Լյուդվիգ ֆոն Միզես
Նյութն արտատպված է Ֆրիդրիկ Նաոմանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից տպագրված «Ազատականության հիմունքները» գրքից
Այն ժամանակաշրջանում, երբ ազատականության գաղափարները գրեթե ամբողջությամբ մոռացության էին մատնվել գերմանախոս երկրներում, Լյուդվիգ Ֆոն Միզեսը (1881-1973) իր «Ազատականություն» գրքով (1927թ.) նրանց արդարացնելու հազվագյուտ համարձակ փորձերից մեկը ձեռնարկեց: Իր մտածողության ծայրահեղ անհատապաշտական ու հակաէտատիստական ուղղվածության շնորհիվ Ֆոն Միզեսը բազմաթիվ կողմնակիցներ ձեռք բերեց ԱՄՆ-ում, ուր արտագաղթել էր նացիստական տիրապետության տակ գտնվող Ավստրիայից:
Ազատականությունը
18-րդ դարի և 19-րդ դարի սկզբի փիլիսոփաները, սոցիոլոգներն ու ազգային տնտեսագետները մշակել են քաղաքական մի ծրագիր, որը սկզբում Անգլիայում և Միացյալ Նահանգներում, ապա նաև եվրոպական աշխարհամասում, և վերջապես, բնակեցված նաև այլ մասերում քիչ թե շատ դարձավ գործնական քաղաքականության ուղեցույց: Այդ ծրագիրը ոչ մի տեղ և երբեք լրիվ չի իրականացվել: Անգամ Անգլիայում, որը համարում են ազատականության հայրենիքն ու օրինակելի ազատական երկիր, երբեք չի հաջողվել իրականացնել ազատականության բոլոր պահանջները: Մնացած երկրներում, ամբողջությամբ ընդունվել են ազատական ծրագրի միայն առանձին մասերը, իսկ մյուս, ոչ պակաս կարևոր մասերը կա՛մ հենց սկզբից մերժվել են, կա՛մ էլ կարճ ժամանակ անց հերքվել: Այնպես, որ միայն որոշ չափազանցությամբ կարելի է ասել, որ աշխարհը մի անգամ արդեն ապրել է ազատական դարաշրջան: Ազատականությանը երբեք չի հաջողվել հասնել լիակատար ազդեցության:
Այնուամենայնիվ, ազատական գաղափարների չափազանց կարճատև ու սահմանափակ իշխանությունը բավարար էր երկրագնդի դեմքը փոխելու համար: Սկսվեց հոյակապ տնտեսական զարգացում: Մարդու, արտադրական ուժերի շղթայազերծումը բազմապատկեց կենսագործունեության կենսամիջոցների քանակը: Համաշխարհային պատերազմի նախօրեին, պատերազմ, որը հենց ազատական ոգու դեմ տարիներ շարունակ մղած սուր պայքարի հետևանքն էր, և որով սկսվեց ազատական սկզբունքների դեմ ավելի սուր պայքարի մի ժամանակաշրջան, աշխարհն անհամեմատ ավելի խիտ էր բնակեցված, քան երբևէ, իսկ նրա բնակիչներից յուրաքանչյուրը ապրելու անհամեմատ ավելի լավ պայմաններ ուներ, քան դա երբևէ հնարավոր է եղել անցած հարյուրամյակներում: Այն բարեկեցությունը, որը ստեղծել էր ազատականությունը, զգալի չափով նվազեցրեց մանկական մահացությունը, որը անցած հարյուրամյակներում անխնա կյանքեր էր խլել, և կենսապայմանների բարելավման շնորհիվ երկարացրեց կյանքի միջին տևողությունը:
Ազատականության նպատակը
Լայն տարածում է գտել այն կարծիքը, թե ազատականությունը մյուս քաղաքական ուղղություններից տարբերվում է նրանով, որ հասարակության մի հատվածի’ ունևորների, կապիտալիստների, ձեռնարկատերերի շահերը վեր է դասում մյուս շերտերի շահերից ու նրանց է պաշտպանում: Այս պնդումը բացարձակ սխալ է, ազատականությունը միշտ աչքի առաջ է ունեցել ամբողջի և ոչ թե ինչ-որ մի հատուկ խմբի բարօրությունը: Դա պիտի արտահայտեր անգլիացի ուտիլիտարականների հռչակավոր ձևակերպումը. «Մեծագույն երջանկությունը` մեծագույն քանակությանը», ճիշտ է` այս ձևակերպումն այնքան էլ հաջողված չէ: Պատմականորեն, ազատականությունն առաջին քաղաքական ուղղությունն էր, որն ուզում էր ծառայել բոլորի և ոչ թե հատուկ շերտերի բարօրությանը: Սոցիալիզմից, որը նույնպես պնդում է, թե ձգտում է բոլորի բարօրությանը, ազատականությունը տարբերվում է ոչ թե իր առջև դրված նպատակով, այլ այն միջոցներով, որոնք ընտրում է այդ նպատակին հասնելու համար:
Եթե ոմանք պնդում են, թե ազատական քաղաքականության նպատակն է կամ պետք է լինի հասարակության որոշակի շերտերի հատուկ շահերի հովանավորումը, ապա դա մի հարց է, որի մասին կարելի է խոսել: Ազատական ծրագրի մեր այս նկարագրության խնդիրներից է ցույց տալ, որ այս մեղադրանքը բացարձակապես արդարացված չէ: Սակայն չի կարելի հենց այնպես ասել, որ այս մեղադրանքը ներկայացողները անբարյացակամ են ազատականության նկատմամբ: Կարող է պատահել, որ նրանք, իրոք համոզված են իրենց (մեր կարծիքով’ սխալ) պնդման ճշմարտացիության մեջ: Համենայնդեպս նրանք, ովքեր այդ ձևով հանդես են գալիս ազատականության դեմ, խոստովանում են, որ ազատականության մտադրություններն ազնիվ են, և որ նա միայն այն է ուզում, ինչը և ասում է, որ ուզում է:
Բոլորովին այլ մոտեցում ունեն ազատականության այն քննադատները, որոնք ազատականությանը մեղադրում են այն բանում, թե նա ուզում է ծառայել ոչ թե հանրությանը, այլ առանձին շերտերի հատուկ շահերին: Նրանք անբարյացակամ են ու միաժամանակ անտեղյակ: Ընտրելով պայքարի այս եղանակը, նրանք ցույց են տալիս, որ ներքուստ շատ լավ էլ գիտակցում են իրենց սեփական գործի թուլությունը: Նրանք դիմում են թունավորված զենքի, որովհետև այլ եղանակով հաջողության հասնելու հույս չունեն:
Եթե իր համար վնասակար կերակուր պահանջող հիվանդին բժիշկը ցույց է տալիս, թե որքան սխալ է նրա ցանկությունը, ոչ ոք այնքան խենթ չի լինի, որ ասի. «Բժիշկին չի հետաքրքրում հիվանդի բարօրությունը: Ով հիվանդի բարին է ուզում, չի զրկի նրան համեղ կերակուր ուտելուց»: Յուրաքանչյուր ոք կհասկանա, որ բժիշկը հիվանդին խորհուրդ է տալիս հրաժարվել վնասակար կերակուր ուտելու հաճույքից, իր մարմնին վնաս չպատճառելու համար: Մինչդեռ հասարակական կյանքում ուզում են այլ կերպ լինի: Եթե ազատականը խորհուրդ չի տալիս իրականացանել ժողովրդականություն վայելող որոշակի միջոցառումներ, որովհետև դրանցից վնասակար հետևանքներ է ակնկալում, ապա նրան համարում են ժողովրդի թշնամի և գովաբանում են այն ամբոխավարին, ով, առանց հաշվի առնելու հետագա վնասակար հետևանքները, խորհուրդ է տալիս այն, ինչ այդ պահին օգտակար է թվում:
Խելամիտ գործելակերպը ոչ խելամիտից տարբերվում է նրանով, որ ժամանակավոր զոհաբերություն է կատարվում: Այդ ժամանակավոր զոհաբերությունները միայն թվացյալ զոհաբերություններ են, քանի որ արդարացված են հետագա հաջողությամբ: Նա, ով խուսափում է համեղ, բայց վնասակար կերակուրից, միայն ժամանակավոր ու թվացյալ զոհաբերություն է կատարում: Հաջողությունը, այսինքն այն, ինչ վնաս չի պատճառում, ցույց է տալիս, որ նա ոչ թե կորցրել, այլ շահել է: Սակայն այդպես գործելու համար հարկավոր է գիտակցել սեփական գործողությունների հետևանքները: Դրանից է օգտվում ամբոխավարը: Նա դուրս է գալիս ժամանակավոր և թվացյալ զոհաբերություն պահանջող ազատականի դեմ, հանդիմանում է նրան քարսիրտ ու ժողովրդի թշնամի լինելու համար: Ամբոխավարն ինքն իրեն փառաբանում է որպես մարդկանց և ժողովրդի բարեկամ: Նա գիտի ունկնդիրների սրտերը շարժել և նրանց աչքերից արցունք քամել, երբ իր առաջարկություններն անելիս, հիշեցնում է նրանց կարիքի և թշնամության մասին:
Հակաազատական քաղաքականության կապիտալը սպառող քաղաքականություն է: Նա առաջարկում է ներկան ապագայի հաշվին ավելի առատորեն ապահովել: Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում այստեղ ներկայացրած հիվանդի դեպքում: Երկու դեպքում էլ ներկա պահին առատորեն վայելելու դիմաց ապագայում ծանր վիճակ է տիրելու: Եթե այս երկընտրանքն աչքի առաջ ունենալով, ասում են, թե այստեղ քարսրտությանը հակադրվում է մարդասիրությունը, ապա անազնիվ ու կեղծ կեցվածք են ընդունում: Մեր այս հանդիմանությունն ուղղված է ոչ միայն առօրյայի քաղաքական գործիչների ու հակաազատական կուսակցությունների մամուլի դեմ: Պայքարի այս անազնիվ եղանակից օգտվում են գրեթե բոլոր «սոցիալ-քաղաքական» գրողները:
Այն որ աշխարհում կարիք ու թշվառություն կա, փաստարկ չէ ազատականության դեմ, ինչպես պատրաստ է ենթադրել սահմանափակ միջին թերթ կարդացողը: Չէ՞ որ ազատականությունը հենց կարիքն ու թշվառությունն է ուզում վերացնել. իր առաջարկած միջոցները նա համարում է միակ պիտանին այդ նպատակին հասնելու համար: Նա, ով կարծում է ավելի լավ կամ առհասարակ մեկ այլ ճանապարհ գիտի, թող ապացուցի այդ: Սակայն այն պնդումը, թե ազատականները ձգտում են ոչ թե հասարակության բոլոր անդամների, այլ միայն մի հատուկ խմբի բարօրությանը, այդ ապացուցմանը բնավ էլ չի փոխարինում:
Այն փաստը, որ կարիք ու թշվառություն գոյություն ունի, ապացույց չէր լինի ազատականության դեմ, անգամ եթե աշխարհն այսօր ապրեր ազատական քաղաքականության կանոններով: Միևնույն է, անպատասխան կմնար այն հարցը, թե այլ քաղաքականություն վարելու դեպքում ավելի շատ կարիք ու թշվառություն արդյոք չէ՞ր իշխի աշխարհում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հակաազատական քաղաքականության պատճառով ամենուր խոչընդոտվում և խանգարվում է մասնավոր սեփականության ստեղծումը, իհարկե, միանգամայն սխալ կլիներ’ ելնելով այն բանից, որ ներկայումս ամեն ինչ այնպես չէ, ինչպես կուզենայինք, որ լիներ, ինչ-որ եզրակացություններ անել ազատական սկզբունքների դեմ: Թե ինչ նվաճումներ են ունեցել ազատականությունն ու կապիտալիզմը, հասկանալի է դառնում, երբ ներկան համեմատում ես Միջնադարում կամ Նոր ժամանակի առաջին հարյուրամյակներում տիրող պայմանների հետ: Թե ինչ նվաճումներ կարող էին ունենալ, եթե նրանց չխանգարեին, կարելի է միայն տեսականորեն ենթադրել: