Փերսի Լ. Գրիվզ կրտսեր (թարգմանությունը «Free Market Economics» գրքից)
Արտատպված է The Freeman պարբերականի 1964 թ. նոյեմբերյան համարից
Հեռավոր 1871 թվականի փետրվարին, ազատ ձեռներեցների մի խումբ բամբակագործներին օգնելու մի եղանակ գտավ, որով վերջիններս կարող էին իրենց արտադրությունը հարմարեցնել շուկայի պահանջարկին։ Հիմնվեց Նոր Օռլեանի Բամբակի Բորսան (New Orleans Cotton Exchange), ուր 93 տարի շարունակ բամբակ աճեցնողները, դրա մեծածախ առեւտրով զբաղվողները, արտադրողները եւ շահույթ հետապնդող սպեկլուլյանտները կարող էին ազատ շուկայական գներով գնել եւ վաճառել բամբակ՝ ներկա կամ ապագա մատակարարման համար։
Առաջարկվող եւ վճարվող գները հրապարակվում էին մամուլում։ Ոչ մի բամբակագործ կամ գնորդ երկար չէր մնում երկմտանքի մեջ բամբակի շուկայի ներկա կամ ապագա վիճակի վերաբերյալ, քանի որ չկա եւ չի եղել ապրանքային բորսայի դրության ավելի լավ ցուցիչ, քան այդ ապրանքի առքուվաճառքի գները՝ զանազան ամսաթվերին մատակարարվելու համար։
Նոր Օռլեանի Բամբակի Բորսայի գները երկար տարիներ շարունակ արժեքավոր ուղեցույց էին թե՛ բամբակ աճեցնողի, եւ թե՛ արտադրողի համար։ Բամբակագործին դրանք ցույց էին տալիս, թե դաշտերի որքան մասն է պետք հատկացնել բամբակի ցանքսին, եւ որքան՝ այլ կուլտուրաների։ Աճի սեզոնի ընթացքում, կանխատեսված ապագա գները ցույց էին տալիս, թե որքան ժամանակ, հոգս եւ ծախս է հարկավոր ցանքատարածությունները խնամելիս։ Երբ ապագա գները բարձր էին լինում, ծախս չէր խնայվում հնարավոր յուրաքանչյուր ունցիան շուկա հասցնելու համար, իսկ երբ դրանք ցածր էին լինում, հողագործն ասես ահազանգ էր ստանում՝ չափից շատ ժամանակ ու ծախս չվատնել ամեն ունցիան աճեցնելու եւ հավաքելու վրա։
Բամբակի Բորսայի գնանշումները արտադրողներին եւ մնացյալ գնորդներին տրամադրում էին հումքի ապագա ծախսերը գնահատելու կամ որոշելու բավարար հիմք, ինչն իր հերթին օգնում էր նրանց հաշվարկելու այն գները, որոնցով պիտի կողմնորոշվեին հետագա գործունեությունը ծրագրելիս։ Ապագա որեւէ պահին մատակարարման պատվերներ զետեղելու հնարավորության միջոցով նրանք կարող էին մշտապես վստահ լինել իրենց հումքի գնի հարցում՝ անհապաղ կնքելով հարկավոր այսինչ կամ այնինչ օրվա մատակարարման պայմանագրեր։
Բամբակի գնի վերահսկողությունը
1964 թվականի հուլիսի 9-ին Նոր Օռլեանի Բամբակի Բորսան փակեց իր դռները «ապագա բամբակի» (“cotton futures”) առեւտրի առջեւ։ Տարիներ շարունակ բամբակի ապագա մատակարարման պայմանագրերի վաճառքն անկում էր ապրում։ Կառավարության կողմից բամբակի գների հետզհետե ավելի մեծ վերահսկողության պայմաններում ո՛չ բամբակագործները, ո՛չ արտադրողները այլեւս չունեին ապագա շուկայի վերաբերյալ տեղեկությունների կամ երաշխիքների կարիքը։
Երբ բամբակի պահանջարկն ընկնում է, կառավարությունը ֆերմերների համար բարձրացնում է սուբսիդավորվող գինը եւ ամբարում չգնված ամբողջ բամբակը, իսկ երբ պահանջարկն աճում է, բամբակը դուրս է հորդում կառավարության սուբսիդավորած պահեստներից եւ վաճառվում պետականորեն սահմանված գնով։ Երկու դեպքում էլ կորցնում է հարկատուն։ Քանի դեռ ներկա օրենքները չեն փոխվել կամ փլուզվել, բամբակի գինը սահմանելու է կառավարությունը, ցանքատարածությունների չափն ուղղորդելու են բյուրոկրատները, իսկ արժեքավոր մարդիկ, նյութական միջոցներն ու հարկերից գոյացող գումարները շարունակելու են փոշիանալ անարգասաբեր գործունեության վրա։
Այս իրավիճակն արտացոլում է թե՛ ազատ շուկայական հասարակության մեջ մարդկային վարքի օրենքների եւ թե՛ սպեկուլյանտների դերի իմացության լիակատար բացակայության փաստը, քանի որ փորձում է իշխանության ղեկին մնալ ձգտող մի քանիսի խելքով փոխարինել այն մարդկանց իմաստությունը, որոնք կյանք են դնում՝ ուսումնասիրելու առաջարկի եւ պահանջարկի յուրաքանչյուր նրբություն, նախքան իրենց անունը եւ ունեցվածքը գրավ դնելն ի նպաստ կշռադատված որոշման։
Մարդու անօտարելի էությունն է՝ փորձել բարելավել իր ապագա դրությունը։ Սա է եւ մարդկային յուրաքանչյուր գիտակից քայլի նպատակը։ Մարդիկ կարող են սխալվել, բայց միշտ ձգտում են հաջողության հասնել իրենց եւ սիրելիների համար ավելի բարօր ապագա կերտելու գործում։ Ազատ շուկայական գործարքների միջոցով մարդիկ փորձում են սոսկ բարելավել սեփական դրությունը՝ կատարելով հանրային քայլեր, որոնք բարելավում են նաեւ այլոց դրությունը։ Եթե հաշվի չառնենք ուժի գործադրումը, խաբեությունը կամ մարդկային սխալը, բոլոր հոժարակամ շուկայական գործարքները պարտավոր են բարելավել բոլոր մասնակիցների դրությունը։
Ինչպես են վարվում մարդիկ
Իրականում, մարդկային գործունեությունն ընդամենը երեք հիմնական սկզբունք ունի՝ մարդիկ կարող են վարվել կա՛մ որպես խաղամոլ, կա՛մ գիտնական, կա՛մ սպեկուլյանտ։ Քիչ են զուտ մեկ ոլորտի սահմաններում ընկած քայլերը, քանի որ մարդկային յուրաքանչյուր քայլին ընդդեմ հանդես են գալիս ապագայի անորոշության զանազան տարրեր, իսկեւիսկ ինչպես կյանքում է։
Մարդիկ վարվում են խաղամոլի պես, երբ նախապես ոչինչ չգիտեն արդյունքների մասին, բացի նրանից, որ ոմանք կշահեն, իսկ ոմանք կկորցնեն։ Չկա ոչինչ, որը մարդ կարող է իմանալ, սովորել կամ փորձով ըմբռնել, ինչը նրան կօգնի հաղթող դուրս գալ։ Երբ մարդիկ «խաղադրույք» են կատարում, ցանկալի արդյունքը կախված է զուտ շանսից։ Չկա ոչ մի հմտություն։
Մարդիկ վարվում են գիտնականի պես, երբ նախապես գիտեն իրենց քայլերի արդյունքները։ Գիտնականը գործ ունի միայն լուծելի խնդիրների հետ, որոնցում պայմանները վերահսկելի են, իսկ նույնատեսակ պայմաններում արված միանման գործողությունները միշտ հանգեցնում են միեւնույն արդյունքին։ Գիտականորեն ուղղորդվող գործունեության արդի օրինակ է ավտոմատացումը։ Գիտական բոլոր քայլերում, նախանշված ընթացակարգի կրկնությունը միշտ ծնում է նույն արդյունքը։ Ուստի, որքան ավելին իմանա գիտնականը բնության օրենքների մասին, այնքան ավելին նա կարող է անել՝ նախապես վստահ լինելով փաստացի արդյունքի վրա։
Մարդիկ վարվում են սպեկուլյանտի պես, երբ միայն մասնակի գիտելիք եւ հասկացում ունեն իրենց քայլերի առաջ բերելիք հնարավոր արդյունքների մասին։ Որքան սպեկուլյանտն ավելին գիտի կամ ավելին է հասկանում, այնքան լավ կարող է կանխագուշակել իր քայլերի ապագա արդյունքները։ Այդուհանդերձ, նա երբեք չի կարող վստահ լինել փաստացի արդյունքի առումով։
Սպեկուլյացիայի մեծագույն մասն ընդգրկում է անձամբ մարդկանց, ինչպես եւ այն, թե ինչ ձեւով են մարդիկ արձագանքելու տվյալ իրավիճակին։ Իսկ քանի որ մենք երբեք չենք կարող որոշակիորեն իմանալ դիմացինի ապագա արձագանքը, ուրիշներին ընդգրկող յուրաքանչյուր քայլ արդեն իսկ սպեկուլյատիվ է։ Ուստի, հոժարակամ բոլոր քայլերը, ներառյալ՝ շուկայական գործարքները, սպեկուլյատիվ են։
Ինչու են մարդիկ մասնագիտանում
Լավագույն ձեւը, որով կարելի է ավելացնել այն բանի հավանականությունը, որ կատարված սպեկուլյատիվ քայլերը կհանգեցնեն ցանկալի արդյունքների, ավելացնելն է մեր գիտելիքն ու հասկացումը գործին առնչվող բոլոր տվյալների վերաբերյալ՝ ներառյալ այն մտքերն ու գաղափարները, որոնք դառնում են այլոց քայլերի եւ արձագանքների դրդապատճառ։ Սա պահանջում է ժամանակ, ուսումնասիրություն, փորձառություն եւ տնտեսական վերլուծություն։
Մարդիկ հասկացել են, որ անհրաժեշտ ավելի շատ գիտելիք, փորձառություն եւ հասկացում ձեռք բերելու լավագույն ձեւն այն է, որ յուրաքանչյուրն ընտրի մարդկային գործունեության որոշակի սահմանափակ շրջանակ եւ մասնագիտանա դրանում։ Ողջ շուկայական համակարգը ծագել եւ զարգացել է աշխատանքի բաժանման այս սկզբունքից։ Շուկայական հասարակության մեջ մասնագիտանում է յուրաքանչյուրը եւ ապա փոխանակում իր մասնագիտացման արդյունքները մյուսների՝ հասարակական ողջ արտադրության մեջ իր գործընկերների մասնագիտացման արդյունքների հետ։
Այս համակարգը գիտնականին հնարավորություն է տալիս մասնագիտանալու հարստության անշունչ առարկաների ավտոմատացված զանգվածային արտադրության մեջ՝ վստահ լինելով ֆիզիկական արդյունքում։ Միաժամանակ, մարդը չի կարող գիտական ճշգրտությամբ պլանավորել կամ հաշվարկել իր արտադրանքի շուկայական գները։ Այդպիսիք միշտ հարաբերական են եւ սպեկուլյատիվ՝ կախված գնորդների հարափոփոխ տեսակետներից առ այն, թե վաճառքի հանված բազում ապրանքներից ո՛րն իրեն առավելագույն գոհություն կպարգեւի ծախսելիք միջոցների դիմաց։
Մասնագիտացումը կարո՛ղ է օգնել եւ օգնո՛ւմ է առեւտրի եւ այլ սպեկուլյատիվ հասարակական գործունեության մեջ ներգրավված մարդուն՝ հնարավորություն ընձեռելով նրան ավելին իմանալու այն մասին, թե ինչ է վաճառում ինքը եւ ինչ կարիքներ ու ցանկություններ ունեն նրանք, ում նպատակ ունի ինչ-որ բան վաճառելու։ Այսպիսով՝ նրանք դառնում են ավելի բանիմաց եւ արդյունավետ սպեկուլյանտներ՝ պակաս ժամանակ վատնելով սխալ մարդկանց սխալ բան վաճառելու փորձերի վրա։
Անթերի արդյունքները կախված են ապագայի պայմանների անթերի կանխատեսումից, իսկ քանի որ մարդը սխալական է, սա հազվադեպ է հնարավոր։ Ինչեւէ, ավելի լավ կանխատեսումները, ուստիեւ՝ ավելի լավ արդյունքներն անհասանելի չեն, եւ ավելի խորը մասնագիտացումը ձգտում է նվազեցնել սխալները եւ օգնել մարդկանց հասնելու ավելի լավ արդյունքների։
