2020 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 613.8 մլրդ դրամ, ծախսերը` 639.4 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 25.6 մլրդ դրամ։ Ցուցանիշները շեղված են ծրագրից։
Հայաստանի տնտեսության համար այս ծանր օրերին շատ է խոսվում բյուջեից հատկացվող կապիտալ ծախսերը ժամանակին ու արդյունավետ կատարելու կարևորության մասին։ Ամեն տարի պետական բյուջեն պլանավորելիս կառավարությունը նախատեսում է ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ ծախսեր, որոնց հաշվին պետք է ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ ու պետության համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքային միավորներ կառուցվեն կամ նորոգվեն։ Բացի այն, որ դրանց միջոցով փող է հոսում տնտեսություն, կապիտալ ծախսերը շատ կարևոր են նաև աշխատատեղերի ապահովման հարցում։
Սակայն, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի կառավարությունն՝ ի դեմս պետական գերատեսչությունների, թերանում է այդ ծախսերում։ Ծախսերը ծրագրվածից քիչ են կատարվում։ Ընդ որում՝ սխալ է դա պայմանավորել միայն կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներով, քանի որ Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությունները ցույց են տալիս, որ ծախսերը թերակատարվել են նաև առաջին եռամսյակում, երբ տնտեսության վիճակն այսքան սրված չէր։
Նույն հաշվետվությունները նաև ցույց են տալիս, որ բյուջեի եկամուտների մասով ևս խնդիրներ կան, որը սակայն սկսվել է ապրիլից՝ բիզնեսի կրած կորուստներին զուգահեռ։ Իսկ առաջին եռամսյակում հարկերը գերակատարվել են։
Բյուջեի եկամուտները. անկում՝ ապրիլից սկսած
2020 թվականի առաջին հինգ ամիսներին՝ հունվար-մայիսին, Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել 613.8 մլրդ դրամ։ Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, այս գումարից 583.6 մլրդ դրամը հավաքագրված հարկային եկամուտներն և պետական տուրքերն են, մնացածը պաշտոնական դրամաշնորհներն են ու այլ եկամուտները։
2019 թվականի հունվար-մայիս ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 0.9%‑ով կամ 5.2 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների աճով:
Մասնավորապես, հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 2.2%‑ով կամ 12.5 մլրդ դրամով:
Հարկային եկամուտների մասին գրելու առիթ արդեն ունեցել ենք։ Երբ հարկերը դիտարկում ենք ըստ ամիսների, պարզ է դառնում, որ չնայած հունվար-մայիսի կտրվածքով ընդհանուր աճ ունենք, սակայն ապրիլ և մայիսին ամիսներին հավաքագրված հարկերը նվազել են։ Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել այս տարվա մարտի 16-ից։ Արդեն մարտի երկրորդ կեսից սկսած՝ բիզնեսը վնասներ է կրում։ Այդ վնասներն ավելի են մեծացել ապրիլին ու մայիսին։
Ինչ վերաբերում է առաջին եռամսյակին առանձին վերցրած, ապա ըստ Ֆինանսների նախարարության՝ 2020 թվականի առաջին եռամսյակում ստացվել են շուրջ 370.3 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 2.1%‑ով գերակատարելով կառավարության եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը:
Իսկ կիսամյակի տվյալներով գերակատրման հավանականություն չկա։ Բյուջեի ճշտված պլանով ծրագրված է կիսամյակում հավաքագրել 818.4 մլրդ դրամ։ Հինգ ամսում, ինչպես նշեցինք, եկամուտները կազմել են 613.8 մլրդ դրամ։ Եվ միայն հունիսին՝ տնտեսական անկման պայմաններում, Պետական եկամուտների կոմիտեն չի կարող հավաքագրած լինել մոտ 204.6 մլրդ դրամ, որը կապահովեր պլանի ամբողջական կատարողական։ Նշենք, որ հունիսի տվյալները դեռևս հրապարակված չեն։
Կապիտալ ծախսերը մեծ տեմպերով թերակատարվում են
Բյուջեի ու տնտեսության համար որքան կարևոր է հարկերի հավաքագումը, նույնքան էլ՝ այդ հավաքված գումարները ժամանակին ու ճիշտ ծախսելը։ Տնտեսական աճի վրա ազդում են ինչպես բյուջեի ընթացիկ ծախսերը, այնպես էլ՝ կապիտալ։ Դրանք այն գումարներն են, որոնք պետք է հոսեն տնտեսություն, իսկ թերակատարումը ի վնաս տնտեսության է։
Բյուջեի ծախսերը բաժանվում են երկու խոշոր խմբի՝ ընթացիկ ծախսեր և կապիտալ ծախսեր։
Հիշեցնենք, որ ընթացիկ ծախսեր են, օրինակ, պետական հիմնարկների աշխատավարձերը, գնումները, պետական պարտքի սպասարկումը, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։ Իսկ կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներ են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն)։
Ու չնայած հունվար-մայիսին բյուջեի ծախսերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են, սակայն ըստ բյուջեի հիմքում եղած ծրագրի՝ դրանց աճը պետք է շատ ավելի մեծ լիներ, հատկապես՝ կապիտալ ծախսերի մասով։
Բյուջեի թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը պլանավորվում են եռամսյակներով։ Եվ միայն եռամսյակն ամփոփելուց հետո է համեմատվում, թե ծրագիրը որքանով է կատարվել։ Այսօր դեռևս հրապարակված չեն երկրորդ եռամսյակի ցուցանիշները, որոնցով կամփոփվեր առաջին կիսամյակը, սակայն տարվա հինգ ամիսների տվյաները արդեն իսկ ցույց են տալիս, որ այս տարի ևս կառավարությունը թերանում է ծախսերում։
Այսպես, ըստ Ֆինանսների նախարարության ներկայացրած ցուցանիշների՝ այս տարվա հունվար-մայիսին պետական բյուջեից ծախսվել է 639.4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսերն ավելացել են 19․8 %-ով կամ 105․5 մլրդ դրամով։
Սակայն, այդ աճն ավելի մեծ կլիներ, եթե թե՛ ընթացիկ, թե՛ հատկապես կապիտալ ծախսերը պլանավորվածի չափով կատարվեին։ Ընդհանուր, կիսամյակի համար պլանավորված ծախսերի ցուցանիշը 911.7 մլրդ դրամն է։
Ընթացիկ ծախսերը հունվար-մայիսին կազմել են 603․9 մլրդ դրամ՝ աճելով 16․5%-ով կամ 85․8 մլրդ դրամով: Նշված 603.9 մլրդ դրամը կազմում է վեց ամսվա ծախսերի ծրագրի 76․1%-ը։ Այսինքն՝ կառավարությունը պետք է միայն հունիսին կատարած լիներ ծախսերի մնացած 23.9%-ը, որը կազմում է 189.7 մլրդ դրամ, որպեսզի պլանն ամբողջությամբ կատարված համարվի։ Սակայն, քիչ հավանական է, որ մեկ ամսում կառավարությունն այդքան ծախս արած կլինի։ Դա պարզ կլինի, երբ Ֆինանսների նախարարությունը հրապարակի կիսամյակի ամբողջական ցուցանիշները։
Հավանականությունը գրեթե զրո է, որ կառավարությունը կապիտալ ծախսերին կիսամյակի ցուցանիշը ամբողջությամբ կատարած լինի։
Հինգ ամսում՝ հունվար-մայիսին, կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 36.3 մլրդ դրամ։ Մինչդեռ վեց ամսում դրանք պետք է կազմեին 118 մլրդ դրամ։ Այսինք ՝ հինգ ամսում կատարվել է կիսամյակի ծրագրի միայն 30.7%-ը։ Ու քանի որ միայն հունիսին մնացած 69.3%-ի՝ մոտ 82 մլրդ դրամի կապիտալ ծախս կատարելու հավանականությունը զրոյական է, հետևաբար՝ կիսամյակի տվյալներով կապիտալ ծախսերի զգալի թերակատարում ենք ունենալու։
Այնուամենայնիվ, Ֆինանսների նախարարությունը նաև արձանագրել է, որ նախորդ տարվա համեմատ, չնայած ծրագրի թերակատարմանը, կապիտալ ծախսերի ծավալն աճել է 2.3 անգամ կամ 20.3 մլրդ դրամով։
Այստեղ խնդիրն այն է, որ այդ ծախսերը պետք է շատ ավելի մեծ տեմպերով ու պոտենցիալով աճեին, հատկապես հիմա, երբ տնտեսությունը լուրջ խթանների կարիք ունի։
Նշենք, որ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են նաև առաջին եռամսյակում։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ընթացիկ ծախսերը թերակատարվել են 12.9%-ով, իսկ կապիտալ ծախսերը՝ 60.2%-ով։
Պակասուրդ. բյուջեի ճեղքվածքը
Քանի որ պլանավորված ծախսերն ավելի շատ են, քան ստացված եկամուտները, հետևաբար Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է։ Սպասվում էր, որ այս տարվա միայն առաջին եռամսյակում բյուջեի դեֆիցիտը կկազմի 93.4 մլրդ դրամ, սակայն հինգ ամիսներին այն կազմել է ընդամենը 25.6 մլրդ դրամ։ Այսինքն ՝ կիսամյակը կամփոփովի շատ ավելի փոքր դեֆիցիտով, քան նախատեսված էր։
Պատճառը պարզ է՝ հարկերի հավաքագրման մասով ապահովվել է համեմատաբար բարձր կատարողական, մինչդեռ ծախսերը թերակատարվել են։
Այս տարվա ապրիլի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ և, հետևաբար, ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է:
Ինչպես ցույց են տալիս այսօրվա տվյալները, Կառավարությունը դեռևս չի կարողանում արդյունավետորեն օգտագործել այդ «գործիքը»։
Վարչապետը նաև շեշտել է, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվել են։ Սակայն, ինչպես ցույց ենք տվել մեր նախորդ նյութերից մեկում, 2019 թվականն առանձնացել է կապիտալ ծախսերի մեծ թերակատմամբ։ Եվ իշխանություններն այդպես էլ թերակատարման վերաբերյալ հստակ ու համոզիչ պարզաբանումներ չեն հնչեցրել։
Նյութի սկզբնաղբյուրը՝ hetq.am