Առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերը ցուցակվել են նաև արտասահմանյան ֆոնդային բորսայում՝ Մոսկվայի բորսայում (MOEX): Յունիբանկի 5,25% եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ISIN – AMUNIBB2AER2) փոխցուցակումն անցել են Մոսկվայի բորսայի երրորդ հարթակ։
Կարևորելով Յունիբանկի պարտատոմսերի ցուցակումը Մոսկվայի բորսայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց․ «Սա պատմական իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար։ Առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերը ցուցակվում են նաև արտասահմանյան բորսայում։ Եվրասիական տնտեսական միությունում 2025թ․-ին նախատեսվող միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանն ընդառաջ Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կապիտալի շուկայի շահագրգիռ մասնակիցների հետ ակտիվ համագործակցության արդյունքում ստեղծել են հնարավորություն՝ մեծացնելու թողարկող ընկերությունների միջազգային ճանաչումը, արժեթղթերի շրջանառությունը, փոխցուցակման (cross listing) միջոցով ներգրավելու ներդրումներ ռուսական շուկայից։ Հուսով ենք, որ այս հնարավորությունից կօգտվեն Հայաստանի ֆոնդային բորսայի մյուս անդամները նույնպես»։
Պարտատոմսերի առաջնային ցուցակումը կատարվել էր Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) 2019-ի դեկտեմբերի 23-ին: Հայաստանում Յունիբանկի այս պարտատոմսերի շուկա ստեղծողը «Արմենբրոկ» ԲԲԸ-ն է, իսկ Ռուսաստանում՝ «Ջի Էքս Թու Ինվեստ» (GX2 Invest) ընկերությունը։