Վարչապետն անդրադարձել է կառավարության նախկինում ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառումներին և նշել.
«Երեկվա դրությամբ շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ, որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17,5 մլրդ դրամ: Եվս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել: Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի նրանք ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսությանը, բիզնեսին և մի քանի այլ ոլորտների: Իհարկե, մենք այստեղ նաև ծրագրերին աջակցել ենք նաև այնքանով, որ սուբսիդավորել ենք մի շարք բազմաթիվ ծրագրերով, ներառյալ՝ կրթական:
Եվ տնտեսական միջոցառումների շրջանակում կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ է տրամադրվել բիզնեսին: Եվ այս թվերը ներառյալ՝ արձանագրենք, որ 144,5 մլրդ դրամ, ըստ էության, ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային շրջանում, որը կարծում եմ բավական շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»:
Այս մասին հայտնում են Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։