Հայաստանի ջերմոցային տնտեսությունների համար գազի գնի թանկացումը լուրջ խնդիրներ է առաջացրել. բարձրանում է ապրանքի ինքնարժեքը, պակասում է շահույթը, թուլանում է մրցակցությունը ներքին ու արտաքին շուկաներում։ Ապրանքի ինքնարժեքի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է նաև սպառողների գրպանի վրա, քանի որ այն հանգեցնելու է վաճառվող ջերմոցային ապրանքների թանկացմանը։
Բնակիչների համար «չթանկացած» և տնտեսավարողների համար թանկացած գազը
Իշխանություններին հաջողվեց առանց մեծ աղմուկի ու դժգոհությունների գազի գինը թանկացնել։ «Գաղտնիքը» բնակիչների համար գազի սակագինը նույնը թողնելն էր, իսկ թանկացման բեռը մնաց տնտեսվարողների ուսերին։ Մինչդեռ բիզնեսի համար գազի գնի թանկացումը ենթադրում է լրացուցիչ բեռ նաև նույն բնակիչների՝ սպառողների համար։
Այս տարվա ապրիլից, «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հայտի հիման վրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀՀ ՀԾԿՀ) քննարկում էր սպառողների համար գազի գնի թանկացման հարցը։
Դեռևս 2019 թվականից Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գինը յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց բարձրացավ 15 դոլարով՝ 150 դոլարից դառնալով 165 դոլար։ Իսկ բնակիչներին վաճառվող գազի գինը չբարձրացավ, քանի որ, ինչպես հայտարարեց «Գազպրոմ Արմենիա»-ն, շահագործման և պահպանման ծախսերի օպտիմալացման արդյունքում այդ տարբերությունը «փակվել է»։ Սակայն, ընկերությունը մեկ տարի անց արդեն հայտարարեց, որ որ այլևս չի կարող փակել այդ ծախսերը, և անհրաժեշտ է բարձրացնել գազի սակագինը։
Հունիսի 19-ին ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց բնակչության համար գազի գինը թողնել նույնը, փոխարենը՝ էական բարձրացնելով տնտեսավարողներին մատակարարվող գազի գինը։
Ըստ նոր որոշման՝ բնակչությանը վաճառվող բնական գազի սակագինը կմնա անփոփոխ՝ հազ. խմ-ի դիմաց 139 հազ. դրամ: Սակայն սա միայն առաջին հայացքից է այսպես թվում, քանի որ տնտեսավորղների համար գազի գնի թանկացումը հանգեցնելու է արտադրանքի թանկացմանը, որի սպառողը նույն բնակիչներն են։
Կթանկանա գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար և վերամշակող՝ պահածոների, խմիչքների, կանթանամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին վաճառվող բնական գազի սակագինը. նրանք հազ. խմ-ի դիմաց կվճարեն 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Այսինքն՝ նրանց համար գազը թանկացել է 5.7%-ով։
Եվ մնացած սպառողներին, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար, ամսական մինչև 10 հազ. խմ գազ սպառման դիմաց սահմանվում է 139 հազ. դրամ/հազ. խմ։ Իսկ ամսական 10 հազ. խմ-ն գերազանցողների համար՝ 255.91 դոլար։ Նրանց համար ևս թանկացումը կազմում է 5.7%:
Այս նոր սակագները արդեն սկսել են գործել հուլիսի 19-ից։
Գազի թանկացումը ծախսերի բեռի էական ծանրացում է նախատեսում հատկապես այն տնտեսվարողների համար, որոնց արտադրանքի ինքնարժեքում գազի տեսակարար կշիռը մեծ է։ Եվ այստեղ ամենառիսկային գոտում ջերմոցային տնտեսություններն են։
Ջերմոցային տնտեսությունների արտադրանքի ինքնարժեքում գազի գինը 40-70% է. թանկացումը «մահացու» հարված է հատկապես փոքր տնտեսվարողների համար
Հայաստանի ջերմոցային տնտեսությունները իրենց ռազմավարությունը պլանավորելիս առաջնային ուշադրություն են դարձնում գազի սակագնին, քանի որ ինքնարժեքում այն կարող է հասնել մինչև 70%-ի։ Խոշորների դեպքում այս ինքնարժեքն ավելի ցածր է՝ ընդհուպ մինչև 40%, որը պայմանավորված է էներգախնայող համակարգերի կիրառմամբ։ Իսկ փոքրերի համար այն շատ ավելի բարձր է, քանի որ վերջիններս նման համակարգեր կիրառելու համար բավական ռեսուրսներ չունեն. դա մեծ ներդրումներ է պահանջում։
Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նկատում է, որ գազի գնի թանկացումն անմիջապես ազդելու է ապրանքի գնի բարձրացման վրա, և արդեն մեկ-երկու ամիս անց այդ ազդեցությունը շուկայում երևալու է։ Սակայն, եթե նույնիսկ փոքր տնտեսվարողները ապրանքը թանկացնեն ճիշտ այնքանով, որքան գազն է թանկացել, միևնույն է՝ որոշ ջերմոցներ պարզապես դադարելու են աշխատել։ Խնդիր այն է, որ ներկայում ջերմոցային ապրանքների պահանջարկը ընկել է՝ պայմանավորված կորոնավիրուսի առաջացրած հետևանքներով, և ապրանքի թանկացումը այդ պահանջարկ ավելի կնվազեցնի։ Փակ են կամ փոքր ծավալներով են գործում ռեստորանները և սննդի այն օբյեկտները, որոնք համարվում են ջերմոցային գյուղմթերքի խոշոր սպառողներ։
«Ջերմոցային տնտեսությունների արտադրած ապրանքները չեն համարվում առաջնային սպառման ապրանքներ, որ ինչ գնով էլ լինեն՝ վաճառվեն։ Այսինքն՝ ջերմոցները սկսելու են վնասով աշխատել, հատկապես՝ փոքրերը։ Նորից պետք է վարկեր վերցնեն, գազի վճարը փակեն, հետո սկսեն բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները փակել։ Հիմա տնտեսվարողը հարցնում է՝ ու՞մ համար եմ աշխատում՝ ի՞մ, «Գազպրոմ Արմենիա»-ի, թե՞ բանկի։ Եվ սրանից հետո բիզնեսն ընդլայնելու հեռանկարներ էլ չեն ունենում»,- «Հետքի» հետ զրույցում նշել է Պողոս Գևորգյանը։
Այս պահին պետությունը ջերմոցային տնտեսություններին, որպես աջակցություն, առաջարկում է ցածր տոկոսադրույքներով և սուբսիդավորվող վարկեր։ Այս գործիքը, սակայն, հատկապես փոքր տնտեսվարողների համար էական արդյունքներ չի կարող տալ։ Փոքր ջերմոցային տնտեսությունների համար այս պահին նոր տեխնոլոգիաների ու էներգախնայող համակարգերի կիրառումը ևս փրկություն չէ, քանի որ վերջիններս դրա համար պարտավոր են նոր վարկային միջոցներ ներգրավել, սակայն որոշ ժամանակ անց կարող են փաստի առաջ կանգնել այդ պարտավորությունները մարելու հարցում։
Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահը հիշում է, որ վերջին անգամ գազի թանկացման արդյունքում (2016թ.) մի շարք փոքր ջերմոցային տնտեսություններ փակվեցին։ Գազի գնի այս անգամվա թանկացումից հետո շատ տնտեսվարողներ էլ, որոնք նախատեսել էին ջերմոցներ կառուցել ու այս բիզնեսով զբաղվել, հրաժարվել են իրենց ծրագրերից։
Ջերմոցային տնտեսությունների արտադրանքի թանկացումը կարող է հանգեցնել նաև դրսից ներմուծվող ապրանքների հետ մրցակցության թուլացմանը։ Օրինակ՝ թուրքական լոլիկը կարող է իր գնով ավելի մրցունակ դառնալ շուկայում, քան հայկականը։
Հարցին՝ արդյոք ջերմոցային տնտեսություններն ունեն խոշոր գնորդներ, ինչպես պահածո արտադրող գործարաններն են, Պողոս Գևորգյանը պատասխանեց, որ գործարանները խուսափում են ջերմոցային ապրանքներ գնել, քանի որ դաշտի գյուղմթերքն ավելի էժան է և սպասում են այդ սեզոնին ու մեծ քանակով մթերում իրականացնում։ Իսկ ջերմոցային գյուղմթերքի խոշոր գնորդները «էլիտար» ռեստորաններն են, որոնք համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս օրերին կամ փակ են, կամ աշխատում են փոքր ծավալներով։ Հետևաբար՝ նաև փոքր ծավալով են սպառում գյուղմթերքը։
Խոշորները մրցակցային խնդիրներ կունենան արտաքին շուկաներում
Գյուղմթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը ոլորտի խոշորներից է։ Ինչպես նշում է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, «Սպայկա»-ի ջերմոցային տնտեսությունների արտադրանքի ինքնարժեքում գազի տեսակարար կշիռը հասցվել է 40%-ի, որին նսպատել է էներգախնայող համակարգերի ներդրումը։
Ընկերության մասնագետները հաշվարկել են, որ գազի թանկացումից հետո իրենց արտադրանքի գինը միջինում 10-15%-ով թանկանալու է։ Սա նշանակում է, որ արտաքին շուկաներում, որտեղ արտահանվում է հայկական գյուղամթերքը (հիմնականում՝ Ռուսաստան), այլ երկրների ծագման ապրանների հետ մրցակցության թուլացում կարող է տեղի ունենալ։
«Մենք ինքնարժեքի ամեն կես տոկոսի համար կռիվ ենք տալիս, որ դրսի շուկաներում մրցունակ լինենք։ Մեր հարևան երկրներում պետությունը տարբեր դոտացիաներ է տալիս գնագոյացման ուղղությունների մեջ։ Մենք կարողանում ենք հաղթել որակով ու քանակով։ Բայց այսօր գինը մարդկանց համար մեծ նշանակություն ունի, որովհետև դրսի շուկաներում գնողունակությունը կտրուկ նվազել է։ Բնականաբար, հաճախորդները նախընտրում են ավելի էժան ապրանքներ ձեռք բերել»,- ասում է Կարեն Բաղդասարյանը։
Հայկական ջերմոցային գյումթերքի արտահանման սեզոնը սեպտեմբերից հունիս ընկած ժամանակահատվածն է՝ աշուն, ձմեռ, գարուն։ Հետևաբար, գազի գնի թանկացման ազդեցությունը արտահանողները կարող են զգալ սեպտեմբերից սկսած։
Հայաստանում ջերմոցային տնտեսությունների քանակի ու բերքի վերաբերյալ մանրամասն հաշվառում իրականացվում է ընդամենը տասը տարին մեկ անգամ։ Պարզվում է՝ Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալները 2014 թվականինն են։
Տարեկան կտրվածքով հրապարակվում է միայն գյուղամթերք արտադրող ջերմոցային տնտեսությունների ընդհանուր մակերեսն ու հաշվառված բերքը։
2019 թվականի տվյալներով 829 հա ջերմոցներ են հաշվառվել, որոնցից հավաքվել են 74.5 հազար տոննա բանջարանոցային մշակաբույսեր։ Համեմատության համար՝ հինգ տարի առաջ ջերմոցների ընդհանուր մակերեսը կազմել է 470 հա։
Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության վրա գազի գնի թանկացման ազդեցության գնահատականներ չի տալիս
Գազի գնի վերանայման հարցի քննարկումների ժամանակ բազմաթիվ անգամներ հարց է բարձրացվել, թե ինչ գնահատականներ կամ վերլուծություններ կան տնտեսության վրա թանկացման ազդեցության վերաբերյալ։ Պաշտոնական որևէ կառույց այպես էլ չարձագանքեց։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համարում է, որ ազդեցությունները պետք է Էկոնոմիկայի նախարարությունը գնահատատի։
Դեռևս գազի թանկացման քննարկումների ժամանակ, երբ ՀԾԿՀ-ն չէր հրապարակել վերջնական որոշումը, դիմեցինք Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու արդյոք գնահատվե՞լ է գազի հնարավոր թանկացման ազդեցությունը տնտեսության վրա, սակայն նախարարությունից հրաժարվեցին որևէ գնահատական տալ։
Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am