Շատերը քիչ թե շատ երաշխավորված կայուն եկամտի համեմատական ապահովությունը գերադասում են ամբողջովին սպեկուլյատիվ եկամտի անապահովությունից, քանի որ վերջինս այնպիսի եկամուտ է, որը կարող է երբեմն լինել չափազանց բարձր, երբեմն՝ չափազանց ցածր կամ նույնիսկ վերածվել վնասի։ Ապահովություն փնտրող մարդիկ սովորաբար ավելի լավ հաստիքային աշխատողներ են լինում։
Մյուսները գերադասում են սպեկուլյացիայի գրավչությունն ու զգացմունքայնությունը։ Այդպիսիք ներդրողներ են, գործատուներ, նախաձեռնողներ եւ պրոֆեսիոնալ սպեկուլյանտներ, որոնք ստանձնում են գործարար նախաձեռնության ապագա հաջողության կամ ձախողման անորոշության պատասխանատվությունը։ Իսկ հաջողության հավանականությունը մեծապես կախված է գնող զանգվածի ապագա ցանկությունները կանխագուշակելու նրանց ունակությունից։
Կանխատեսումը շահեկան է
Զանգվածային արտադրությամբ շուկայական տնտեսության մեջ կանխատեսման եւ սպեկուլյացիայի գործառույթը դրված է ներդրողների, նախաձեռնողների եւ մասնագետների վրա, այլ ոչ՝ սպառողների։ Երբ արտադրողը փորձում է գործել սոսկ իբրեւ գիտնական եւ հարստություն է ստեղծում՝ հիմնվելով ֆիզիկական գիտությունների հայտնի օրենքների վրա, նա պետք է գտնի ուրիշներին, որոնք հանձն կառնեն կանխատեսումներ անել եւ խորհրդածել («սպեկուլյացիա» բառի բուն իմաստը – Ծ.Թ.) շուկայի ապագա պայմանների մասին։
Այս մասնագետները դեռ արտադրության մեկնարկին պիտի գնահատեն, թե վաճառքի ապագա պահին մոտավորապես ինչպիսին են լինելու սպառողի պահանջարկը, մրցակցային առաջարկը եւ շուկայի մյուս պայմանները։ Այս սպեկուլյանտներն ապա պատասխանատվություն են ստանձնում, որ իրենց պլանավորած արտադրությունը կբավարարի սպառողի քմահաճությունն ու ճաշակը, քանի իրենց իսկ եկամուտը կախված է լինելու նրանից, թե որքան ճշգրիտ կլինեն ապագա դրության շուրջ արված վաղ կանխատեսումները։
Աշխատանքի բաժանման խորացմանը զուգընթաց, մարդիկ եւ ընկերությունները փորձեցին նվազեցնել իրենց կանխատեսողական ու սպեկուլյատիվ գործառույթները՝ սահմանափակվելով որոշակի ոլորտներով, որոնցում մասնագիտացան եւ ձեռք բերեցին ավելի լավ ըմբռնում, քան մյուսների մեծագույն մասը։ Նրանք կենտրոնանում են որոշակի ապրանքների արտադրության ու վաճառքի գործում եւ այդ ընթացքում սակավ ուշադրության արժանացնում մյուս ապրանքների եւ, այդ թվում, գուցեեւ իրենց անծանոթ հեռավոր աղբյուրներից ծագող հումքի շուկայական դրությանը։
Իհարկե, պատրաստի ապրանքի դիմաց գանձվելիք ապագա գները մասամբ կախված են դրանց հումքի հարափոփոխ գներից։ Ուստի, հումքի գնի ապագա տատանումներից ապահովագրվելու համար գործարարները երբեմն դիմում են «հեջավորման», որի միջոցով ապագա գների անորոշությունից բխող վտանգները փոխանցում են այդ ապրանքների պրոֆեսիոնալ սպեկուլյանտներին։
Շարունակությունը՝ «Ինչի՞ համար են սպեկուլյանտները։ Ինչպես է գործում հեջավորումը» հոդվածում
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան