է գյուղատնտեսությամբ և գյուղական համայնքներում աշխատատեղերի սակավությամբ:
Թեև ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրության մակարդակով Հայաստանը հարցմանը մասնակցած 50 երկրից առաջատարների շարքում է, կայացած բիզնեսի մակարդակով միջին դիրքում է (23րդը 50ից): Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ սկսնակ ձեռներեցների համար խնդիրներն ու խոչընդոտներն ավելի շատ են, և նոր ձևավորվող բիզնեսի համար կայունության հասցնելը դժվար է:
Հայկական ձեռնարկատիրությունը կենտրոնացած է արդյունահանման՝ «էքստրակտիվ» (ի հաշիվ գյուղատնտեսության) և սպառման ոլորտներում (ի հաշիվ մանրածախ առևտրի). կայացած բիզնեսների 83%-ը և սկսնակ ձեռներեցների 63%-ը գործունեություն են ծավալում հենց այս 2 ճյուղում: Նշենք, որ սկսնակ ձեռնարկատիրության ճյուղային կառուցվածքը տարբերվում է կայացած ձեռնարկատիրության կառուցվածքից։ Չնայած երկուսում էլ գերակշռում են գյուղատնտեսությունն ու առևտուրը, բայց սկսնակ բիզնեսի ցուցանիշում դրանց ընդհանուր կշիռը 20 տոկոսային կետով պակաս է: Փոխարենը այստեղ 2 տոկոսային կետով ավել է արտադրության կշիռը, ավելի բարձր են սպասարկման ոլորտի, հատկապես հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի (ի հաշիվ զբոսաշրջության), ՏՀՏ ոլորտի և այլ անհատական ծառայությունների կշիռները: Բիզնես ծառայությունների (ՏՀՏ և մասնագիտական ծառայությունների) կշիռն ամենացածրն է, բայց ունի աճի ամենամեծ միտումները: Նշենք, որ որքան բարձր է ձեռնարկատերերի եկամուտը, այնքան ցածր է նրանց մասնաբաժինը արդյունահանող (էքստրակտիվ) ոլորտում:
Երիտասարդ ձեռներեցներն ավելի շատ զբաղվում են առևտրով, մինչդեռ ավելի տարեցները՝ գյուղատնտեսությամբ: Միաժամանակ, արդյունահանող ոլորտում բիզնես հիմնող երիտասարդների թիվն արդեն կայացած ձեռնարկատերերի համեմատ նվազում է, այսինքն՝ արդյունահանող ոլորտի կշիռը հայկական ձեռնարկատիրության կառուցվածքում ևս կնվազի: Որքան ձեռնարկատերերը երիտասարդ են, այնքան մեծ է սպառողական ծառայությունների (մեծ մասամբ մանրածախ առևտրի) կշիռը. 18-34 տարիքային խմբում ձեռնարկատերերի մոտ կեսը զբաղվում է սպառողական ծառայություններով:
Հայաստանում չափահասների միայն 0.6% է ներգրավված աշխատակիցների ձեռնարկատիրական գործունեությունում. այս ցուցանիշով Հայաստանը 39-րդն է 50-ից: Աշխատակիցների ձեռնարկատիրական գործունեության ցածր մակարդակը Հայաստանում վկայում է, որ խոշոր ընկերությունների կողմից հետազոտությունների, մշակումների և նորարարությունների փոխանցումը և ներդնումը տնտեսության մեջ արդյունավետ չեն, որն իր հերթին ազդում է այդ ընկերությունների մրցունակության վրա, եթե ոչ հայկական շուկայում, ապա Հայաստանից դուրս: Հայաստանում աշխատակիցների ձեռնարկատիրական գործունեության մակարդակը մոտ է ԵԱՏՄ այլ երկրներին, բայց զգալիորեն ավելի ցածր է, քան զարգացած երկրներում:
Մոտիվացում և ձգտումներ
Հայ ձեռնարկատերերի շրջանում (ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած) բիզնես հիմնելու ամենատարածված շարժառիթն «ապրուստ վաստակելն է, որովհետև աշխատանք չկա», այսինքն՝ մարդիկ բիզնես են հիմնում՝ կարիքից, ոչ թե հստակ նպատակից դրդված. «աշխարհում մի բան փոխելու»՝ հստակ նպատակի վրա հիմնված շարժառիթով Հա յաստանն ամենացածր տեղերում է այլ երկրների համեմատ: Ապրուստ վաստակելու դրդապատճառով Հայաստանը Զեկույցի 50 երկրի մեջ առաջին տասնյակում է, իսկ Արևելյան Եվրոպայի 9 երկրից՝ 1-ինը: «Աշխարհում մի բան փոխելու», ինչպես նաև «հարստություն կուտակելու, կարողություն ստեղծելու» շարժառիթներն ավելի տարածված են նորաստեղծ, քան կայացած ձեռնարկատերերի շրջանում, որը կարելի է բացատրել նաև բիզնես ծառայությունների մասնաբաժնի աճով: Ամենաբարձր՝ «աշխարհում մի բան փոխելու» շարժառիթն ունեցող հայ ձեռնարկատիրոջ հավաքական կերպարը հետևյալն է՝ երիտասարդ (18-24 տարեկան) երևանցի կին՝ բարձրագույն կրթությամբ (բակալավր), 1 շնչի հաշվով ամենաբարձր եկամուտն ունեցող (100+ հազ. ՀՀ դրամ) ընտանիքից:
Սկսնակ հայ ձեռնարկատերերն ավելի շատ են հակված իրենց արտադրանքն արտահանելուն, քան կայացած բիզնեսները, մասնավորապես, սկսնակների 20.3% ակնկալում է, որ հասույթի մեկ քառորդից ավելին ստացվելու է արտերկրից, կայացածների՝ 17.1%: Սա թերևս վկայում է, որ նոր հիմնվող բիզնեսների սեփականատերերն ակնկալում են օգտվել ԵԱՏՄ շուկայի հնարավորություններից:
Ըստ սկսնակ ձեռնարկություններում նորարարական արտադրանքի ներդրման՝ Հայաստանը Զեկույցի 50 երկրի շարքում միջին դիրք է զբաղեցնում (27-րդը 50-ից), ըստ նորարարական գործընթացների և տեխնոլոգիաների՝ միջինից ցածր (36-րդը 50-ից): Հայաստանում աշխատող սկսնակ բիզնեսների 28.8% կամ բնակչության 6.0% պնդում է, որ ունի նորարարական արտադրանք, 22.2% (բնակչության 4.7%)՝ նորարարական գործընթաց կամ տեխնոլոգիա:
Ոչ ֆորմալ ներդրումներ և բաժնեմասի վաճառք/ելք
Հայաստանում բիզնես հիմնելու համար ոչ ֆորմալ ներդրումները շատ ավելի մեծ դեր են խաղում, քան այլ երկրներում: Բնակչության կողմից այլ անձանց բիզնեսում ներդրում կատարելու ցուցանիշով Հայաստանը 14-րդն է 2019թ. Զեկույցի 50 երկրից, իսկ Արևելյան Եվրոպայի 9 երկրի շարքում՝ 1-ինը: Մասնավորապես, 18-64 տարեկան բնակչության 7.9% նշել է, որ վերջին 3 տարում իրենք անձամբ ֆինանսական ներդրում են կատարել այլ անձի բիզնեսում: Սրան կարող է նպաստել սոցիալական և մշակութային արժեհամակարգը, բայց ընդհանուր առմամբ սա վկայում է, որ Հայաստանում նորաստեղծ բիզնեսներն ավելի շատ դժվարությունների են հանդիպում ֆինանսավորում հայթայթելիս:
