Երբ դարասկզբին իրականացվեց Սովորողների միջազգային գնահատման ծրագրի (PISA) առաջին ստուգատեսը, աշխարհի ուշադրությունը սևեռվեց Ֆինլանդիայի վրա. ֆինն դպրոցականները աշխարհի ամենախելացի երեխաներն էին: Սակայն ծրագրի վերջին՝ 2018թ. տվյալները հուշում են, որ ֆիննական «աստղը» սկսել է մարել: Փոխարենը կրթական երկնակամարում նշմարվում է նոր «աստղ»՝ Էստոնիան, որը գերազացնել է ոչ միայն Ֆինլանդիային, այլ նաև բոլոր եվրոպական երկրներին՝ իրենից առաջ թողնելով միայն արևելյան ու հարավարևելյան մի քանի երկրների:
Գծ. 1. PISA-ի 2018թ. ստուգատեսի առաջատարները, ֆինլանդիայի ու Էստոնիայի զբաղեցրած միջին դիրքերը 2006-2018թթ.
Էստոնիայում ցկյանս ուսումնառությունը սկսվում է ֆորմալ կրթությամբ, որը ներառում է նախադպրոցական, հիմնական, ավագ միջնակարգ (ավագ դպրոց) և բարձրագույն կրթությունները (գծ. 2): Էստոնիայում, ինչպես և Ֆինլանդիայում, երեխաները դպրոց են սկսում հաճախել ոչ թե 6, այլ 7 տարեկանից: Հանուն արդարության պետք է նշել, որ էստոնական կրթությունը զգալի ազդեցություն է կրել ֆիննական մոդելից, ուստի դրանով պայմանավորված՝ կան էլի բազմաթիվ նմանություններ:
Գծ. 2. Էստոնիայի կրթական համակարգը
Նախադպրոցական կրթությունը Էստոնիայում
Էստոնիայում նախադպրոցական կրթությունը սկսվում է 1.5 տարեկանից: Ներգրավվածությունը շատ բարձր է. մանկապարտեզ է հաճախում 3-7 տարեկան երեխաների մոտ 90%-ը, մինչդեռ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրների միջին ցուցանիշը 60-70% է: Նախադպրոցական տարիքում մեծ ներգրավվածությունը հանգեցնում է համաչափորեն բարձր ցուցանիշների կրթական ուղու հաջորդ աստիճաններում, օրինակ՝ 25-64 տարեկանների շրջանում հետմիջնակարգ կրթություն ունի մոտ 54%-ը, ի համեմատություն ՏՀԶԿ երկրների 44% միջին ցուցանիշի:
Մանկապարտեզների համար նախատեսված ազգային ուսումնական ծրագիրը մշակվել է 2008 թվականին: Ազգային ծրագիրը, ինչպես դպրոցում, այդպես էլ մանկապարտեզում, ընդհանուր հիմք է, որի վրա կառուցվում է յուրաքանչյուր ուսումնական հաստատության ծրագիրը՝ ուսուցիչների ու ծնողների հետ համատեղ քննարկումների արդյունքում: Ըստ ազգային ծրագրի՝ էստոնական մանկապարտեզն ապահովում է երեխայի ֆիզիկական, բարոյական, սոցիալական և էմոցիոնալ զարգացումը:
Էստոնական մանկապարտեզում երեխաներն ուսումնասիրում են 6 առարկա.
-
- Լեզու և խոսք,
- Էստոներենը՝ որպես երկրորդ լեզու (ոչ էստոնախոսների համար),
- Մաթեմատիկա,
- Արվեստ,
- Երաժշտություն
- Շարժում (ֆիզկուլտուրա):
Էստոնական մանկապարտեզում սովորելու հիմնական մեթոդը խաղալն է, հիմնական նպատակը՝ մտածել սովորելը: Ամենակարևոր 6 հմտությունները, որոնց պետք է տիրապետեն երեխաները, հետևյալներն են.
-
- Պլանավորել սեփական գործունեությունը և ընտրություն կատարել,
- Նոր գիտելիքը կապակցել վաղ փորձառության հետ,
- Ձեռք բերված գիտելիքներն օգտագործել տարբեր իրավիճակներում,
- Խոսել ձեռք բերված գիտելիքների և հմտությունների մասին,
- Գնահատել սեփական գործունեության արդյունավետությունը,
- Վայելել սեփական և այլոց հաջողությունները, հաղթահարել անհաջողությունները:
Էստոնիայում ուսուցման նկատմամբ ցուցաբերվում է, այսպես կոչված, սկանդինավյան մոտեցումը, որում համակցված են երեխայակենտրոն ուսուցման տարբեր՝ Մոնտեսորիի, Վալդորֆի, Ռեջիո Էմիլիայի (կենտրոնացում նախադպրոցական ու տարրական կրթության վրա), բացօթյա ուսուցման և այլ մեթոդներ:
Դպրոցներ
Էստոնիայում դպրոցների 82%-ը էստոնական է, 14%-ը՝ ռուսական, կան նաև էստոնառուսական, անգլիական ու ֆիննական դպրոցներ: Դպրոցական տարին ունի նվազագույնը 175 օր, աշակերտները դպրոց են գնում շաբաթը 5 օր: Դասաժամերը 45 րոպե են, կա 15 րոպեանոց հիմնական ընդմիջում, մնացած ընմիջումները 10 րոպե են: Դպրոցական շաբաթն ունի միջինում 24 ժամ ծանրաբեռնվածություն, ինչը բավականին ցածր է PISA-ում բարձր դիրքեր զբաղեցնող արևելյան երկրներից: Սակայն Էստոնիայում ևս դասերի վերջում երեխաները կարող են մնալ ու մասնակցել ցերեկային խմբակների, որոնց մեծ մասն անվճար է:
Դպրոցում դասագրքերի, տրանսպորտի ու սննդի ծախսերը հոգում է դպրոցի ղեկավարությունը, այսինքն՝ հիմնականում տեղական ինքնակառավարման մարմիները, որոնք իրավասու են ստեղծել, վերակազմավորել և փակել հանրակրթական դպրոցները: Էստոնիայում կան նաև մասնավոր դպրոցներ (11%), որոնք սակայն նույնպես որոշակի չափով ֆինանսավորվում են պետության կողմից:
2014 թվականին Էստոնիայի Կրթության և հետազոտությունների նախարարության կողմից մշակված դպրոցների ազգային ուսումնական ծրագրով «ուսուցչամետ» կողմնորոշումից անցում կատարվեց «աշակերտամետ» կողմնորոշման:
Հիմնական կրթություն
Էստոնիայում հիմնական կրթությունը իննամյա է և պարտադիր 7-16 տարեկան բոլոր երեխաների համար: Այն եռափուլ է՝ 1-3-րդ, 4-6-րդ և 7-9-րդ դասարաններ: Հիմնական դպրոցում ուսուցանում են պարտադիր առարկաներ, ընտրովի առարկաներ և միջառարկայական թեմաներ, որոնք ուսումնասիրվում են նաև ավագ դպրոցում և նպատակ ունեն աշակերտների մտածողությունն առավել համակողմանի, խորը ու կաղապարներից զերծ դարձնել: Հիմնական դպրոցի պարտադիր առարկաներն ու դրանց շաբաթական ծանրաբեռնվածությունները սահմանվում են ազգային ուսումնական ծրագրով (գծ. 3), սակայն դպրոցը պետք է ընտրի առարկաների այնպիսի համադրություն, որ շաբաթական ընդհանուր ծանրաբեռնվածությունը չգերազանցի 30 ժամը:
Գծ. 3. էստոնական հիմնական դպրոցի պարտադիր առարկաներն ու դրանց շաբաթական ծանրաբեռնվածությունները
Ազգային ծրագրով սահմանված ընտրովի առարկաներն են կրոնը (այն ընտրվում է, եթե դասարանում նվազագույնը 12 աշակերտ կողմ է), ինֆորմատիկան, կարիերայի կրթությունը և ձեռնարկատիրական ուսումնասիրությունները: Կան 8 միջառարկայական թեմաներ, իսկ դրանցից ավելի նպատակահարմար թեմաների ընտրությունը կատարվում է ուսուցչի կողմից՝ դասարանի հետ քննարկման արդյունքում.
-
- Ցկյանս ուսումնառություն և կարիերայի պլանավորում,
- Շրջակա միջավայր և կայուն զարգացում,
- Քաղաքացիական նախաձեռնություն և ձեռնարկատիրություն,
- Մշակութային ինքնություն,
- Տեղեկատվական միջավայր,
- Տեխնոլոգիա և նորարարություն,
- Առողջություն և անվտանգություն,
- Արժեքներ և բարոյականություն:
Աշակերտների գնահատումը
Էստոնիայում աշակերտը գիտակցում է իր պատասխանատվությունը սեփական առաջընթացի կամ ծուլության համար: Դպրոցական տարիքում ես ունեի դասընկերներ, ովքեր ուսուցչից «նեղանալով» որոշում էին պատժել նրան ու… չէին սովորում: Իսկ ուսուցչի ասած «ինձ համար չեք սովորում, ձեզ համար եք սովորում» ճիշտ, բայց ոչ համոզիչ բացատրությունը բախվում էր աշակերտի ներքին՝ դրան հակասող համոզմունքին և, փաստորեն, առոչինչ էր: Իսկ այդ համոզմունքը «օդից չէր ընկել»: Էստոնական մոդելում երեխային ներգրավում են գնահատման գործընթացի մեջ. ոչ թե ուղղակի տեղեկացնում են, թե ինչ է ստանում տվյալ թեստից, այլ միասին քննարկում են երեխայի ներկայացրած աշխատանքը, համեմատում այն նախորդ աշխատանքների հետ ու եթե փոփոխությունը դրական է, երեխայի գնահատականն էլ է բարձրանում: Այսինքն՝ երեխայի առաջադիմությունը դիտարկում են ոչ թե վակուումում, այլ դինամիկայի մեջ՝ այսկերպ կարողանալով անհատական մոտեցում ցուցաբերել երեխային ու չստիպել, որ բոլորը ցանկացած ասպարեզում լինեն բացարձակապես նույնը:
Ընթացիկ առաջադրանքների դեպքում ուսուցիչը գրավոր կամ բանավոր կարծիք է տալիս, մշակվում են առաջարկություններ՝ հաջորդ անգամ դրական կամ ավելի մեծ բացարձակ արժեքով դրական դինամիկա ունենալու համար: Իսկ կիսամյակային կամ տարեկան առաջադիմությունը գնահատելու համար ուսումնասիրվում է աշակերտի պորտֆոլիոն՝ հանձնարարված կամ աշակերտի նախաձեռնությամբ կատարված գործնական աշխատանքները, որոնք գնահատվում են 5-միավորանոց սանդղակով՝ դարձյալ հաշվի առնելով սովորողի ակնկալվող ու փաստացի արդյունքների միջև տարբերությունը:
1 և 2 գնահատականները համարվում են անբավարար, ինչը սակայն ոչ թե նշանակում է, որ սովորողը չի կարող հասնել որևէ հաջողության, այլ որ չի կարող հասնել որևէ հաջողության առանց էական դժվարությունների: Աշխատանքը անբավարար է գնահատվում ոչ միայն այն դեպքում, երբ աշակերտը հետադիմել է, այլ նաև այն դեպքում, երբ բացահայտվել են արտագրության կամ օգնության դեպքեր:
Անբավարար գնահատականի դեպքում սովորողը կարող է աշխատանքը վերակատարել, իսկ եթե այդ դեպքում էլի ստանում է անբավարար, ապա նա չի կարող փոխադրվել հաջորդ դասարան առանց բացը լրացնելու: Աշակերտը հաջորդ դասարան միանգամից չփոխադրվելու մասին տեղեկացվում է ուսումնական տարվա վերջին եռամսյակից առաջ: Ուսուցիչների խորհրդի կողմից կազմվում է անհատական ծրագիր, որը նա պետք է ուսումնասիրի վերջին եռամսյակի ընթացքում: Խիստ հազվադեպ դեպքերում՝ եթե լրացուցիչ դասընթացները ևս արդյունք չեն տալիս, և աշակերտը 3 կամ ավելի առարկաներից շարունակում է ունենալ անբավարար գնահատական, ապա նա ստիպված է լինում կրկնել ուսումնական տարին:
Դպրոցն ավարտելու համար պետք է ունենալ բավարար գնահատականներ ավարտական տարում և ավարտական քննությունների (էստոներեն, մաթեմատիկա և մի ընտրովի առարկա) արդյունքում: Ավարտական վկայականով աշակերտները իրենց կրթությունը կարող են շարունակել կա՛մ ավագ դպրոցում, կա՛մ որևէ մասնագիտատեխնիկական ուսումնական հաստատությունում:
Ավագ միջնակարգ կրթություն
Հիմնական կրթությունից ընդհանուր միջնակարգ կրթության անցնելիս կրթական գործընթացում ուսուցման (teaching) փոխարեն շեշտադրվում է սովորելը (learning), այսինքն՝ մեծանում է սովորողի ինքնուրույնության դերը: Ավագ միջնակարգ կրթությունը կազմակերպվում է ավագ դպրոցում, որտեղ կան առարկաների պարտադիր ու ընտրովի մոդուլներ, որոնց համար ազգային ուսումնական ծրագիրը սահմանում է դասաժամերի ընդհանուր քանակը ավագ դպրոցում.
Գծ. 4. Առարկաների պարտադիր ու ընտրովի մոդուլների ընդհանուր ծանրաբեռնվածությունները էստոնական ավագ դպրոցում
Ավագ դպրոցում ծրագրի 25%-ը որոշվում է սովորողների և դպրոցի համատեղ ընտրությամբ, իսկ մնացածը՝ ըստ ազգային ծրագրի: Նվազագույն ծանրաբեռնվածությունը ավագ դպրոցի ողջ ընթացքում կազմում է 3360 դասաժամ, որից 1225-ը պետք է լինեն հետազոտական ու գործնական բնույթի, այսինքն՝ մոտ 3:1 հարաբերակցությամբ:
Ավագ դպրոցում ևս գործում է գնահատման 5-միավորանոց սանդղակը, սակայն ընտրովի առարկաների դեպքում կարելի է միայն «անցնել» կամ «ձախողել» այն:
Ավագ դպրոցն ավարտելու համար պետք է բավարար ստանալ բոլոր պարտադիր առարկաներից, «անցնել» ընտրովի առարկաները, բավարար ստանալ ավարտական քննություններից (էստոներեն կամ էստոներենը՝ որպես երկրորդ լեզու, մաթեմատիկա և որևէ օտար լեզու) ու ներկայացնել հետազոտական-գործնական աշխատանք, որը գրվում է ավագ դպրոցի ուսումնառության ընթացքում:
Ուսուցիչները Էստոնիայում
Էստոնիայում ներդրվել է ուսուցիչների շարունակական ուսուցման համակարգ, որը բարձրացնում է նրանց միջառարկայական գրագիտությունը, զարգացնում այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, առաջնորդությունը և այլն: Համակարգը մշակվել է Կրթության ու հետազոտության նախարարության կողմից 2013 թվականին:
Իսկ մինչ այդ՝ 2004 թվականից իրականացվում է «Ինդուկցիայի ծրագիրը», որը աջակցում է ուսուցիչներին իրենց աշխատանքային փորձառության առաջին տարիներին: Երբ առաջին աշխատանքային տարվա ընթացքում կրտսեր ուսուցիչները հանդիպում են խնդիրների, ամառային արձակուրդներին դրանք քննարկում են համալսարանական փորձագետների հետ, ովքեր առաջարկություններով բարելավում են ուսուցիչների մանկավարժական կարողություններն ու սովորեցնում լուծել առաջացած խնդիրները: Ծրագիրն իրականացվում է Տարտուի ու Տալինի համալսարանների կողմից՝ նախարարության ֆինանսավորմամբ:
ՏՀԶԿ երկրների հետ համեմատած՝ Էստոնիայում ուսուցչի աշխատավարձը բավականին ցածր է, սակայն եթե հաշվի առնենք Էստոնիայում ուսուցչի ավելի ցածր ծանրաբեռնվածությունը (աշխատանքային օրվա տևողությունը, դասարանում աշակերտների քանակը և այլն), ապա աշխատավարձի չափն արդարացված է: Աշխատավարձերը տարբեր են ուսուցչի կրթությունից, վերապատրաստումների արդյունքներից, աշխատանքային փորձառության տևողությունից և այլ գործոններից կախված: Էստոնիայում ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը առավելագույնը 35 դասաժամ է, որի համար նվազագույն աշխատավարձը 2020 թվականի հունվարին սահմանվեց 1315 եվրոյի, այսինքն՝ մոտ 1500 ԱՄՆ դոլար կամ 755 000 ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում ուսուցիչը 1 դրույքաչափի, այսինքն՝ 22 դասաժամի համար վճարվում է 108 000 ՀՀ դրամ կամ մոտ 225 ԱՄՆ դոլար: Եթե այն հաշվարկենք 35 դասաժամի համար, կունենանք մոտ 354 ԱՄՆ դոլար կամ 172 000 ՀՀ դրամ:
Վերջին տարիներին Էստոնիան կրթության ծախսերի բավականին մեծ մաս ուղղում է աշակերտների թվային ու ֆինանսական գրագիտության զարգացմանը: Ընդհանուր առմամբ՝ կրթության ոլորտի պետական ծախսերը կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 13.1%-ն ու ՀՆԱ-ի մոտ 5.1%-ը, մինչդեռ Հայաստանում դրանք կազմում են միջինում համապատասխանաբար 8.4 և 2.7%:
Ամենալավ դպրոցականները
PISA-ի ստուգատեսների ընթացքում թեստի միջոցով գնահատվում են աշակերտների գիտելիքները մաթեմատիկայից, գիտությունից ու ընթերցանությունից: Սակայն կյանքում հաջողության հասնելու համար կարևոր են նաև աշակերտի բարոյահոգեբանական կերպարն ու մտածողությունը, որոնք բացահայտելու համար ՏՀԶԿ-ն իրականացնում է հարցումներ ու դիտարկումներ PISA-ին մասնակից երկրների աշակերտների շրջանում: 2018 թվականի տվյալներով էստոնացի աշակերտների 70%-ը բավարարված է կյանքից, մինչդեռ ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշը 67% է: Մրցակիցների հետ համեմատելիս այդ տարբերությունն ավելի մեծ է, օրինակ՝ առաջատար Չինաստանի դեպքում կյանքից բավարարված է աշակերտների 59%-ը.
Գծ. 5. Սովորողների բարոյահոգեբանական կերպարն ու վարքագիծը PISA-ի ստուգատեսի առաջատար երկրներում՝ ըստ ՏՀԶԿ տվյալների (2018թ.)
Այսպես ուրեմն՝ առաջատար 8 երկրների շարքում էստոնացի երեխաները ոչ միայն ամենաբավարարվածն են[1], այլև ամենալավն են կարողանում լուծում գտնել դժվար իրավիճակներում (աշակերտների 87%-ը) և վստահ են, որ աշխատելու միջոցով կարող են բարելավել ինտելեկտուալ կարողությունները (աշակերտների 77%-ը): Այս ամենի հետ մեկտեղ էստոնական դասարաններում առկա է ամենաթույլ մրցակցությունը (աշակերտների ընդամենը 33%-ն է մրցում այլ սովորողների հետ). չէ՞ որ, ինչպես ասում է ֆինն գրող Սամուլի Պարոնենը, իրական հաղթողները չեն մրցում:
[1] սինգապուրցի երեխաների՝ կյանքից բավարարվածության մասին հարցում չի կատարվել
Այս թեմայով՝
2020-07-20 Սինգապուրի դպրոցական կրթությունը
2020-07-11 Թայվանի դպրոցական կրթությունը
2020-06-29 Հոնկոնգի դպրոցական կրթությունը
2020-06-15 Իսրայելի դպրոցական կրթությունը
2020-06-06 Ֆինլանդիայի դպրոցական կրթությունը
2020-05-23 Ճապոնիայի դպրոցական կրթությունը
2020-04-13 Չինաստանի դպրոցական կրթությունը