Չնայած, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է գրանցել նոր անկումներ, որոշ ընկերությունների հաջողվել է ոչ միայն պահպանել վաճառքների նախկին մակարդակը, այլև մեծացնել սեփական շահույթը․․.
Դեռ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը հասել է պանդեմիայի մասշտաբների։ Այդ ժամանակ հայտնաբերվել էր վիրուսի վարակման 124 հազար դեպք աշխարհի 114 երկրներում։ 5 ամիսների ընթացքում թվերը դրամատիկորեն փոխվեցին, օգոստոսի 9-ի դրությամբ գրանցվել է վարակման ավելի քան 19 մլն դեպք, որոնցից շուրջ 730 հազարը մահացել է վարակից։ Հիվանդության երկրաչափական տարածումը կանխելու համար կառավարությունները դիմեցին խիստ քայլերի։ Չինաստանի օրինակին հետևելով՝ աշխարհի երկրների մեծ մասը հայտարարեց կարանտին և սահմանափակեց քաղաքացիների տեղաշարժը։ Ձեռնարկությունները զանգվածային կերպով կանգնեցրեցին իրենց գործունեությունը, իսկ աշխատողների մեծ մասը կամ կորցրել է աշխատանքը, կամ անցել է հեռավար աշխատանքի։ Ընդհանուր առմամբ սահմանափակումներն ազդեցին Երկրի բնակչության մեծ մասի վրա։
Գլոբալ կարանտինը չնայած որ կարող է փրկել հարյուր հազարավոր կյանքեր, սակայն շատ թանկ է նստում տնտեսության վրա։ Լուրջ վնասներ են կրել առևտուրը, տրանսպորտը, տուրիզմը և ծառայությունների ոլորտը։ Սահմանների փակման պատճառով կասեցվել են հազարավոր թռիչքներ և ավիաընկերությունները ստիպված են լինում հետ վերադարձնել հաճախորդների վճարած գումարները։ Մի շարք կանխատեսումների համաձայն՝ ավիափոխադրողների մեծ մասը կսնանկանա մեկ ամսվա ընթացքում, եթե չստանա պետական աջակցություն։ Հարվածի տակ են նաև ռեստորանային բիզնեսը, սպորտը և զվարճանքների ոլորտը։ Զանգվածաբար տեղափոխվում են ֆիլմերի նկարահանումները, ցուցադրությունները, համերգները, սպորտային առաջնությունները։
Արժույթի միջազգային հիմնադրամը արդեն նշել է, որ այս տարին լինելու է ամենաբարդ ճգնաժամը սկսած Մեծ դեպրեսիայի ժամանակներից։ Մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում՝ Համաշխարհային բանկը անընդհատ թարմացնում է համաշխարհային տնտեսության վերաբերյալ կանխատեսումները՝ ավելի և ավելի նվազեցնելով երկրների տնտեսական աճի ցուցանիշները։ Սակայն տնտեսության որոշ ճյուղեր կարողանում են ոչ միայն խուսափել ճգնաժամից, այլև միլիարդներ աշխատել՝ հարմարվելով շուկայական նոր իրավիճակին։
Ճգնաժամի պայմաններում ամենամեծ օգուտներ ստացած ընկերություններից են տեսակոնֆերանսների ծառայություններ մատուցող կազմակերպությունները և հատկապես Zoom-ը։ Ընկերությունը թույլ է տալիս մեծ թվով անձանց միաժամանակ կապ հաստատել միմյանց հետ տեսազանգով, ինչի շնորհիվ ներկա պայմաններում Zoom-ի ծառայություններից օգտվում են համալսարանները, բիզնեսները և ուսումնական հաստատությունները։ Կարանտինի պայմաններում մեծ թվով մարդկանց համար այս տեսակի ծառայությունները հնարավորություն են տալիս գոնե որոշակի եկամուտներ ապահովել։ Օրինակ, Zoom-ը սկսել են օգտագործել միկրոբիզնեսի ներկայացուցիչները և ինքնազբաղվածները՝ հոգեբանները, գիդերը, դասախոսները, յոգայի ուսուցիչները։ Աճող պահանջարկը թույլ տվեց Zoom-ին անհատական ռեկորդներ սահմանել այն օրերին, երբ Dow Jones-ի ինդեքսը գրանցում էր վատագույն անկումներից մեկը սկսած 1987 թվականից։
Ծրագրի ներբեռնումների քանակը կորոնավիրուսային համավարակի առաջին երեք ամիսների ընթացքում աճեց երկու անգամ։ Նմանատիպ երևույթ տեղի է ունեցել նաև բաժնետոմսերի գնի հետ։ Եթե հունվարին Zoom-ի բաժնետոմսի գինը կազմում էր 68 դոլար, ապա օգոստոսի 7-ի տվյալներով այն աճել է մինչև 268 դոլար։ Ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 72 մլրդ դոլարը։ Zoom-ին չխանգարեցին նաև անվտանգության հետ կապված խնդիրները, երբ որոշ տեսանյութեր հայտնվեցին համացանցում։
Zoom-ի նկատմամբ պահանջարկը ծրագրի հիմնադիր Էրիկ Յուանին դուրս բերեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակ։ 2020 թվականին նա առաջին անգամ մտավ Forbes-ի կողմից թողարկվող միլիարդատերերի ցուցակի մեջ։ Օգոստոսի 9-ի տվյալներով նա զբաղեցնում է 293-րդ տեղը ամենահարուստ մարդկանց ցուցակում իր 11,5 մլրդ դոլար կարողությամբ։
Եվս մեկ ճյուղ, որի համար լուրջ հրում հանդիսացավ համավարակը, դարձավ օնլայն զվարճանքների ոլորտը։ Կարանտինի հայտարարման պայմաններում մարդիկ սկսեցին ավելի ակտիվ օգտվել ֆիլմեր և սերիալներ նայելու, երգեր լսելու և վիդեոխաղեր խաղալու ծառայություններից։ Ամենաշատ օգուտներ ստացած կազմակերպությունների ցանկում են Netflix-ը և Youtube-ը։ Համավարակի առաջին ամիսներին օգտատերերի ներհոսքը այնքան մեծ էր, որ օնլայն ծառայություններ մատուցող այդ հսկա ընկերությունները ստիպված ժամանակավորապես իջեցրեցին տեսանյութերի, ֆիլմերի և սերիալների հեռարձակման որակը։ Նրանց ծառայությունների նկատմամբ պահանջարկը բերեց նաև բաժնետոմսերի գնի աճին։ Netflix-ի դեպքում բաժնետոմսի գները աճեցին 52,9 տոկոսով՝ սկսած հունվարից։ Իսկ Alphabet-ի բաժնետոմսերը, որի մեջ են մտնում Google-ը և Youtube-ը, նույն ժամանակահատվածում աճեցին 11,7 տոկոսով։
Պարտադրված կարանտինի շնորհիվ աճ ցուցադրեցին ոչ միայն տեսածառայություններ մատուցող ընկերությունները, այլև համակարգչային խաղերի ոլորտը, որը վերապրում է իրական թռիչք։ Verizon հեռահաղորդակցության ընկերության տվյալների համաձայն միայն մարտ ամսում խաղային հարթակներից օգտվողների թիվը աճել է 75 տոկոսով։ Համեմատության համար նույն ժամանակահատվածում ֆիլմերի դիտումները աճել են 32 տոկոսով, իսկ տեսանյութերինը՝ 36 տոկոսով։ Հնարավոր է, որ խաղային ոլորտի այսպիսի աճին նպաստել է նաև ԱՀԿ-ն, որը դեռ ապրիլի սկզբին հայտարարել էր, որ վիդեոխաղերը նպաստում են համավարակի տարածման կանխարգելմանը, քանի որ ստիպում են մարդկանց մնալ տանը։ Սա անսպասելի քայլ էր, քանի որ մեկ տարի առաջ ԱՀԿ-ն վիդեոխաղերից կախվածությունը որակել էր որպես հիվանդություն։