Հիմնադրի կողմից բիզնեսը վաճառելուց/ելքից հետո բիզնեսի շարունակելիությունը Հայաստանում 2019թ. բավականին բարձր մակարդակում էր: Շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության ավելի բարձր մակարդակի՝ Հայաստանը 13-րդն է՝ ըստ հիմնադրի ելքի ցուցանիշի, սակայն ըստ ելքից հետո բիզնեսի շարունակելիության՝ միջին դիրքում է (հիմնադրի ելքից հետո ձեռնարկությունների միայն 1/3 է շարունակել գործել՝ 22-րդը 2019 Զեկույցի 50 երկրից, իսկ Արևելյան Եվրոպայում՝ 2-րդը՝ զիջելով միայն Խորվաթիային): Հիմնադրի ելքից հետո բիզնեսի շարունակելիության բարձր մակարդակն ավելի բնորոշ է զարգացած երկրներին: Հարկ է նշել, որ 2019թ. Հայաստանում հիմնադրի ելքի 85% դեպքերում պատճառը բացասական էր (ձախողում, վնաս), որը 2019թ. Զեկույցի ամենավատ ցուցանիշներից մեկն է (41-րդը 50-ից): Սա թերևս նշանակում է, որ երկրում դեռ առկա են ձեռնարկատիրությունը խոչընդոտող հանգամանքներ, ինչպես նաև այլ խնդիրներ, օրինակ՝ ցածր հմտություններ, ձեռնարկատիրական անբավարար կրթություն:
Ձեռնարկատիրության համատեքստը
Հայաստանի և այլ երկրների ցուցանիշների միջև ամենամեծ դրական տարբերությունն արձանագրվել է հետևյալ բաղադրիչների գծով՝ պետական քաղաքականություն (հարկային ռեժիմ, բյուրոկրատիայի մակարդակ՝ 7-րդը 54-ից) և մշակութային և սոցիալական նորմեր (11-րդը 54-ից): Եթե մշակութային և սոցիալական արժեքները Հայաստանում ավանդաբար ընկալվում են որպես ձեռնարկատիրությանը նպաստող գործոն, ապա պետական քաղաքականության, մասնավորապես՝ հարկային ռեժիմի և բյուրոկրատիայի մակարդակի դրական գնահատականը բավականին անսպասելի է, քանի որ այս գործոնը տարիներ շարունակ համարվում էր Հայաստանում ձեռնարկատիրության հիմնական խոչընդոտներից մեկը: 2019թ. արձանագրված այդ փոփոխությունը Հայաստանում քաղաքական և տնտեսական փոփոխությունների արդյունք է: Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարելու մտադրության մասին և ձեռնամուխ եղավ պետական հաստատությունների թափանցիկության բարձրացմանը: Ըստ փորձագետների միջին գնահատականի՝ հարկային ռեժիմի և բյուրոկրատիայի ցուցանիշով Հայաստանն ունի 5.42 միավոր 10 միավորանոց սանդղակով, մինչդեռ Զեկույցի 54 երկրի միջին ցուցանիշը 4.02 է:
Ձեռնարկատիրության հետևյալ բաղադրիչներով Հայաստանը զիջում է Զեկույցի միջին ցուցանիշին՝ (1) ձեռնարկատիրական կրթություն, (2) հետազոտությունների և մշակումների ներդնում, (3) պետական ծրագրեր և (4) ֆինանսավորում: Երկրում ձեռնարկատիրությունը խթանելու համար նախ և առաջ պետք է զարգացնել այս չորս ոլորտները:
Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի հետագա զարգացման հիմքում պետք է լինի սկսնակ բիզնեսի համար աճի և կայացման բարենպաստ պայմաններ ստեղծելը: Ձեռնարկատիրության ազգային համատեքստի ցուցանիշով ամենաբարձր դիրքերն զբաղեցնող երկրներում սկսնակ և կայացած բիզնեսների բաշխվածությունն ավելի հավասարաչափ է, մինչդեռ Հայաստանում գերակշռում են սկսնակ բիզնեսները:
Աղբյուրը՝ «Ձեռնարկատիրության Համաշխարհային Զեկույց․ Հայաստան 2019/2020»