Հունիսին տնտեսական ակտիվությունը շարունակել է վերականգնվել. տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ նվազեց 7.5 տոկոսով՝ համեմատած մայիսի 12.8 տոկոսանոց անկման հետ: Նախորդ ամսվա նկատմամբ զուսպ աճը լայնահեն էր, ընդ որում՝ մայիս ամսից սկսած շինարարությունը, ծառայությունները (բացի առևտրից), մանրածախ առևտուրը և արդյունաբերական արտադրանքը բոլորն էլ բարելավվում են: Այնուամենայնիվ, հունիսին բոլոր ոլորտներում էլ պահպանվեց բացասական աճը, ընդ որում ամենածանր ազդեցությունը շինարարության ոլորտն է կրել (նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 23 տոկոսով նվազում), որին հաջորդել է մանրածախ առևտուրը (նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 18 տոկոսով), ծառայությունները, բացի առևտրից (նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 16 տոկոսով) և արդյունաբերական արտադրանքը (նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 2.4 տոկոսով):
Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվության ցուցանիշի վերականգնումը շարունակվում է
(Տնտեսական ակտիվության ցուցանիշ, փոփոխությունը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, %)
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ևս մեկ ամսվա ընթացքում նվազելով՝ տարվա սկզբից մինչ օրս ՏԱՑ-ի անկումը շարունակվում է՝ մայիսի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ամսվա 3.9 տոկոսից հունիսի վերջի դրությամբ կազմելով 4.7 տոկոս: Աճողական կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն աճել են համապատասխանաբար 1.5 և 1.8 տոկոսով, ծառայությունները, բացառությամբ առևտրի, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել են 6.4 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը նվազել է 11.1 տոկոսով: Արդյունաբերության աճի շարժիչը 24 տոկոսով հանքարդյունաբերական արտադրանքի ավելացումն էր, իսկ մշակող արդյունաբերությունը կրճատվել է 3.6 տոկոսով՝ պայմանավորված անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ ծխախոտի և խմիչքների արտադրանքի ավելի ցածր ծավալներով:
Պահանջարկի առումով սպառման թուլացում է սպասվում՝ ի հաշիվ արտասահմանից կատարվող ավելի ցածր զուտ դրամական փոխանցումների, մասնավոր հատվածի իրական աշխատավարձերի նվազման և թույլ տրամադրությունների (Համաշխարհային բանկի կողմից հունիսին հարցված միկրոձեռնարկություններն ակնկալում են, որ վերադարձը վաճառքների (իրացման) բնականոն մակարդակին 11 ամսում կլինի):
Մյուս ցուցանիշները ևս աստիճանական վերականգնումն են արտացոլում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության տեմպի դանդաղման նշանների պայմաններում: Թեև դեպքերի ընդհանուր բարձր մակարդակը պահպանվում է, կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը, ինչպես նաև դրական արդյունքով թեստերի մասնաբաժինը, նվազել են (հուլիսի սկզբի 30 տոկոսից բարձր միջին ցուցանիշից օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում կազմելով 17 տոկոս): Միևնույն ժամանակ, Երևանում շարժունակության ցուցանիշը օգոստոսի սկզբին բարձրացել է մինչև նախակորոնավիրուսային մակարդակի (փետրվարի) 66 տոկոսը՝ հունիսի 64 տոկոսի և ապրիլի՝ լիարժեք արգելափակման ժամանակահատվածի, 28 տոկոսի համեմատ:
Հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը թուլացավ՝ կազմելով 1.5 տոկոս, փոխելով նախորդ ամիսների փոքր-ինչ վերընթաց միտման ուղղությունը: Նշվածը պայմանավորված էր սննդամթերքի գների նվազմամբ, ընդ որում սննդամթերքի գնաճը հուլիսին դանդաղեց, կազմելով 1.2 տոկոս՝ հունիսի 2 տոկոսի համեմատ: Հուլիսին տրանսպորտի և կապի ոլորտում գներն անփոփոխ են մնացել, իսկ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բարձրացել են 11 տոկոսով՝ 2020 հունվարից ուժի մեջ մտած ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի բարձրացման հաշվին: Անգամ նպատակադրած միջակայքից ցածր գնաճի պահպանման պարագայում ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հուլիսի վերջին անփոփոխ թողեց՝ 4.5 տոկոս, 2020 թ. մարտից սկսած այն երկու առիթներով գումարային 75 բազիսային կետով նվազեցնելուց հետո:
Գծապատկեր 2. Հուլիսին գնաճը նվազեց՝ նախորդ ամիսներին փոքր-ինչ բարձրանալուց հետո
(ՍԳԻ գնաճ (CPI inflation), փոփոխությունը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, %)
Բարելավվել է նաև արտաքին առևտուրը: Հունիսին ուժեղ վերականգնման շնորհիվ արտահանումը հասավ 2019 թ. մակարդակին՝ համեմատած 2020 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 30 տոկոսով նվազման հետ: Վերականգնմանը նպաստել է հանքահումքի և գյուղմթերքի արտահանման ավելի բարձր ցուցանիշը: Ներմուծման վերականգնումն ավելի զուսպ էր, ընդ որում ապրանքների ներմուծումը շարունակում է 15 տոկոսով զիջել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշին՝ պայմանավորված 70 տոկոսով ավտոմեքենաների ներմուծման նվազմամբ, ինչը 2020 թ. ավտոմեքենաների մաքսատուրքի բարձրանալուն ընդառաջ 2019 թ.-ին զգալի աճել էր: Դրա հետևանքով առևտրի պակասուրդը նվազեց՝ նախորդ տարվա հունիսի 206 մլն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020 թ. հունիսին կազմելով 142 մլն. ԱՄՆ դոլար:
Գծապատկեր 3. Առևտրի պակասուրդը կրճատվեց՝ արտահանման անփոփոխ մնալուն զուգահեռ, սակայն ներմուծումը կտրուկ անկում ապրեց (մլն ԱՄՆ դոլար)
Ապրիլ և մայիս ամիսների անկումից հետո դրամական փոխանցումները հնարավոր է, որ վերջերս փոքր-ինչ վերականգնված լինեն, մինչդեռ միջազգային ճամփորդական սահմանափակումների պահպանման պայմաններում զբոսաշրջության արտահանման ցածր ցուցանիշը պահպանվում է: Հունիսի վերջի դրությամբ միջազգային պահուստները 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար էին՝ փոքր-ինչ ցածր մայիսի համեմատ, սակայն 2020 թ. կանխատեսվող ներմուծման շուրջ հինգ ամսվա ծածկույթ էին դեռևս ապահովում: Փոխարժեքը համեմատաբար կայուն է եղել՝ մինչև հունիսի կեսը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով 485 ՀՀ դրամ կամ նախակորոնավիրուսային ժամանակահատվածի համեմատ 1.5 տոկոսով ավելի թույլ:
Հունիսին բյուջեում գրանցվել է 23 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդ՝ բյուջեի պակասուրդի աճողական ցուցանիշը հասցնելով 49 միլիարդ ՀՀ դրամի, ինչը կանխատեսվող ՀՆԱ-ի 1 տոկոսից պակաս է: Ծախսերը հունիսին կտրուկ աճեցին, ընդ որում ընթացիկ ծախսերի աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմեց 22 տոկոս (որի 30 տոկոսը բաժին էր ընկնում սոցիալական նպաստներին): Կապիտալ ծախսերը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ավելացան 30 տոկոսով, թեև ցածր մակարդակից: Տնտեսական թույլ ակտիվությունն արտացոլվել է հունիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հարկային եկամուտների 30 տոկոսանոց անկմամբ:
Գծապատկեր 4. Հունիսին բյուջեի պակասուրդը մեծացավ, բայց պակասուրդի փոփոխված ծրագրի ցուցանիշից ցածր է պահպանվում (մլրդ ՀՀ դրամ)
Տարվա սկզբից մինչ օրս բյուջեի եկամուտները բյուջեով նախատեսված սկզբնական ցուցանիշից մոտավորապես 11 տոկոսով պակաս են եղել, սակայն համապատասխանել են բյուջեի փոփոխված ծրագրին: Կառավարությունը 2020 թ. բյուջեի պակասուրդի մեծացում է ակնկալում՝ ծրագրելով ՀՆԱ-ի 5.6 տոկոսի չափով տարեկան պակասուրդ, ինչն արտացոլում է բյուջեի եկամուտների կտրուկ անկումը: Հուլիսին կառավարությունը հաստատեց 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2021 թ. բյուջեի նախագիծը, ըստ որի 2021 թ. սպասվում է տնտեսության վերականգում և բյուջեի պակասուրդի նվազում՝ մինչև ՀՆԱ-ի 3 տոկոսը:
Բանկային համակարգի ֆինանսական կայունության ցուցանիշները կայուն են մնացել: Կապիտալի համարժեքության ցուցանիշը հունիսի վերջին բարելավվել է մինչև 17.4 տոկոս, իսկ չաշխատող վարկերը փոքր-ինչ աճել են՝ կազմելով 5.7 տոկոս: Վարկավորման աճը, նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 17 տոկոս կազմելով, չափավոր, բայց առողջ է մնում:
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