24-րդ միջոցառման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու, խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման պայմանները բարելավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու անհրաժեշտությամբ։
Հիմնավորման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է խաղողի առատ բերք, մինչդեռ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կտրուկ նվազել են գինեգործական արտադրանքի իրացման ծավալները և դրանով պայմանավորված գինեգործական կազմակերպություններում խնդիրներ են առաջացել նախկինում վերցված վարկերի սպասարկման և նոր վարկեր ներգրավելու նպատակով ազատ գրավի ապահովման առումով։
Բացի այդ պատրաստի արտադրանքի իրացման ծավալների կրճատումը հանգեցրել է արտադրանքի պահման տարողությունների սակավության։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի պայմաններում կատարել մի շարք փոփոխություններ:
Արդյունքում՝ խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող տնտեսավարողները հնարավորություն կստանան ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, լիզինգով ձեռք բերելու հումքի և արտադրանքի պահման տարողություններ ու կաղնեփայտե տարաներ, կազմակերպելու խաղողի մթերման գործընթացն ու վճարելու խաղողագործներից գնված բերքի արժեքը, որոշ չափով նվազեցնելու արտադրանքի ինքնարժեքն ու ավելացնելու արտադրանքի իրացման ծավալները։
2020 թ․-ին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկերը կտրամադրվեն, մասնավորապես, հետևյալ պայմաններով՝ ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ:
Այս մասին հայտնում են Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։