Անկասկած համավարակից օգուտներ քաղած կազմակերպություններից են դեղագործական ընկերությունները։ Ցանկացած համավարակի պայմաններում հիվանդությունից բուժման դեղատոմսը դառնում է թեմա համար մեկ, ինչի պատճառով ճգնաժամը խոչընդոտ չէ այս կազմակերպություններ համար։ Օրինակ, Gilead Science դեղագործական ընկերության բաժնետոմսերը աճեցին նրանց նոր remdesivir դեղատոմսի թեստավորման հայտարարության ֆոնին։ Ապրիլի վերջերին հայտնի դարձավ, որ այդ դեղատոմսը բավական արդյունավետ է ծանր հիվանդների շրջանում, ինչի հետևանքով ընկերության բաժնետոմսերի գինը հասավ 84 դոլարի։ Ընկերության մրցակցի՝ Inovio Pharmaceuticals-ի բաժնետոմսերը նույնպես աճեցին, երբ ընկերությունը հայտարարեց իր նոր դեղատոմսի թեստավորման մասին։ Տարվա սկզբից Inovio-ի բաժնետոմսերը աճեցին ավելի քան 500 տոկոսով։
Համավարակից օգուտներ ստացան նաև բիոտեխնոլոգիական ընկերությունները և առցանց-խանութները։ Առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկի աճի ֆոնին աճեցին այնպիսի ընկերությունների վաճառքները, ինչպիսին է ամերիկյան ախտահանիչ անձեռոցիկների և մաքրման միջոցներ արտադրող Clorox-ը։ Ավելին, կորոնավիրուսը ուղղակիորեն փրկեց ընկերությանը, որը մի քանի տարի գտնվում էր բարդ վիճակում՝ մրցակիցների հետ պայքարելու հետևանքով։ Սակայն համավարակի սկսվելուց հետո ընկերության բաժնետոմսերը աճեցին շուրջ 35 տոկոսով՝ առաջին անգամ վերջին 50 տարիների ընթացքում։
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը
Առցանց խանութներից հատկապես նկատելի է ամերիկյան Amazon-ը։ Այն ժամանակ, երբ բիզնեսների մեծ մասը վերապրում է ճգնաժամային իրավիճակը, ազատվում է իր աշխատակիցներից կամ ուղարկում է նրանց չվճարվող արձակուրդ, Amazon-ը աշխատանքի է հրավիրում նոր մարդկանց առցանց պատվերների թվի ավելացման պատճառով։ Ընկերությունը դեռևս մարտ ամսին հայտարարեց 100 հազար նոր թափուր աշխատատեղերի մասին։ Բացի դրանից բարձր ծանրաբեռնվածության հետևանքով Amazon-ը բարձրացրեց որոշ կատեգորիաների աշխատակիցների աշխատավարձերը։
Amazon-ի հաջողությունը թույլ տվեց նրա հիմնադիր Ջեֆ Բեզոսին, որը 2020 թվականին հերթական անգամ ճանաչվեց աշխարհի ամենահարուստ մարդը, հաջողությամբ դիմակայել շուկայական անկմանը և ժամանակավորապես դառնալ միակ մարդը, որի կարողությունը գնահատվում է ավելի քան 100 մլրդ դոլար։ Forbes-ի տվյալների համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում է 189,8 մլրդ դոլար։ Մոտակա մրցակիցները շատ հեռու են․ Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 113,6 մլրդ դոլար, իսկ Բեռնար Առնոյի (Louis Vuitton) կարողությունը՝ 106,6 մլրդ դոլար։
Տեխնոլոգիական և վիդեոծառայություններ մատուցող ընկերությունների թռիչքը համավարակի պայմաններում ցույց տվեց համաշխարհային տնտեսության լուրջ տեղաշարժը իրական աշխարհից դեպի թվայինը։ 2020 թվականը ընդմիշտ փոխեց սպառողական սովորությունները և բիզնեսի վարման մեթոդները ամբողջ աշխարհում։ Հեռահարին անցման փորձարկումները չնայած բիզնեսի և ուսումնական հաստատությունների համար մեծ փորձություններ էին, այդ ոլորտ բերեցին նաև մի շարք արդյունավետ լուծումներ, որոնք, շատ հավանական է, կմնան հետհամավարակային շրջանում։ Դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե որքան երկար կտևի ճգնաժամային իրավիճակը, սակայն կարելի է ասել, որ կորոնավիրուսը հիմնովին փոխեց Երկիր մոլորակի տնտեսական լանդշաֆտը։